Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.09.2002
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

1. Սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անհատական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաեւ ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի նպատակը բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումն է:

Հոդված 2. Ռեգիստրի մասին օրենսդրությունը

1. Ռեգիստրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. «Ռեգիստր» հասկացությունը

Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)` ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

Հոդված 4. Ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները եւ ռեգիստրի կառուցվածքը

1. Ռեգիստրի ստեղծման եւ վարման հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծման եւ վարման միասնականությունը.

2) բնակչի անհատական հաշվառման տվյալներին՝ միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) մատչելիությունը.

3) բնակչի ազատ տեղաշարժի եւ բնակության վայրի ազատ ընտրությունը.

4) մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը.

5) բնակչի կողմից անհատական հաշվառման իր տվյալներին անարգել ծանոթանալու ազատությունը:

2. Ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից եւ կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (այսուհետ` տեղական ռեգիստրներ):

3. Ռեգիստրի ստեղծման եւ վարման աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Տեղական ռեգիստրների վարումը՝ որպես պետության պատվիրակած լիազորություն, իրականացնում են համապատասխան համայնքների ղեկավարները:

5. Կենտրոնական ռեգիստրը վարում եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետեւյալ անհատական տվյալները.

1) անհատական ծածկագիրը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաեւ հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին եւ ծննդավայրը.

6) սեռը.

7) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը եւ տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին եւ վայրը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակչության հաշվառման (գրանցման) այլ ձեւերն արգելվում են:

4. Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաեւ նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 6. Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները

1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ`

1) Հայաստանի Հանրապետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ծնված, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.

2) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկները եւ կազմակերպությունները) անհատական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները՝ կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Հոդված 7. Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը

1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Հոդված 8. Ռեգիստր վարող մարմինների միջեւ անհատական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

1. Տեղական ռեգիստր վարող մարմինը բնակչի անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրանք փոխանցում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, իսկ կենտրոնական ռեգիստր վարող մարմինը` տեղական ռեգիստր վարող մարմնին:

2. Նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին եւ նրա անհատական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված բնակիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները:

Հոդված 9. Բնակչության հաշվառման կարգը

Բնակչության հաշվառման կարգը եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Անձը հաստատող փաստաթղթերում բնակչի հաշվառման հասցեն չի նշվում:

Հոդված 10. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պետական կառավարման լիազորված մարմինները կենտրոնական ռեգիստր են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` սույն օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինը տեղական ռեգիստրներին տրամադրում է համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Հաշվառման կապակցությամբ բնակչությանը տեղեկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հաշվառված անձանց անհատական ծածկագրերը ռեգիստր են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Բնակչության պետական ռեգիստրը գործում է 2005 թվականի հունվարի 1 -ից:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-419


24.09.2003 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.05.2005 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.12.2007 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
25.02.2010 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
30.11.2011 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
21.06.2014 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
18.05.2015 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին