Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված տարածք.

«Երեւան» ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված Օդանավակայանին կից տարածք.

Պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիր.

Կառավարիչ՝ Պայմանագրին համապատասխան Օդանավակայանի կառավարումն իրականացնող անձ։

Հոդված 3. Օդանավակայանի տարածքում դեղերի առքուվաճառքով, դեղատնային գործունեությամբ, արտարժույթի առքուվաճառքով, մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությամբ, անմաքս առեւտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացմամբ, ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությամբ, մաքսային միջնորդական գործունեությամբ, մաքսային փոխադրողի գործունեությամբ, շահումով խաղերի կազմակերպմամբ, խաղատների կազմակերպմամբ զբաղվելու համար լիցենզավորված անձ ճանաչել Կառավարչին։

«Երեւան» ազատ տնտեսական գոտու կազմակերպման համար լիցենզավորված անձ ճանաչել Կառավարչին։

«Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքում տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձ ճանաչել Կառավարչին։

Օդանավակայանի տարածքում Պայմանագրով նախատեսված որեւէ գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ բանկային եւ ֆինանսական ծառայությունների, Կառավարչից չեն կարող պահանջվել այլ լիցենզիաներ, քան սույն օրենքի համաձայն տրվածները։

Հոդված 4. Կառավարիչը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելիս պարտավոր է պահպանել լիցենզավորման մասին օրենսդրության պահանջները, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ընթացակարգի պահանջների։

Սույն օրենքով Կառավարչին տրված լիցենզիաների գործողությունը չի կարող դադարեցվել մինչեւ Պայմանագրի ժամկետի ավարտը։ Սույն օրենքով Կառավարչին տրված լիցենզիաների գործողությունը լիցենզավորման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կասեցվել։

Հոդված 5. Կառավարիչն իրավունք ունի, սույն օրենքի համաձայն, Օդանավակայանում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրեն տրված լիցենզիաները կամ դրանց առանձին մասերն իր հայեցողությամբ օտարել այն անձանց, որոնք օրենքով եւ լիցենզավորման համապատասխան կարգերով իրավունք ունեն ստանալ գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա։ Կառավարիչն իրավունք ունի «Երեւան» ազատ տնտեսական գոտու շահագործման լիցենզիաներ իր հայեցողությամբ տրամադրել այն անձանց, որոնք օրենքով եւ լիցենզավորման համապատասխան կարգերով իրավունք ունեն ստանալ ազատ տնտեսական գոտու շահագործողի լիցենզիա։

Հոդված 6. Կառավարիչը լիցենզիան կամ դրա մի մասն այլ անձի օտարելու դեպքում պարտավոր է 5 օրվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել համապատասխան լիցենզիա տվող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Կառավարիչը լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնելու պահից սկսած՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր է տեղեկատվություն տրամադրել համապատասխան լիցենզիա տվող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հոդված 7. Կառավարչի կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածի պահանջների խախտումով լիցենզիայի օտարման դեպքում գործունեության համապատասխան տեսակի համար լիցենզիա տվող մարմինը պարտավոր է հայց ներկայացնել դատարան՝ օրենսդրության պահանջների խախտմամբ լիցենզիա ձեռք բերած անձի լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով։

Հոդված 8. Կառավարչից լիցենզիա ստացած անձանց վրա տարածվում են լիցենզավորման օրենսդրության պահանջները, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ընթացակարգի պահանջների։

Լիցենզավորման օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով համապատասխան տեսակի համար լիցենզիա տվող մարմինն իրավասու է կասեցնել Կառավարչից լիցենզիա ստացած անձանց լիցենզիան կամ այդ լիցենզիայի դադարեցման հայցով դիմել դատարան։ Այդ անձանց լիցենզիայի գործողության դադարեցումը կամ կասեցումը չի հանգեցնում սույն օրենքով Կառավարչին տրված համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման։

Հոդված 9. Կառավարչի կողմից սույն օրենքի կամ լիցենզավորման մասին օրենսդրության այլ պահանջների խախտման դեպքում Կառավարիչը պարտավոր է հատուցել իր մեղքով պատճառված վնասները։

Հոդված 10. Խաղատնային գործունեությամբ եւ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվելու դեպքում Կառավարիչը կամ նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելուց առաջ հաշվարկել եւ պետական բյուջե վճարել տուրքերը։

Բացառությամբ խաղատնային գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի եւ այլ վճարների, Կառավարիչը եւ նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձինք ազատվում են սույն օրենքի համաձայն ստացված մյուս լիցենզիաների համար պետական տուրքի վճարման պարտականությունից։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 հունիսի 2002թ.
ՀՕ-329




25.05.2011 «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին