Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման հիմքերը եւ կարգը:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված եւ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում` 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաեւ ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

շենք ` մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, հասարակական, արտադրական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված` կրող եւ պարփակող կոնստրուկցիաներից կազմված, փակ ծավալ համարվող կառույց.

շինություն ` հասարակական, արտադրական տարբեր գործառույթներ իրականացնելու, մարդկանց, բեռներ, էներգակիրներ, ջուր, տեղեկատվություն տեղափոխելու պաշտպանական եւ այլ նպատակների համար նախատեսված ստորգետնյա կամ վերգետնյա ծավալային, հարթ կամ գծային կառույց՝ կազմված կրող, որոշ դեպքերում նաեւ՝ պարփակող կոնստրուկցիաներից.

բնակելի նշանակության շենքեր, շինություններ, այդ թվում`

բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն.

բնակարան ` բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի եւ օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

ավտոտնակ ` անհատական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն.

հասարակական նշանակության շենք, շինություն ` բնակչության սոցիալական, մշակութային, կրթական սպասարկման, վարչական կամ հասարակական գործառույթների իրականացման համար նախատեսված շենք, շինություն.

արտադրական նշանակության շենք, շինություն` արդյունաբերական, գյուղատնտեսական եւ այլ արտադրությունների կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն.

ինքնակամ զբաղեցված հողամաս ` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ, այդ թվում` առանց իրավաբանական պատշաճ ձեւակերպման զբաղեցված եւ օգտագործվող պետական կամ համայնքային սեփականության հողամաս.

առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամաս` քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետվող կամ օգտագործվող հողամաս, որի սեփականաշնորհման, վաճառքի կամ տրամադրման մասին իրավասու մարմինների որոշումները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին.

ինժեներատրանսպորտային օբյեկտներ` հանրապետական նշանակության ավտոմայրուղիներ, գազատարներ, ջրանցքներ, երկաթգծեր, կամուրջներ, թունելներ, մայրուղային ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգեր, էլեկտրահաղորդակցության, կապի գծեր եւ արտադրական ու տրանսպորտային ենթակառուցվածքի այլ օբյեկտներ:

Հոդված 4. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի (շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հողամասերում, ինչպես նաեւ սեփականության իրավունքով ձեռք բերված հասարակական կամ արտադրական նշանակության հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքի ճանաչումը չի հակասում քաղաքաշինական նորմերին:

3. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականաշնորհված գյուղատնտեսական եւ այլ նշանակության հողամասերի վրա ինքնակամ կառուցված, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման համար նախատեսված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը, եթե`

ա) դրանք չեն տեղադրված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.

բ) դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին.

գ) դրանով չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի, հասարակական, ոչ գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, եթե դրանք`

ա) բավարարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները.

բ) չեն առաջացնում սերվիտուտ:

5. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում է հողի սեփականատիրոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված պայմանները բավարարելու դեպքերում:

6. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքը ճանաչվում է համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի եւ դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա:

Հոդված 5. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ եւ չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
Սույն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը` դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կադաստրային արժեքով եւ ուղղակի վաճառքի ձեւով ձեռք բերելու պայմանով: Այդպիսի հողամասերի չափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ եւ չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

Սույն մասով նախատեսված դեպքերում շենքերի, շինությունների նկատմամբ կառուցապատողի սեփականության իրավունքը ճանաչվում է, եթե շենքերի, շինությունների պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը դրանց կադաստրային արժեքով ձեռք են բերվում սեփականության իրավունքով կամ վարձակալվում են մինչեւ 10 տարի ժամկետով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:

Սույն մասով նախատեսված դեպքերում հողամասերի չափերը կարող են լինել ոչ ավելի, քան բոլոր շենքերի, շինությունների կառուցապատման ընդհանուր մակերեսի հնգապատիկը:

3. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառուցված անհատական օգտագործման տնտեսական-կենցաղային նշանակության շենքերի, շինությունների (ավտոտնակների, անասնաշենքերի, հացատների եւ այլն) նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին, ընդ որում` այդ շենքերի, շինությունների տակ գտնվող հողամասերը՝

ա) քաղաքային համայնքներում կարող են տրամադրվել միայն վարձակալության հիմունքներով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով` մինչեւ 10 տարի ժամկետով.

բ) գյուղական համայնքներում կարող են օտարվել ուղղակի վաճառքի ձեւով` հողամասի կադաստրային արժեքով, կամ տրամադրվել վարձակալության իրավունքով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:

4. Հողամասերը գնելուց կամ վարձակալելուց հրաժարվելու դեպքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ չի ճանաչվում սեփականության իրավունքը, եւ դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, իսկ հողամասերը` օտարվել կամ վարձակալությամբ տրամադրվել համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա:

Հոդված 6. Բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների ինքնակամ ձեւափոխումների, վերակառուցումների օրինականացման եւ կցակառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Սույն օրենքի ուժով օրինական են համարվում բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների եւ պատուհանների ինքնակամ ձեւափոխումները, ինքնակամ կառուցված վերնասրահները, եթե չեն փոխվել կրող կոնստրուկցիաները, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին դռների տեղափոխումը, եթե չեն փակվել այդ տարածքների պատուհանները, եւ նշված փոփոխություններն իրականացվել են ոչ աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին:

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների եւ պատուհանների ինքնակամ ձեւափոխումները, ինքնակամ կառուցված վերնասրահները, եթե փոխվել են կրող կոնստրուկցիաները, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին դռների տեղափոխումը, եթե փակվել են այդ տարածքների պատուհանները, եւ նշված փոփոխություններն իրականացվել են աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին, կարող են օրինականացվել համայնքների ղեկավարների (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումների հիման վրա, եթե նշված փոփոխությունները չեն նվազեցնում շենքի նախագծով սահմանված ամրության ցուցանիշները:

3. Բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, ձեղնահարկերի եւ այլ կցակառույցների նկատմամբ համայնքների ղեկավարների (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումների հիման վրա կարող է ճանաչվել կառույցն իրականացրած անձի (անձանց) սեփականության իրավունքը, եթե նշված շինությունները չեն նվազեցնում շենքի նախագծով սահմանված ամրության ցուցանիշները:

Սույն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, ձեղնահարկերի եւ այլ կցակառույցների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել կառույցն իրականացրած անձի (անձանց) կամ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի դիմումի հիման վրա: Շենքում առանձին ինքնակամ կառուցված պատշգամբի, նկուղի, ձեղնահարկի եւ այլ կցակառույցի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող ճանաչվել, եթե չկա ամբողջ շենքի ամրության ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական եզրակացություն: Տեխնիկական եզրակացությունն ապահովում է կառույցն իրականացրած անձը (անձինք) կամ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինը:

Հոդված 7. Օրենսդրության խախտումներով օտարված, տրամադրված(ձեռք բերված), ինչպես նաեւ ինքնակամ զբաղեցվածհողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում, ինչպես նաեւ հաշվառված` օրենսդրության խախտումներով սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաեւ այգեգործական (ամառանոցային) հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով ճանաչվում է դրանք զբաղեցնողների սեփականության իրավունքը, եթե սեփականաշնորհված հողամասերը համարվել են գյուղատնտեսական կամ պետական պահուստային ֆոնդի հողատեսքեր, ընդ որում` սեփականության իրավունքը ճանաչվում է փաստացի օգտագործվող հողամասերի նկատմամբ:

2. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում, ինչպես նաեւ հաշվառված` օրենսդրության խախտումներով սեփականաշնորհված (տրամադրված) տնամերձ, անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով՝

ա) գյուղական համայնքներում ճանաչվում է սեփականության իրավունքը փաստացի օգտագործվող հողամասերի նկատմամբ, եթե այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, եւ եթե այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, եւ (կամ) չի առաջացնում սերվիտուտ:

Սույն ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում է համայնքի ղեկավարի, իսկ համայնքի վարչական տարածքներից դուրս` համապատասխան մարզպետի կողմից տրված տեղեկանքի հիման վրա այն մասին, որ այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.

բ) քաղաքային համայնքներում կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, եթե այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, եւ եթե այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ եւ չի հակասում քաղաքաշինական նորմերին:

Սույն ենթակետով սահմանված հողամասերի փաստացի օգտագործվող չափերը չպետք է գերազանցեն փաստաթղթերով ունեցած (տրամադրված) չափերի կրկնապատիկը: Սահմանված չափից ինքնակամ մինչեւ 20 տոկոս ավելի օգտագործվող հողամասերը փոխանցվում են անհատույց սեփականության իրավունքով:

Փաստաթղթերով ունեցած (տրամադրված) չափից 20 տոկոսից ավելի ինքնակամ օգտագործվող հողամասն օգտագործողի կողմից պետք է ձեռք բերվի դրա կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով: Նշված հողամասերը ձեռք չբերելու դեպքում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանվածի կրկնապատիկից ավելի օգտագործվող հողամասերի դեպքում, ամբողջ ավելի օգտագործվող հողամասը հետ է վերցվում եւ ճանաչվում է համայնքների սեփականություն, իսկ Երեւան քաղաքում` պետական սեփականություն:

3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը ոչ պատշաճ ձեւով անցկացված աճուրդով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (վաճառված, ձեռք բերված) եւ չկառուցապատված տնամերձ կամ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար նախատեսված, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով ճանաչվում է ձեռք բերողի սեփականության իրավունքը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, ընդ որում` քաղաքային համայնքներում կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, եթե այդ շենքերը, շինությունները բավարարում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները:

Հոդված 8. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման եւ գրանցման կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքերում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով, ըստ դրանց գտնվելու վայրի, պետք է դիմեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ:

2. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարին (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետին), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետին են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:

Համայնքի ղեկավարը (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս՝ համապատասխան մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում կայացնում է դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում: Ընդ որում, օրինականացման մասին որոշում կայացնելու եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում որոշման մեջ նշվում են հողամասի օտարման պայմանները՝ առանց օտարման պայմանագիր կնքելու, իսկ հողամասի վարձակալության դեպքում կնքվում է նաեւ համապատասխան պայմանագիր: Նշված ժամկետում որեւէ որոշում չկայացվելու դեպքում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները համարվում են օրինական, իսկ հողամասերը համարվում են տրամադրված վարձակալության իրավունքով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրանց կադաստրային արժեքը վճարելու պայմանով, իսկ դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման` սահմանված կարգով:

3. Համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետի կողմից ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասերի օրինականացման մասին որոշման հիման վրա քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, իրավունքների պետական գրանցման նպատակով, կրկին դիմում են անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում՝ դիմումին կցելով՝

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումը.

բ) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետի որոշումը, հողամասի վարձակալության դեպքում` նաեւ վարձակալության պայմանագիրը եւ հողամասի հատակագիծը.

գ) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի)` օրինականացման մասին որոշումը` կայացված շենքի ամրության ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական եզրակացության հիման վրա.

դ) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ նախկինում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սեփականաշնորհման հանձնաժողովների կողմից կայացված որոշումները.

ե) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքերում՝ նախկինում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սեփականաշնորհման հանձնաժողովների կողմից կայացված որոշումները, հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների օրինականացման եւ սեփականության իրավունքի ճանաչման մասին համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի) որոշումը.

զ) սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների օրինականացման եւ սեփականության իրավունքի ճանաչման մասին համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի) որոշումը, նախկինում օտարման կամ աճուրդի արդյունքների հիման վրա կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը (եթե դրանք պահպանվել են), հողամասի ձեռքբերման գնի վճարման անդորրագիրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում ներկայացնելու ընթացքում դիմողները համապատասխան բյուջե պետք է մուծեն վճարներ հետեւյալ դրույքաչափերով՝

ա) ինքնակամ կառուցված բնակելի տների եւ այգետնակների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 1000 դրամ.

բ) հասարակական նշանակության շենքերի, շինությունների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 2000 դրամ.

գ) բնակելի տներին եւ այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեսական եւ օժանդակ, արտադրական նշանակության շենքերի, շինությունների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 500 դրամ.

դ) բազմաբնակարան շենքերում ինքնակամ տեղափոխված դռների հաշվին առաջացած տարածքների, ինչպես նաեւ ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, տանիքներում կառուցված ձեղնահարկերի, վերնասրահների եւ այլ կցակառույցների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 1000 դրամ.

ե) ինքնակամ ձեւափոխված յուրաքանչյուր դռան եւ պատուհանի համար՝ 1000 դրամ:

Դիմողները, սույն մասով սահմանված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների համար, սահմանված կարգով համապատասխան բյուջե մուծված վճարների անդորրագրերը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի հետ պետք է ներկայացնեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ:

5. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը կամ այդ սեփականատերերից որեւիցե մեկի իրավունքը` նրանց համաձայնության հիման վրա: Համաձայնության բացակայության դեպքում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, իսկ հարցը կարող է լուծվել դատական կարգով:

Հոդված 9. Սեփականության իրավունքի ճանաչման դեպքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները եւ համապատասխան բյուջեներ գանձվող վճարները

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով եւ 7-րդ հոդվածով սահմանված դեպքերում, սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, ըստ անհրաժեշտության, հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունը համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա, համարվում է փոփոխված: Այդ փոփոխություններն ընդգրկվում են համայնքի (Երեւան քաղաքի) հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ համայնքի (Երեւան քաղաքի) հողային հաշվեկշռում:

2. Համայնքի վարչական սահմաններում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված վճարներն ուղղվում են համայնքային բյուջեներ, իսկ Երեւան քաղաքում՝ պետական բյուջե` համաքաղաքային ծախսերի կատարման նպատակով:

Հոդված 10. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքով սահմանված պայմաններին չհամապատասխանող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերն ու շինություններն օրենքի գործողության ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, ենթակա են քանդման դրանց կառուցողների միջոցների հաշվին, իսկ չքանդելու դեպքում դրանց կառուցող քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ ինքնակամ կառույցները քանդվում են հարկադիր կատարման կարգով:

2. Ինքնակամ զբաղեցված եւ չկառուցապատված տնամերձ կամ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար այն հողամասերի նկատմամբ, որոնք կից չեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերին, ճանաչվում է համայնքների սեփականության իրավունքը:

3. Սույն օրենքով սահմանված պայմաններին չհամապատասխանող բնակելի նշանակության շենքերի, շինությունների հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:

4. Մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների եւ հայտերի քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:

6. Սույն օրենքի գործողության ժամկետում գույքային իրավունքները չգրանցելու դեպքում սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հողամասերը համարվում են համայնքային սեփականություն (Երեւան քաղաքում՝ պետական սեփականություն):

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ գործողության ժամկետը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի գործողության ժամկետը երկու տարի է` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 հունվարի 2003թ.
ՀՕ-510