Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.10.2002
ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

Հոդված 2. Բարեգործության նպատակը

Բարեգործության նպատակն է՝

1) աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաեւ սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական եւ հոգեւոր պահանջները.

2) աջակցել ոչ առեւտրային այլ կազմակերպություններին.

3) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների եւ արտակարգ այլ իրավիճակների հետեւանքով տուժած անձանց եւ մասնակցել դրանց հետեւանքների վերացմանը.

4) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում.

5) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի եւ ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.

6) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի եւ արվեստի հուշարձանների պահպանման եւ վերականգնման ծրագրերի իրականացմանը.

7) աջակցել բնության եւ շրջակա միջավայրի պահպանման եւ բարեկարգման աշխատանքների իրականացմանը.

8) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հոդված 3. «Բարեգործություն» հասկացությունը

1. Բարեգործությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված ( անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական եւ հոգեւոր օգնության (այսուհետ՝ բարեգործական աջակցության) տրամադրումն է:

2. Բարեգործություն չի համարվում կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին դրամական եւ այլ նյութական միջոցների հատկացումը:

Հոդված 4. Բարեգործության իրավական կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունում բարեգործությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 5. Բարեգործության իրականացման սկզբունքները

Բարեգործության իրականացման սկզբունքներն են՝

1) սոցիալական արդարության պահպանումը.

2) մարդասիրության ամրապնդումը եւ տարածումը.

3) մարդկային արժանապատվության պահպանումը.

4) սերունդների համերաշխության ամրապնդումը.

5) սոցիալական հասցեականության պահպանումը.

6) սոցիալական խնամառության բացառումը.

7) ազգային խտրականության բացառումը:

Հոդված 6. Բարեգործություն իրականացնելու իրավունքը

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք բարեգործություն իրականացնում են կամավորության եւ նպատակների ազատ ընտրության սկզբունքով՝ անհատապես կամ համատեղ, անձամբ կամ միջնորդավորված:

2. Արգելվում է սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների եւ իրականացման ձեւերի ընտրության ազատության սահմանափակումը:

ԳԼՈՒԽ 2.

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 7. Բարեգործության մասնակիցները

Բարեգործության մասնակիցներ են բարեգործները, կամավորները, բարեգործություն ստացողները: Բարեգործական կազմակերպությունները կարող են հանդես գալ եւ§ որպես բարեգործ, եւ§ որպես բարեգործություն ստացող:

Բարեգործության մասնակիցներ (բարեգործներ, բարեգործություն ստացողներ) կարող են լինել նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները:

Հոդված 8. Բարեգործները

Բարեգործներն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են, որոնք սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված նպատակներով բարեգործություն են իրականացնում:

Հոդված 9. Կամավորները

Կամավորներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր սույն օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին:

Հոդված 10. Բարեգործություն ստացողները

Բարեգործություն ստացողներն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են, որոնք իրենց համաձայնությամբ ստանում են բարեգործական աջակցություն:
 


ԳԼՈՒԽ 3.

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Բարեգործական կազմակերպությունները

Բարեգործական կազմակերպությունները ոչ առեւտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:

2. Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:

3. Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով:

4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ:

Հոդված 12. Բարեգործական կազմակերպության գույքի օգտագործման առանձնահատկությունները

1. Բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որեւէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:

2. Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության եւ տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչեւ 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:

3. Դրամական նվիրաբերությունների եւ նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները եւ նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:
Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

Բնամթերային նվիրաբերությունների եւ նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:

Նշված ժամկետներում դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 13. Բարեգործական ծրագիրը

1. Բարեգործական ծրագիրը ոչ առեւտրային կազմակերպության կողմից, սույն օրենքի նպատակներին համապատասխան, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների նկարագրությունն է, որը հաստատվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակում եւ գրանցում է լիազորված մարմինը:

3. Ծրագիրը որպես բարեգործական որակելը եւ ծրագրի գրանցելը մերժելու մասին լիազորված մարմնի որոշումը բարեգործական ծրագիր ներկայացնողը կարող է բողոքարկել դատական կարգով:

4. Բարեգործական ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները եւ ստացողները: Ծրագիրը ներառում է նաեւ կանխատեսվող մուտքերի եւ ծախսերի նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերը եւ ժամկետները:

5. Բարեգործական ծրագրի ֆինանսավորման համար պետք է օգտագործվի ֆինանսական տարվա ընթացքում այդ նպատակով ստացված եկամուտների ոչ պակաս, քան 80 տոկոսը: Երկարաժամկետ ( մեկ տարուց ավելի) բարեգործական ծրագիր իրականացնելիս ստացված միջոցներն օգտագործվում են այդ ծրագրով նախատեսված ժամկետներում:

Հոդված 14. Բարեգործական ծախսերը

1. Բարեգործական են համարվում բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով կատարվող ծախսերը, կամավորների գործունեության հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը:

2. Բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր են համարվում բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձը, բարեգործական կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման եւ գործուղման հետ կապված ծախսերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության եւ տեղեկատվության հրապարակման վրա ծախսված միջոցները:

ԳԼՈՒԽ 4.

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 15. Բարեգործության խրախուսումը

Հայաստանի Հանրապետությունում բարեգործի եւ կամավորի գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է հետեւյալ կոչումները.

1) Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ.

2) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.

3) Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ.

4) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:

Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար տվյալ տարում տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկ եւ ավելի չափի արժողությամբ բարեգործական աջակցություն, որը նաեւ այդ տարում բոլոր բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության արժեքների շարքում ամենաբարձրն է:

Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործի կոչմանը կարող են արժանանալ այն բարեգործները, ովքեր բարեգործական նպատակների իրականացման համար հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա բարեգործ:

Հայաստանի Հանրապետության տարվա կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, ով որպես կամավոր աշխատել է տարեկան 365 ժամից ավելի, միաժամանակ տվյալ տարում նրա՝ որպես կամավորի աշխատած ժամերի տեւողությունը գերազանցում է մնացած բոլոր կամավորների այդ տարում աշխատած ժամերին:

Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավորի կոչմանը կարող են արժանանալ այն ֆիզիկական անձինք, ովքեր հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա կամավոր:

Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության եւ կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լիազորված մարմինը կարող է կիրառել խրախուսման այլ ձեւեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 16. Աջակցություն բարեգործական ծրագրերին եւ բարեգործական կազմակերպություններին

1. Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ բարեգործական կազմակերպություններին կարող են ցուցաբերվել նյութատեխնիկական աջակցություն եւ դրամական օժանդակություն ( ներառյալ՝ պետական եւ համայնքային կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց վճարումից, պետական եւ համայնքային գույքի օգտագործման վարձավճարից լրիվ կամ մասամբ ազատելը) :

Հոդված 17. Բարեգործության պետական պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում եւ ապահովում է բարեգործության մասնակիցների՝ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բարեգործություն իրականացնելու իրավունքներին խոչընդոտող պաշտոնատար եւ այլ անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 5.

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Բարեգործության իրականացման նկատմամբ վերահսկողությունը

1. Սույն օրենքի պահանջներին բարեգործական կազմակերպության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Բարեգործական կազմակերպությունը լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն, որը ներառում է տեղեկություններ՝

1) կազմակերպության գույքի օգտագործման եւ միջոցների ծախսման,

2) սույն օրենքի պահանջների պահպանումը հավաստող ֆինանսական գործունեության,

3) կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի,

4) բարեգործական ծրագրերի բովանդակության,

5) կազմակերպության գործունեության արդյունքների.

6) իրավասու մարմինների կատարած ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների եւ դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին:

Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմիններ:

2. Բարեգործական կազմակերպությունները հարկային եւ լիազորված մարմին տարեկան հաշվետվությունները ներկայացնում են հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետներում:

3. Բարեգործական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաեւ բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, տեղեկատվություն են հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

4. Բարեգործական կազմակերպության կառուցվածքի, դրամական եւ այլ մուտքերի, գույքի, ծախսերի, աշխատողների թվաքանակի, նրանց աշխատանքի վարձատրության եւ կամավորների ներգրավման մասին տեղեկությունները չեն կարող համարվել առեւտրային գաղտնիք:

Հոդված 19. Բարեգործական կազմակերպության պատասխանատվությունը

1. Բարեգործական կազմակերպության կողմից սույն օրենքի նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված մարմինը կարող է նրան գրավոր զգուշացնել:

2. Մեկ տարվա ընթացքում մեկից ավելի գրավոր զգուշացումների, ինչպես նաեւ բարեգործական ծրագրի կատարման ընթացքում օրենքի պահանջների էական խախտումների դեպքում լիազորված մարմինը կարող է չեղյալ ճանաչել տվյալ կազմակերպության բարեգործական ծրագրի՝ որպես բարեգործական որակումը եւ գրանցումը:

3. Իր գործունեության մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետեւանքով բարեգործական կազմակերպության չվճարած հարկերը եւ պարտադիր այլ վճարները ենթակա են բռնագանձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Լիազորված մարմնի՝ սույն հոդվածով սահմանված գործողությունները բարեգործական կազմակերպությունը կարող է բողոքարկել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հոդված 20. Միջազգային բարեգործության իրականացումը

1. Բարեգործներն իրավունք ունեն իրականացնելու միջազգային բարեգործություն:

2. Միջազգային բարեգործությունն իրականացվում է միջազգային բարեգործական ծրագրեր կազմելու եւ իրականացնելու, միջազգային բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու, բարեգործության համապատասխան ոլորտում օտարերկրյա, մասնավորապես, սփյուռքահայ գործընկերների հետ համագործակցելու միջոցով, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող բարեգործությունը

Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում բարեգործության մասնակիցներ են համարվում սույն օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 22. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիս հետո:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-424
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


11.04.2003 «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին