Armenian      
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.10.2025

Հոդված 1.  2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կողմի վճարած վարձատրության գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «հոդվածով» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով» բառերով.

2) 7.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչեւ դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով:».

3) 8-րդ մասը «արտադատական կարգ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մինչեւ դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքի» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 137.1-ին հոդվածով

«Հոդված 137.1. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում

1. Մինչեւ դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս հարուցվելիք հայցի հայցագնի, իսկ ոչ դրամական պահանջների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի առնվազն հինգհարյուրապատիկի չափով պարտապանի հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու փաստը հավաստող փաստաթուղթ չի ներկայացնում:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը պարտավոր է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում սկսել հաշտարարության գործընթաց եւ նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, դատարան ներկայացնել հաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ:

4. Դատարանն իր նախաձեռնությամբ եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ`

1) դիմողը սահմանված ժամկետում չի ներկայացնում hաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ.

2) դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում չի ներկայացնում հաշտարարությունն ավարտելու մասին ապացույց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ՝

1) առկա է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը.

2) առանց հաշտության համաձայնության կնքման հաշտարարությունն ավարտվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմողը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացնում հայցադիմում ընդդեմ պարտապանի՝ դիմումում նշված պահանջով.

3) ներկայացվել է հաշտարարությունը հաշտության համաձայնության կնքմամբ ավարտելու մասին ապացույց:

6. Դատարանը կարող է դիմողի միջնորդությամբ մինչեւ մեկ ամիս ժամկետով երկարաձգել սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետը ոչ ավելի, քան մեկ անգամ, եթե հաշտարարությունը չի ավարտվել դիմողի կամքից անկախ հանգամանքներում, եւ առկա է հաշտարարությունը դիմողի կամքից անկախ հանգամանքներում ավարտված չլինելու վերաբերյալ հաշտարարի գրավոր դիրքորոշումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասը «որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտության համաձայնության կնքման դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով.

2) 4-րդ մասը  «արտոնագրված հաշտարարի», «գործընթաց սկսելիս հաշտարարի»  եւ «մեկօրյա ժամկետում հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով, իսկ «առաջարկ չներկայացվելու» բառերից հետո՝  «, կողմերի միջեւ համաձայնության բացակայության» բառերով.

3) 5-րդ մասը «կողմից հաշտարարի» եւ «արտոնագրված հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով, իսկ «համաձայնությամբ հաշտարար» եւ «որոշում է կայացնում հաշտարար» բառերից հետո՝ «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ եւ պայմաններ հայցի առարկայի եւ հիմքի շրջանակից դուրս:»:

Հոդված 7. Օրենսգրքի 187-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Եթե կողմերը նախընտրել են հաշտարարությունն իրականացնել մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով, ապա այդ հաշտարարական հաստատությանը վճարված այլ ծախսերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ կամ հաստատության կանոններով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 288-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով,

բ. «դիմելու իր բնակության» բառերից հետո լրացնել «(գտնվելու)» բառով.

2)     լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն դիմելու Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 290-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ  եւ 4-րդ մասերով.

«3. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողին մատնանշել հաշտության համաձայնության հաստատումը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք կողմը պարտավոր է շտկել ծանուցումն ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Կողմերի պատճառաբանված միջնորդությամբ դատարանի սահմանած ժամկետը կարող է երկարաձգվել:

4. Դատարանը վճիռ է կայացնում փոփոխված հաշտության համաձայնությունն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու:»:

Հոդված 10. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով հաշտության համաձայնության տեքստը չի հրապարակվում:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.11.2025
Երեւան
ՀՕ-361-Ն