Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.1999

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է պետական, հասարակական եւ մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց առաջարկությունները, դիմումները եւ բողոքներն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկելու, քաղաքացիների, իրավաբանական անձանց իրավունքների եւ օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու եւ այդ խախտումները վերացնելու ու կանխելու առնչությամբ ծագող հարաբերությունները։

Սույն օրենքը չի տարածվում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման այն կարգի վրա, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, աշխատանքային եւ այլ օրենսդրությամբ։

Հոդված 2. Դիմումին, բողոքին եւ առաջարկությանը ներկայացվող պահանջները

Քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը եւ առաջարկությունը պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն։ Առանց հիշյալ տեղեկությունների՝ առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում եւ սահմանված կարգով ոչնչացվում է։

Առաջարկությունը, դիմումը եւ բողոքը չի քննարկվում նաեւ այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են։

Հոդված 3. Առաջարկությունների, դիմումների եւ բողոքների տնօրինման կարգը

Քաղաքացիները, իրավաբանական անձինք իրենց առաջարկությունները, դիմումները եւ բողոքները ժամանակին եւ օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով տալիս են այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը։

Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները բողոքարկվում են։

Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բողոքները կարող են տրվել դատարան։

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, կազմակերպությունները, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, բողոքներում առաջարկված հարցերի լուծումը, դրանք ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցում են դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ում պետք է դիմեն։ Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում են։

Հոդված 4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց
պաշտոնատար անձանց պարտականությունները

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) ընդունել եւ իրենց լիազորությունների սահմաններում, սույն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները, պատասխանել դրանց եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.

բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի՝ ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը.

գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների համալիր ուսումնասիրություն՝ այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս։

Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները։

Հոդված 5. Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգը

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն՝ նրանց առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու նպատակով։

Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ քաղաքացիներին հայտնված օրերին եւ ժամերին։

Հոդված 6. Առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման ժամկետները

Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին։

Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում՝ դրանք ստանալուց հետո մինչեւ մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները՝ 15 օրվանից ոչ ուշ։

Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով՝ այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին։

Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն եւ իրավաբանական անձին։ Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ՝ բանավոր։

Հոդված 7. Դիմումների եւ բողոքների քննարկման կարգն ու դրանց առաձնահատկությունները

Առանձին դեպքերում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները վերցվում են հատուկ հսկողության, եւ դրանց կատարման համար սահմանվում են անհատական ժամկետներ։

Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները հատուկ հսկողության վերցնելու եւ պատասխան պահանջելու իրավունք ունեն պետական իշխանության մարմինները, դիմումներին ու բողոքներին ընթացք տվող մարմինների վերադաս մարմինները։ Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն։

Հոդված 8. Պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

Քաղաքացին, իրավաբանական անձը, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, բողոքի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել այն մարմին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա են բողոքարկվող որոշում ընդունած պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը։ Այդ դեպքում դիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում։

Հոդված 9. Պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների պատասխանատվությունը

Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Զրպարտչական նպատակներով, ինչպես նաեւ անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ կամ արտահայտություններ բովանդակող՝ քաղաքացու դիմում կամ բողոք տալն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով։

Հոդված 10. Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման կարգը հասարակական կազմակերպություններում, միավորումներում եւ կազմակերպություններում

Հասարակական կազմակերպությունները, դրանց միավորումները կամ կազմակերպություններն իրենց իրավասությանը վերաբերող հարցերով քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննության են առնում իրենց լիազորությունների սահմաններում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում։

Հոդված 11. Բողոքով դատարան դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր քաղաքացի, իրավաբանական անձ իրավունք ունի բողոքով դիմել դատարան, եթե գտնում է, որ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների անօրինաչափ գործողություններով (որոշումներով) խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները։

Հոդված 12. Բողոքի քննարկման կարգը դատարանում

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների գործողությունների (որոշումների) դեմ քաղաքացիների բողոքները դատարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1990 թվականի դեկտեմբերի 4-ի «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 դեկտեմբերի 1999թ.
ՀՕ-24