Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2001

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերեւութաբանական գործունեությունը, սահմանում է հիդրոօդերեւութաբանական գործունեության իրավական հիմքերը եւ նպատակաուղղված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
 
 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակները

Սույն օրենքի նպատակներն են՝

ա) հիդրոօդերեւութաբանական գործունեությանը ներկայացվող օրենսդրական պահանջների սահմանումը.

բ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման եւ օգտագործման բնագավառում շուկայական հարաբերությունների ձեւավորման համար համապատասխան պայմանների ստեղծումը.

գ) միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցի կազմում ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի համաձայնեցված եւ արդյունավետ գործունեության իրավական ապահովումը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

օդերեւութաբանություն՝ գիտություն, որն ուսումնասիրում է մթնոլորտի բաղադրությունն ու կառուցվածքը, քիմիական, կենսաբանական եւ ֆիզիկական հատկությունները եւ փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոլոգիա՝ գիտություն, որն ուսումնասիրում է երկրի վրա ջրերի ձեւավորումն ու տարածումը, ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ դրանց դրսեւորումը, բաշխումը, շրջանառությունը, քիմիական, կենսաբանական, ֆիզիկական հատկությունները եւ փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոօդերեւութաբանական երեւույթներ՝ հիդրոօդերեւութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի եւ ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ եւ ծախս, հորդացում, սառցակալում եւ այլն) առանձին ձեւերի արտահայտություններ, որոնք բնորոշում են եղանակի վիճակը եւ ջրային օբյեկտների ռեժիմը.

հիդրոօդերեւութաբանական պրոցեսներ՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների հետեւողական զարգացումը ժամանակի ընթացքում եւ տարածության մեջ, որոնք բնորոշում են մթնոլորտի եւ ջրոլորտի վիճակը.

հիդրոօդերեւութաբանական ծառայություն՝ կազմակերպչական եւ տեխնոլոգիապես փոխկապակցված ձեռնարկությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն, որն ապահովում է համալիր աշխատանքների կատարումը հիդրոօդերեւութաբանության բնագավառում, ներառյալ՝ կլիմատոլոգիան, ագրոօդերեւութաբանությունը, լիմնոլոգիան, հիդրոօդերեւութաբանական երեւույթների, այդ թվում՝ իոնոլորտի եւ մերձերկրյա տիեզերական տարածության մոնիթորինգը, հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

հիդրոօդերեւութաբանական գործունեություն ՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթնե-րի եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման՝ դիտարկման, հավաքման, մշակման, վերլուծման, պահպանման եւ օգտագործման գործընթաց.

ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող պետական, գերատեսչական եւ այլ կազմակերպությունների ու ծառայությունների ամբողջություն.

միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանց՝ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող տեխնոլոգիապես փոխկապակցված ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգերի ամբողջություն.

հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումներ՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների գործիքային չափումներ եւ ակնադիտարկումներ՝ օդերեւութաբանական, կլիմայական, աերոլոգիական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերեւութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական եւ մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում՝ ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերը.

դիտարկումների ցանց՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների անշարժ եւ շարժական օբյեկտների համակարգը.

հիդրոօդերեւութաբանական երեւույթների մոնիթորինգ՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների մշտական դիտարկումների գնահատման եւ կանխատեսման համակարգ.

տեղեկատվություն հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների մասին՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների հիման վրա ստացված տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվական արտադրանք՝ վերլուծությամբ եւ մշակմամբ ստացված տեղեկություններ եւ կանխատեսումներ.

հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների մասին հույժ շտապ տեղեկատվություն ՝ տարերային երեւույթների եւ շրջակա միջավայրիաղտոտմանվտանգա-վոր մակարդակների վերաբերյալ փաստացի եւ կանխատեսվող տեղեկատվություն, որը սահմանված կարգով հաղորդվում է ստանալուց ու մշակելուց անմիջապես հետո.

հիդրոօդերեւութաբանական երեւույթների ու պրոցեսների մասին ընդհանուր նշանակության տեղեկատվություն՝ սահմանված կարգով ստացված, հավաքված եւ մշակված փաստացի եւ կանխատեսվող տեղեկատվություն.

հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների մասին մասնագիտացված տեղեկատվություն՝ սպառողի պահանջով ստացվող, մշակվող, վերլուծվող, պահպանվող եւ ներկայացվող նպատակային տեղեկատվություն, որի արտադրությունը պահանջում է լրացուցիչ աշխատանք եւ ծախսեր.

ազգային եւ միջազգային նշանակության հիդրոօդերեւութաբանական աշխատանքներ՝ համընդգրկուն (գլոբալ), ազգային կամ միջտարածաշրջանային կարեւորության աշխատանքներ եւ հետազոտություններ, ինչպես նաեւ տնտեսության զարգացման, բնակչության եւ պետության անվտանգության, տնտեսության եւ սոցիալական ոլորտի կայուն գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող աշխատանքներ եւ հետազոտություններ:

Հոդված 3. Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին օրենսդրությունը

Հիդրոօդերեւութաբանական գործունեության իրավական կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, հիդրոօդերեւութաբանության եւ դրան հարակից ոլորտներում գործող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

Մթնոլորտի եւ ջրոլորտի վիճակի մասին տեղեկությունների հավաքման, մշակման, պահպանման եւ տարածման կազմակերպական-տեխնիկական միջոցների օգտագործման ընթացքում ծագող գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

Ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի պետական կազմակերպություն-ներում եւ ծառայություններում ծառայողական զենքի ձեռքբերման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 4. Հիդրոօդերեւութաբանական գործունեության իրականացման սկզբունքները

Հիդրոօդերեւութաբանական գործունեությունն իրականացվում է՝

ա) հիդրոօդերեւութաբանական դիտարկումների համալիրության, ամբողջականության եւ անընդհատության սկզբունքով.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերեւութաբանական դիտարկումների կատարման, տեղեկատվության հավաքման, վերլուծման, ընդհանրացման, պահպանման եւ տարածման տեխնոլոգիական միասնության սկզբունքով.

գ) օդերեւութաբանական եւ մյուս երկրաֆիզիկական պրոցեսների վրա ակտիվ ներգործության գործընթացներում էկոլոգիական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության պահպանման եւ ապահովման սկզբունքով.

դ) միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցի գործունեության հետ ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի աշխատանքների համաձայնեցման եւ միասնականացման սկզբունքով.

ե) հիդրոօդերեւութաբանական երեւույթների փաստացի եւ սպասվելիք տվյալների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հրապարակայնության, հավաստիության եւ արդյունավետ օգտագործման սկզբունքով:

Հոդված 5. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները եւ սպառողները

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողներն են մասնագիտացված ազգային եւ օտարերկրյա հիդրոօդերեւութաբանական մարմիններն ու ծառայությունները:

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության սպառողներն են Հայաստանի Հանրապետության պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 6. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալտեղեկատվություն արտադրողների իրավունքները եւ պարտականությունները

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝

ա) գործունեություն իրականացնել իրենց հիմնադիր փաստաթղթերով, իսկ առանձին դեպքերում՝ լիցենզիաներով նախատեսված հիդրոօդերեւութաբանական երեւույթների վերաբերյալ.

բ) ստանալ վարձատրություն՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տրվող տեղեկատվության դիմաց.

գ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ գիտական եւ այլ գործունեության հեղինակային իրավունքների պաշտպանության.

դ) հրաժարվել սպառողներին հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, եթե սպառողները խախտել են տեղեկատվություն տրամադրելու պայմանները.

ե) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են՝

ա) հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, գործող մեթոդաբանության պահանջներին համապատասխան.

բ) պահպանել հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման եւ տրամադրման պայմանագրերի պայմանները.

գ) հաշվառել եւ սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրել կատարված հիդրոօդերեւութաբանական աշխատանքների վերաբերյալ.

դ) սպառողներին տրամադրել հիդրոօդերեւութաբանական բնույթի հավաստի տեղեկատվություն:

Հոդված 7. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսներիտեղեկատվության վերաբերյալ սպառողների իրավունքներն ու պարտականությունները

 Սպառողներն իրավունք ունեն՝

ա) տեղեկատվություն ստանալ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ՝ արտադրողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա.

բ) հրաժարվել հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունից՝ այդ տեղեկատվությունն արտադրողի կողմից պայմանագրերի, գործող օրենսդրության, նորմատիվների եւ այլ պահանջների խախտման դեպքում.

գ) ընտրել հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողին:

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների տեղեկատվության վերաբերյալ սպառողները պարտավոր են պահպանել հիդրոօդերեւութաբանական աշխատանքներ կատարողների հետ կնքված պայմանագրերի պայմանները:

Հոդված 8. Հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառումքաղաքացիների, հասարակական միավորումների եւ այլ իրավաբանական անձանց իրավունքները

Քաղաքացիները, հասարակական միավորումները եւ այլ իրավաբանական անձինք հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն:

Քաղաքացիները եւ բնապահպան հասարակական միավորումներն իրավունք ունեն կատարել հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների անկախ դիտարկումներ՝ հիդրոօդերեւութաբանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին) տեղեկացնելով տարերային աղետների, վթարների, տեխնոլոգիական պրոցեսների խախտումների մասին, որոնց հետեւանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ բնակչության կյանքի եւ առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր աղտոտում: Ստացված տվյալները կարող են տարածվել զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ կերպ՝ լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

Հոդված 9. Հիդրոօդերեւութաբանական գործունեության օբյեկտները եւ այդ գործունեության արդյունքների օգտագործման ուղղությունները

Հիդրոօդերեւութաբանական գործունեության օբյեկտներն են կլիման, օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական պայմանները:

Հիդրոօդերեւութաբանական գործունեության արդյունքները կարող են օգտագործվել տնտեսության բոլոր ճյուղերում, ինչպես նաեւ կարող են օգտագործել օտարերկրյա պետությունները եւ միջազգային կազմակերպությունները:

ԳԼՈՒԽ II

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառումՀայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերեւութաբանական գործունեության ընդհանուր պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը՝

ա) ապահովում է հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է պետական նշանակության հիդրոօդերեւութաբանական աշխատանքների ծրագրերը.

գ) հանրապետական նշանակության հիդրոօդերեւութաբանական աշխատանքների պատվիրատուն է:

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունը

Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերեւութաբանական գործունեության կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունն են՝

ա) հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրագործումը, մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

բ) հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում գործադիր եւ կարգադրիչ գործառույթների իրականացման ապահովումը.

գ) հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում մեթոդների եւ ստանդարտների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը.

դ) Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի ձեւավորումը, գործունեության եւ զարգացման ապահովումը, ինչպես նաեւ պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության կառուցվածքում չընդգրկվող, բայց հիդրոօդերեւութաբանական դիտարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համաձայնեցումը.

ե) պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության կառուցվածքում չընդգրկվող տնտեսավարող սուբյեկտների՝ հիդրոօդերեւութաբանական գործունեություն իրականացնելու լիցենզավորումը.

զ) սահմանված կարգով հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն հավաքող, մշակող, վերլուծող, պահպանող եւ օգտագործող պետական կառույցների ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, զինված ուժերին, ազգաբնակչությանը եւ այլ սպառողներին հիդրոօդերեւութաբանական ձեռնարկներով, հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ փաստացի եւ կանխատեսվող հույժ շտապ տեղեկատվությամբ ապահովումը.

ը) միջազգային, հանրապետական եւ տեղական նշանակության հիդրոօդերեւութաբանական աշխատանքների ցանկի սահմանումը, դրանց կատարման ապահովումը, հիդրոօդերեւութաբանական երեւույթների վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների եւ այլ արտադրանքի մատուցումը.

թ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, ազգային եւ տեղական նշանակության գիտական հետազոտությունների կազմակերպումը.

ժ) պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձեւավորումը, հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների տվյալների՝ Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի ստեղծումն ու վարումը.

ժա) հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների մեթոդների, հաշվարկների, կանխատեսումների, տվյալների, հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում միասնականության ու համադրելիության ապահովումը.

ժբ) տնտեսության եւ բնակչության անվտանգության շահերի օգտին հիդրոօդերեւութաբանական եւ երկրաֆիզիկական այլ երեւույթների վրա ակտիվորեն ներգործելու աշխատանքների կազմակերպումն ու կատարումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց կատարման պետական վերահսկողությունը.

ժգ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության ապահովումը.

ժդ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը:

Լիազորված մարմնի՝ հիդրոօդերեւութաբանական գործունեությանը վերաբերող ակտերը պարտադիր են այդ գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգը

Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգում ընդգրկվում են`

ա) պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը.

բ) գերատեսչական հիդրոօդերեւութաբանական ծառայությունները.

գ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումներ իրականացնող տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:

Պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության կազմում ընդգրկվում են`

ա) դիտարկումների պետական ցանցը, որի կազմում ընդգրկվում են օդերեւութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, ավիաօդերեւութաբանական, ագրոօդերեւութաբանական եւ այլ մասնագիտացված դիտակետերը, կայանները, ծառայությունները եւ կենտրոնները, ներառյալ՝ ճառագայթային, արեւային, մագնիսային մոնիթորինգի կենտրոնները.

բ) քիմիական եւ ռադիոլոգիական լաբորատորիաները.

գ) միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցի արբանյակները.

դ) ավիալաբորատորիաները, գիտահետազոտական նավերը եւ դիտարկումային այլ լողամիջոցները.

ե) դժվարամատչելի տեղանքում գտնվող կայանները.

զ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների փաստացի ու կանխատեսվող տեղեկատվություն հավաքելու, մշակելու, տարածելու եւ սպառողներին ապահովելու միասնական պետական կառույցը.

է) հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների՝ Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը.

ը) հիդրոօդերեւութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունները:

ԳԼՈՒԽ III

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Հիդրոօդերեւութաբանական գործունեություն իրականացնելու իրավունքը

Հիդրոօդերեւութաբանական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն առանց լիցենզիայի հիդրոօդերեւութաբանական գործունեություն կարող են իրականացնել՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիդրոօդերեւութաբանական ծառայությունները:

Հիդրոօդերեւութաբանական գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազորված մարմինը` օրենքով սահմանված կարգով:

Բնակչության կյանքի, առողջության անվտանգության, սեփականության պահպանման ապահովման հետ կապված պաշտոնական նախազգուշացումները, կանխատեսումները եւ տեղեկատվական մյուս արտադրանքն սպառողներին հաղորդում է միայն լիազորված մարմինը:

Հոդված 14. Հիդրոօդերեւութաբանական ծառայության գործունեությունըօդերեւութաբանության բնագավառում

Օդերեւութաբանության բնագավառում հիդրոօդերեւութաբանական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է հողային եւ ջրային մակերեսների հետ փոխազդեցության պայմաններում մթնոլորտում բնական օդերեւութաբանական երեւույթների, տեխնածին, ֆիզիկական, քիմիական եւ այլ պրոցեսների վիճակն ու զարգացումը որոշելուն:

Օդերեւութաբանության բնագավառում հիդրոօդերեւութաբանական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են`

ա) շահագրգիռ պետական մարմիններին եւ տնտեսավարող սուբյեկտներին օդերեւութաբանական պրոցեսների եւ երեւույթների մասին տեղեկատվությամբ անմիջականորեն ապահովելը.

բ) վտանգավոր եւ տարերային մթնոլորտային երեւույթների վերաբերյալ (կլիմայական, օդերեւութաբանական այլ փոփոխությունների մասին) պետական մարմիններին, իրավաբանական անձանց եւ բնակչությանն ահազանգելը.

գ) կանխատեսող ծառայություններին օդերեւութաբանական պայմանների կանխատեսումներով եւ սպասվելիք անբարենպաստ պայմանների մասին անհրաժեշտ տվյալներով ապահովելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին տարածաշրջաններում օդերեւութաբանական եւ ճառագայթային ռեժիմի մասին հավաստի տվյալներ ամփոփելն ու կուտակելը:

Հոդված 15. Հիդրոօդերեւութաբանական ծառայության գործունեությունըհիդրոլոգիայի բնագավառում

Հիդրոլոգիայի բնագավառում հիդրոօդերեւութաբանական ծառայության գործունեությունն իրականացվում է գետերի, լճերի, ջրամբարների, ջրանցքների, ճահիճների, ստորգետնյա աղբյուրների, ջրային այլ օբյեկտների եւ ջրային պաշարների մասին տվյալներ հավաքելու նպատակով, որոնք անհրաժեշտ են`

ա) ջրային օբյեկտների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխության մասին (ջրհեղեղներ, հեղեղումներ եւ այլն) տեղեկատվությամբ բնակչության եւ տնտեսության պահանջմունքները բավարարելու համար.

բ) հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափություններն ուսումնասիրելու, ջրերի պետական հաշվառում կատարելու, ջրային կադաստր վարելու, ջրավազանների եւ տարածքների ջրային ռեսուրսներն ու ջրային հաշվեկշիռները հաշվարկելու, ջրային օբյեկտների ռեժիմի եւ ջրային պաշարների վրա տնտեսական գործունեության ազդեցությունը գնահատելու համար:

Հոդված 16. Հիդրոօդերեւութաբանական գործունեությունը հատուկ պայմաններում

Հիդրոօդերեւութաբանական գործունեությունը հատուկ պայմաններում (տարերային աղետներ, վթարներ եւ այլ արտակարգ իրավիճակներ ու դրանց հետեւանքների վերացում Հայաստանի Հանրապետության տարածքում) բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ հետեւանքների վերացման միասնական պետական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Տարերային աղետների եւ վթարների դեպքում, որոնց հետեւանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի աղտոտում, իրականացվում են լրացուցիչ դիտարկումներ:

Հատուկ պայմաններում հիդրոօդերեւութաբանական գործունեության իրականացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Զինված ուժերի հիդրոօդերեւութաբանական սպասարկումը

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված զինված ուժերին հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու դեպքում պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

Հոդված 18. Հիդրոօդերեւութաբանական գործունեությանը եւ նրա արդյունքներիտրամադրման ձեւերին ներկայացվող պահանջները

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են պահպանել հիդրոօդերեւութաբանության բնագավառում գործող մեթոդներին, միջպետական եւ ազգային ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխան դիտարկումներ իրականացնելու, տվյալներ հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահպանելու եւ օգտագործելու վերաբերյալ լիազորված մարմնի ընդունած ակտերի պահանջները:

Հիդրոօդերեւութաբանական գործունեության արդյունքները պետք է ձեւակերպվեն սույն օրենքի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Հոդված 19. Դիտարկումների ցանցի օբյեկտները եւ դրանց պահպանությունը

Դիտարկումների ցանցի օբյեկտ է ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի եւ միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցի սկզբնական արտադրական միավորը, որն անմիջականորեն կատարում է դիտարկումներ, մշակում եւ հիդրոօդերեւութաբանական կենտրոններին հայտնում է հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների արդյունքները:

Դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության կազմում ընդգրկված օբյեկտների ընդհանրությունը հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների պետական ցանցն է:

Բնական երեւույթների մասին հավաստի տեղեկատվության ստացման նպատակով հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումներ իրականացնող օբյեկտների տարածքում ստեղծվում են պահպանական գոտիներ՝ դրանցում տնտեսական եւ այլ գործունեության սահմանափակմամբ, որի կարգը եւ սահմանափակումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վեճերի ծագման դեպքում սերվիտուտները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների քանդումը եւ վերահիմնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտի կառուցման համար տարածքների եւ այդ կետերի պահպանական գոտիների հատկացումը պետական եւ հասարակական անհրաժեշտություն է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացնում են այդ հողակտորները տնօրինող հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պարտավոր են լիազորված մարմնին անհապաղ տեղյակ պահել հիդրոօդերեւութաբանական օբյեկտների ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:

ԳԼՈՒԽ IV

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 20. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալտեղեկատվությունը

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը դիտարկումների հիման վրա ստացված տվյալներն են, ինչպես նաեւ այդ տվյալների մշակման եւ վերլուծման հետեւանքով ստացված տեղեկություններն ու կանխատեսումները:

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքում ստացված տեղեկատվությունը դասվում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ռեսուրսների շարքին:

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման տեղեկատվության շարքին դասված տվյալների, բաց եւ հանրամատչելի է:

Սահմանափակ օգտագործման տեղեկատվության շարքին չեն դասվում հիդրոօդերեւութաբանական եւ արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող այն տվյալները, որոնք անհրաժեշտ են բնակավայրերի, արտադրական օբյեկտների անվտանգ գործունեության, ազգաբնակչության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման համար:

Հոդված 21. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ
տեղեկատվության տրամադրման պայմանները

Սպառողներին հիդոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անհատույց ու վճարովի:

Անհատույց տրամադրվում են՝

ա) հույժ շտապ եւ ընդհանուր նշանակության տեղեկատվությունը, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական մարմինների ապահովման համար նախատեսված տվյալները եւ տեղեկատվական արտադրանքը.

գ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության առկայության եւ դրանց տրամադրման պայմանների մասին տվյալները:

Սպառողներից, բացի պետական մարմիններից, վարձավճարը գանձվում է միայն այն ծառայությունների համար, որոնք առնչվում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ ընդհանուր նշանակության տեղեկատվությունն առանձնացնելու, պատճենահանելու, բազմացնելու, փոստով առաքելու կամ կապի այլ միջոցներով հաղորդելու հետ:

Լիազորված մարմինը պարտավոր է տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի եւ տրամադրման ձեւերի մասին սպառողներին տեղեկացնել հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հոդված 22. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ
տեղեկատվության սկզբնաղբյուրի վկայումը

Այն իրավաբանական անձինք, որոնք աշխատանքների վարձատրության, էներգետիկ ռեսուրսների ծախսի, վնասակար նյութերի արտանետումների ազդեցության գնահատման հաշվարկներում օգտագործում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ մասնագիտացված տեղեկատվություն, պարտավոր են ունենալ այդ տեղեկատվության ծագումը հաստատող փաստաթուղթը՝ տրված լիազորված մարմնի կողմից:

Հոդված 23. Հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների՝ Հայաստանի
Հանրապետության միասնական պետական ֆոնդը

Հիդրոօդերեւութաբանական երեւույթների մոնիթորինգի բոլոր տվյալները, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվող ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի սուբյեկտներից, կազմում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների՝ Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը, որը գտնվում է հիդրոօդերեւութաբանության բնագավառում լիազորված մարմնի տնօրինության ներքո:

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանական ֆոնդի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող նյութերի եւ տվյալների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Հիդրոօդերեւութաբանական նյութերի եւ տվյալների մասին Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի արխիվային ֆոնդին պատկանող փաստաթղթերը լրացվում, մշակվում, պահպանվում եւ օգտագործվում են «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ V

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 24. Հիդրոօդերեւութաբանական գործունեության ֆինանսավորումը

Հիդրոօդերեւութաբանական գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.

բ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների տեղեկատվություն սպառողների վճարումների հաշվին.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում են պետական նշանակության հիդրոօդերեւութաբանական գործունեության տեսակները, համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, այլ միջպետական հիդրոօդերեւութաբանական կազմակերպությունների անդամավճարները, ինչպես նաեւ տարերային աղետների եւ վթարների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հատուկ աշխատանքները:

Տարածաշրջանային եւ տեղական նշանակության հիդրոօդերեւութաբանության բնագավառի ծրագրերը ֆինանսավորվում են համապատասխան բյուջեի միջոցների հաշվին:

Ընթացիկ տարվա համար բյուջետային ֆինանսավորման ծախսերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով՝ պետական բյուջեում նշելով առանձին տողով:

Հիդրոօդերեւութաբանական գործունեություն կարող է իրականացվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատվերով, պայմանագրային հիմունքներով՝ առանց նվազեցնելու բյուջետային միջոցների, ինչպես նաեւ էկոլոգիական եւ այլ հիմնադրամների հաշվին ֆինանսավորվող աշխատանքների ծավալները:

Հիդրոօդերեւութաբանական ծառայության զարգացմանը, հիդրոօդերեւութաբանական գործունեության մասնակիցների սոցիալ-տնտեսական ծրագրերի կատարման արդյունավետության եւ գիտատեխնիկական հզորության բարձրացմանը նպաստելու նպատակով հիդրոօդերեւութաբանական ծառայությունում կարող են ստեղծվել հիմնադրամներ, որոնց ձեւավորման եւ օգտագործման կարգը սահմանվում է այդ հիմնադրամների մասին կանոնադրություններով: Դրանք հաստատում է լիազորված մարմինը:

Հոդված 25. Հիդրոօդերեւութաբանական գործունեության նյութատեխնիկականապահովումը

Հիդրոօդերեւութաբանական գործունեության նյութատեխնիկական ապահովումը, կապված միջազգային, ազգային եւ տարածաշրջանային հիդրոօդերեւութաբանական ծրագրերի նախագծերի եւ դիտարկումների, ինչպես նաեւ պետական պատվերի կատարման հետ, իրականացվում է պետական եւ համայնքների բյուջեների հաշվին:

ԳԼՈՒԽ VI

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 26. Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասնակիցների միջեւ վեճերի լուծումը

Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասնակիցների միջեւ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

Պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաեւ գերատեսչական հիդրոօդերեւութաբանական ծառայությունների միջեւ ծագած վեճերը, ըստ ենթակայության, քննության են առնում նրանց վերադաս մարմինները կամ քննության են առնվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում ծագած միջպետական վեճերը լուծում են այդ նպատակով ստեղծված միջպետական հանձնաժողովները կամ միջնորդ դատարանը:

Հոդված 27. Հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառումխախտումների համար պատասխանատվությունը

Հիդրոօդերեւութաբանական գործունեություն իրականացնելիս իրավաբանական եւ ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում՝

ա) առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ինքնակամ կերպով հիդրոօդերեւու- թաբանական աշխատանքներ կատարելու համար.

բ) հիդրոօդերեւութաբանական դիտարկումներ կատարելու եւ այդ առնչությամբ տեղեկատվություն հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահելու եւ սպառողներին մատուցելու կանոնների եւ պահանջների խախտումների համար.

գ) վթարային իրավիճակների, շրջակա բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության բացահայտված օջախների մասին հույժ շտապ տեղեկատվությունը խեղաթյուրելու, չհաղորդելու կամ ուշացումով հաղորդելու, վտանգի չափերը թաքցնելու համար.

դ) դիտարկումների ցանցի օբյեկտները միտումնավոր փչացնելու կամ ոչնչացնելու համար.

ե) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների օգտագործման կարգը խախտելու համար:

ԳԼՈՒԽ VII

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական
համակարգը եւ միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցը

Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգը միջազգային հիդրոօդերեւութաբանական ցանցի բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումների եւ տեղեկատվության փոխանակման համընդգրկուն (գլոբալ) եւ տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձեւավորմանն ու զարգացմանը:

Լիազորված մարմինը ներկայացնում եւ պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների հիդրոօդերեւութաբանական ծառայությունների հետ համագործակցելիս, ինչպես նաեւ համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հիդրոօդերեւութաբանության բնագավառում իրականացվող միջազգային գործունեությունը:

Հոդված 29. Միջազգային համագործակցությունը հիդրոօդերեւութաբանական
գործունեության բնագավառում

Հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների հիդրոօդերեւութաբա-նական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ VIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 մարտի 2001թ.
ՀՕ-145


20.03.2002 «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
30.04.2008 «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
07.04.2016 «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին