Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.10.2003
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները եւ երաշխիքները։

Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի համաձայն, իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Հոդված 3. Պաշտպանի նշանակումը

1. Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ, հասարակության մեջ վայելում է բարձր հեղինակություն։

2. Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից:

Պաշտոնի նշանակվելիս Պաշտպանը տալիս է հետեւյալ երդումը.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության եւ արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ»:

3. Պաշտպանը պաշտոնում նշանակվում է 6 տարի ժամկետով։

Նույն անձը Պաշտպանի պաշտոնում չի կարող նշանակվել միմյանց հաջորդող երկու ժամկետից ավելի:

Հոդված 4. Պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել պետական կամ այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։

2. Պաշտպանը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը։

3. Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունն ընդհատել պաշտոնավարության անցնելուց հետո՝ ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում։

Հոդված 5. Պաշտպանի անկախությունը

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին:
Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի։

2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաեւ որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը

1. Պաշտպանի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից։

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են միայն, եթե՝

1) խախտվել են սույն օրենքի 4-րդ հոդվածի պահանջները.

2) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4) նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով հրաժարական է ներկայացրել իր լիազորությունները վայր դնելու մասին.

5) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

6) նա առողջական վիճակի պատճառով ոչ պակաս, քան 6 ամիս անընդմեջ իր լիազորությունները չի կատարել.

7) Պաշտպանը մահացել է։

3. Վերոնշյալ դեպքերում Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը Ազգային ժողովի քննարկմանը կարող են ներկայացնել սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն առաջադրման իրավունք ունեցող անձինք: Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով:

4. Պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում նոր Պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Մինչեւ նոր Պաշտպան նշանակվելը Պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը։

Հոդված 7. Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները

1. Պաշտպանը քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված՝ մարդու (այդ թվում՝ նաեւ քաղաքացու) իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները։

Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան` երաշխավորելով քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ։

2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները։

3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաեւ պետական այլ մարմինների նիստերին եւ ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր։

4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր։

Հոդված 8. Պաշտպանին դիմելու իրավունքը

1. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից ու գործունակությունից։

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրեր՝ դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար։

Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը։

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ։ Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների՝ այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության եւ գաղտնալսման։

Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որեւէ խտրականության:

2. Պաշտպանին կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք։

Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով խախտվել են նաեւ նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների եւ այլն), ինչպես նաեւ նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը։

3. Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները։

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել։

5. Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց՝ որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով։

Հոդված 9. Պաշտպանին տրվող բողոքը

1. Բողոքը պետք է Պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին։

2. Սույն օրենքի գործողության առաջին տարում Պաշտպանին կարող են տրվել բողոքներ վերջին երեք տարվա ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ։ Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը: Բողոքում պետք է նշվեն նաեւ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին տեղեկությունները։

Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին։

3. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր։ Բանավոր բողոքների բովանդակությունը եւ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տվյալները պետք է արձանագրի պաշտպանը կամ նրա աշխատակազմը։

4. Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման ու որեւէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին։

5. Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով վերջինին տրամադրել հավաստագիր (ստացական)՝ բողոքի ստացման մասին։

6. Պաշտպանին ուղղված բողոքների համար պետական տուրք չի գանձվում։

Հոդված 10. Պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթակա բողոքները

1. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան։

2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում։

3. Եթե բողոքում բարձրացված հարցն իր բնույթով կարող է լուծել նաեւ պետական այլ մարմինը կամ պաշտոնատար անձը, եւ եթե այդ անձը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան՝ վերահսկողություն սահմանելով դրա քննարկման նկատմամբ։

Այս դեպքում դիմողը տեղեկացվում է, որ բողոքն այլ պաշտոնատար անձի է փոխանցվել։

Հոդված 11. Բողոքների ընդունումը

1. Բողոքը ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում՝

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) դիմողին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

3) բողոքը ներկայացնողի համաձայնությամբ բողոքը այն պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը.

4) բողոքը չքննարկելու մասին։

2. Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Բողոքը չքննարկելու մասին որոշում ընդունելիս Պաշտպանը պարտավոր է դիմողին բացատրել այդ բողոքի քննարկման՝ օրենքով նախատեսված կարգը։

3. Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։

4. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հասարակական նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները։

5. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանն իրավասու է դիմելու համապատասխան պետական մարմիններ կամ դրանց պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք նպաստեն բացահայտման ենթակա հանգամանքների ուսումնասիրմանը։

6. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չի կարող կատարել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որի որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են։

Հոդված 12. Բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրումը

1. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանը բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով իրավասու է՝

1) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ՝ զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում՝ նաեւ նախնական կալանքի եւ ազատազրկման վայրեր.

2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից եւ պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.

4) իրավասու պետական մարմիններին հանձնարարել բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզելու ենթակա հարցերի վերաբերյալ անցկացնել փորձագիտական հետազոտություններ եւ պատրաստել եզրակացություններ.

5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը.

6) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի։

Պաշտպանի գրավոր որոշմամբ սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները։

2. Պետական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով։

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպանին անվճար եւ անարգել։

4. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ։

5. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից։

Հոդված 13. Բողոքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պարզաբանումները

1. Բողոքներն ուսումնասիրելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալ բողոքի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իրենց դիրքորոշումն ամբողջությամբ։

2. Բողոքի վերաբերյալ քննարկման արդյունքները, քննարկման ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են։ Վերջինս պարտավոր է իր դիրքորոշումն ու պարզաբանումները Պաշտպանին ուղարկել ուսումնասիրության արդյունքներն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։ Նշված ժամկետը կարող է երկարաձգել Պաշտպանը։

Հոդված 14. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը

1. Մինչեւ բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը, քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն։

2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել՝ առանց նրանց գրավոր համաձայնության։

Հոդված 15. Պաշտպանի կողմից ընդունվող որոշումները

1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը.

1) առաջարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումների կամ գործողությունների (անգործության) մեջ նա տեսնում է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում, վերացնելու թույլ տրված խախտումները՝ նշելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթակա հնարավոր միջոցառումները.

2) մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում.

3) դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման հարցերով.

4) մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ դրա պաշտոնատար անձի՝ օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

5) առաջարկել իրավասու պետական մարմիններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել պաշտոնատար այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, եւ (կամ) որը խախտել է սույն օրենքի պահանջները։

2. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որն ստացել է Պաշտպանի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը, պարտավոր է դա ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին։ Անհրաժեշտության դեպքում Պաշտպանի համաձայնությամբ այս ժամկետը կարող է երկարաձգվել։

4. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին։

Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները եւ հիմնարար ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար։

5. Պաշտպանը կարող է անհրաժեշտության դեպքում հատուկ զեկույցներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով։

6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն՝ Պաշտպանի որոշման եւ միջնորդության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները։

Հոդված 16. Պաշտպանի կողմից տրվող պարզաբանումները

Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ։

Հոդված 17. Պաշտպանի զեկույցը

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում։ Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ համապատասխան հասարակական կազմակերպություններին:

2. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաեւ խախտումները զանգվածաբար չվերացնելու դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ արտահերթ հրապարակային զեկույցներով։

Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքի պահանջների խախտման համար

Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը կամ պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքով սահմանված Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ սահմանված ժամկետներում նյութեր կամ փաստաթղթեր չներկայացնելը կամ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելն առաջացնում է պատասխանատվություն՝ դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով եւ չափով։

Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը

1. Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում օժտված է անձեռնմխելիությամբ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, նա չի կարող կալանավորվել կամ ձերբակալվել: Պաշտպանը, նրա բնակարանը չեն կարող խուզարկվել առանց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության։ Պաշտպանի անձեռնմխելիությունը տարածվում է նաեւ նրա ուղեբեռների, նամակագրության, Պաշտպանի օգտագործած կապի միջոցների, ինչպես նաեւ նրան պատկանող փաստաթղթերի վրա։

2. Պաշտպանին հանցանքի վայրում բռնելու դեպքում ձերբակալությունն իրականացնող պաշտոնատար անձն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, որը պետք է որոշում ընդունի դրա հետագա կիրառման համար համաձայնություն տալու մասին։ Նման համաձայնություն 24 ժամվա ընթացքում չստանալու դեպքում Պաշտպանն անմիջապես պետք է ազատ արձակվի։

3. Պաշտպանն իրավունք ունի հրաժարվելու իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին քրեական կամ քաղաքացիական գործով որպես վկա ցուցմունքներ տալուց։

Հոդված 20. Պաշտպանի սոցիալական երաշխիքները

1. Պաշտպանի աշխատավարձը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին։

2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք։

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից։

Հոդված 21. Պաշտպանի անվտանգությունը

Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ Պաշտպանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հոդված 22. Պաշտպանի տեղակալը

1. Պաշտպանն ունի տեղակալ, որը նշանակվում է Պաշտպանի առաջարկությամբ, սույն օրենքով Պաշտպանի նշանակման համար նախատեսված կարգով եւ պայմաններով, ունի անկախության եւ գործունեության նույն երաշխիքները։

2. Պաշտպանի տեղակալն իրականացնում է Պաշտպանի լիազորությունները Պաշտպանի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակ կամ Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում: Վերջին դեպքում Պաշտպանի տեղակալն օգտվում է Պաշտպանի համար նախատեսված բոլոր իրավունքներից, երաշխիքներից ու անձեռնմխելիությունից:

3. Պաշտպանի տեղակալի այլ լիազորություններ սահմանում է Պաշտպանը։

Հոդված 23. Պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը

1. Պաշտպանի գործունեությունն ապահովելու համար Պաշտպանը ստեղծում է աշխատակազմ։

2. Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Պաշտպանի գործունեության իրավաբանական, կազմակերպչական, գիտական-վերլուծական, տեղեկատվական եւ այլ ապահովում։

3. Պաշտպանի աշխատակազմը պետական հիմնարկ է, որն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվամբ կնիք։

Մարզերում կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանի մարզային ներկայացուցչություններ։

4. Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ չեն եւ աշխատում են ժամկետային աշխատանքային պայմանագրերով։ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները պահպանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նախկին ծառայությանն անցնելու երաշխիքը, եթե աշխատակազմում աշխատանքի անցնելուց առաջ քաղաքացիական ծառայողներ են եղել: Աշխատակազմում նրանց աշխատանքը հավասարեցվում է քաղաքացիական ծառայությանը:

5. Այն անձինք, ովքեր որեւէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար։ Եթե աշխատակազմում որեւէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի է ենթարկվում կամ դատի է տրվում այլ հանգամանքի պատճառով, ապա մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով եւ ժամկետում այդ մասին տեղեկացնի Պաշտպանին։

Հոդված 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը

1. Պաշտպանը եւ նրա աշխատակազմը ֆինանսավորվում են պետական բյուջեից՝ առանձին տողով։

Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բյուջետային հայտը կազմում եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Պաշտպանը։ Հայտն առանց փոփոխության ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կարծիքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պետք է նախատեսել ավելի քիչ ծախսեր, քան ներկայացված է Պաշտպանի բյուջետային հայտում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողով պետք է ներկայացնի նաեւ իր առաջարկն այդ ծախսերի վերաբերյալ եւ նվազեցման հիմնավորումը։

2. Պաշտպանն ինքնուրույն է մշակում եւ իրագործում իրեն վերապահված միջոցների ծախսման հաշվարկը։

3. Ֆինանսական հաշվետվությունը Պաշտպանը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով։

Հոդված 25. Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը

1. Պաշտպանը հաստատում է աշխատակազմի կառուցվածքը, նրա կանոնակարգը եւ անմիջականորեն ղեկավարում է աշխատակազմի աշխատանքները։

2. Ծախսերի հաշվարկի շրջանակներում Պաշտպանը որոշում է իր աշխատակազմի աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը։

3. Աշխատակազմի ղեկավարման հետ կապված հարցերով Պաշտպանն արձակում է հրամաններ։

Հոդված 26. Փորձագիտական խորհուրդը

1. Պաշտպանը, խորհրդատվական օգնություն ստանալու նպատակով, կարող է ստեղծել փորձագետների խորհուրդ՝ կազմված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող անձանցից։

2. Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը։

3. Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 20 անդամը։

4. Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով եւ իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով։

Հոդված 27. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը եւ 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում Պաշտպանի նշանակման եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու իրավունքի մասին դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելուց հետո։

2. Մինչեւ սահմանադրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը՝

1) Ազգային ժողովի խմբերի եւ խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո նշանակում է Պաշտպանին.

2) տալիս է 6-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով պահանջվող համաձայնությունները։

Առաջին Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուներորդ օրը:

Առաջին Պաշտպանը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.11.2003
ՀՕ-23
01.06.2006 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.04.2008 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.12.2010 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
13.11.2012 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
12.12.2013 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
12.12.2013 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին
10.06.2014 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին