Armenian English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ*

Ընդունվել է 07.07.2000

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Ակցիզային հարկը

Ակցիզային հարկը սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

Հոդված 3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները եւ հարկ վճարողները

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, գինենյութը, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը) եւ ֆիզիկական անձինք:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով եւ նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով եւ նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

Հոդված 4. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը եւ հարկման բազան

1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում՝

ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ՝ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում՝ անհատույց):

Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաեւ գույքի (ներառյալ՝ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների եւ գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):

2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)՝ արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով եւ կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:

Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը

1. Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով՝
 

Ապրանքի ծածկագիրն
ըստ ԱՏԳԱԱ-ի
Ապրանքախմբի անվանումը
Հարկման բազայի միավորը
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2203 գարեջուր
1 լիտր
70
2204
 

220410

խաղողի եվ այլ գինիներ, գինենյութ այդ թվում՝

փրփրուն գինիներ, 

շամպայն 

1 լիտր
100
 

180

250

2205 վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ
1 լիտր
500
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)
1 լիտր
180
2207 էթիլային սպիրտ
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
600
2208
 
 

220820
 
 
 
 

220860, 
220870

սպիրտային խմիչքներ 

այդ թվում՝

խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ եվ այլն) 

օղի, լիկյորներ եվ մրգօղիներ

1 լիտր

 
 

1,500
 
 
 

1,200
300

2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
1 կիլոգրամ
1,500
2709 հում նավթ եվ նավթամթերքներ
1 տոննա
27,000
2711
(բացառությամբ 
2711 11 եւ 
2711 21)
նավթային գազեր եվ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)
1 տոննա
1,000

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված՝ 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության՝ 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով:

3. Ծխախոտի արտադրանքի եւ ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

(փոփ. եւ լրաց. 27.12.01 ՀՕ-280)

Հոդված 6. Ակցիզային հարկի արտոնությունները

1. Ակցիզային հարկով չեն հարկվում՝

ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի »բ« ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) »ներմուծում՝ ազատ շրջանառության համար« մաքսային ռեժիմից տարբերվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող եւ այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ եւ ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումն ու օտարումը.

դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

(փոփ. 27.12.01 ՀՕ-280)

Հոդված 7. Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի։

(փոփ. 27.12.01 ՀՕ-280)

Հոդված 8. Ակցիզային հարկի վճարումը եւ հաշվարկների ներկայացումը

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիազային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ մինչեւ դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը եւ համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով:

Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 5-րդ կետի »ա« ենթակետում նախատեսված դեպքում։

4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման եւ սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգն ու ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը՝

ա) այդ հումքից պատրաստված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման՝ սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում.

բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա կացիզային հարկի ընդհանուր գումարից՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն:

6. Հայաստանի Հանրապետությունում ակցիազային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի՝ այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը;

(լրաց. 27.12.01 ՀՕ-280)

Հոդված 9. Ակցիզային հարկի վերադարձման կարգը

1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում՝

ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային եւ վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը՝ »Բացթողումը թույլատրված է« նշումով:

2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին՝

ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշտետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում.

բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով դիմումի եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:

Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:

Հոդված 11. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչականնորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչականնորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկային նախարարության հետ:

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի հունիսի 24-ի »Ակցիզային հարկի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000թ.
ՀՕ-79
 

* Պաշտոնական հրապարակման աղբյուրը՝ ՀՀՊՏ 2000/17 (115), 01.08.00։ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (27.07.00 ՀՕ-79) փոփոխվել եւ լրացվել է՝ 27.12.01 ՀՕ-280 (ՀՀՊՏ 2001/43 (175), 31.12.01)։


14.12.2001 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
25.09.2002 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
25.12.2003 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
25.12.2006 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
30.04.2008 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
30.04.2008 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
30.09.2008 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
26.12.2008 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.02.2009 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.10.2009 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
10.12.2009 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.10.2010 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.12.2010 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
14.09.2011 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.12.2011 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.12.2012 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.05.2014 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
17.12.2014 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
29.10.2015 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
24.11.2015 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.12.2016 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին