Օրենքը չի գործում:
Գործում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.1998
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II   Փաստաբանը, նրա գործունեութույնը
  • Գլուխ III  Փաստաբանական գործունեության արտոնագրումը
  • Գլուխ IV  Արտոնագրի գործողության դադարեցումը եւ կասեցումը
  • Գլուխ V   Փաստաբանի կարգավիճակը
  • Գլուխ VI  Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը
  • Գլուխ VII Փաստաբանների միությունները
  • Գլուխ VIII  Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության կազմակերպման եւ իրականացման կարգը:

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փաստաբանական գործունեության վրա:

    Օտարերկրյա փաստաբանները Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն են իրականացնում սույն օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

    Հայաստանի Հանրապետության փաստաբաններն օտարերկրյա պետություններում փաստաբանական գործունեություն են իրականացնում տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

    Հոդված 3. Փաստաբանական գործունեության վերաբերյալ օրենսդրությունը

    Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաբանական գործունեության իրականացման կարգը որոշվում է քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերով, սույն օրենքով եւ այլ օրենքներով:

    Փաստաբանական գործունեության մասին սույն օրենքով սահմանված կարգը միասնական է եւ պարտադիր բոլոր փաստաբանների համար:

    Փաստաբաններն ունեն միավորումներ կազմելու իրավունք: Փաստաբանների միավորումների կազմավորման կարգը որոշվում է սույն օրենքով:

    Փաստաբանը կարող է լինել միայն մեկ փաստաբանների միության անդամ:

    Հոդված 4. Փաստաբանական գործունեության հասկացությունը

    Փաստաբանական գործունեությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով ճանաչված իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած շահերի իրականացմանը՝ օրենքով չարգելված միջոցներով եւ եղանակներով:

    Փաստաբանական գործունեություն կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստացած փաստաբանը:

    Հոդված 5. Փաստաբանական գործունեության բովանդակությունը

    Փաստաբանական գործունեությունը ներառում է՝

    1) խորհրդատվությունը, այդ թվում՝ փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի կազմումը.

    2) ներկայացուցչությունը.

    3) պաշտպանությունը:

    Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնում է միայն փաստաբանը:

    Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

    Փաստաբանական գործունեությունը վճարովի է:

    Փաստաբանական գործունեության վճարի չափը եւ կարգը որոշվում է փաստաբանի եւ ծառայություն ստանալու դիմաց անձի միջեւ կնքված պայմանագրով:

    Օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միջոցով:

    Անվճար փաստաբանական ծառայությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանը պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանի աշխատանքային մեկ ժամի համար՝ դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրությանը համարժեք գումարի չափով:

    Սույն հոդվածով սահմանված չափից փոքր փոխհատուցման պայմաններով անվճար իրավաբանական օգնության ապահովումը կարող է իրականացնել փաստաբանների մեկ այլ միություն՝ կառավարության հետ կնքած պայմանագրի հիման վրա:

    ԳԼՈՒԽ II

    ՓԱՍՏԱԲԱՆԸ, ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 7. Փաստաբանը

    Փաստաբան է համարվում այն անձը, ով սույն օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր:

    Փաստաբանը չի կարող լինել պետական ծառայող:

    Հոդված 8. Փաստաբանական գաղտնիքը

    Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները, որոնք վստահորդը գաղտնիության հիմունքներով փոխանցել է փաստաբանին, ինչպես նաեւ այն տեղեկություններն ու ապացույցները, որոնք փաստաբանը հայթայթել է ինքնուրույն՝ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում, եւ որոնք հայտնի չեն հանրությանը:

    Փաստաբանն իրավունք ունի հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե՝

    1) առկա է վստահորդի համաձայնությունը.

    2) նրա կարծիքով գաղտնիքի չհրապարակման հետեւանքով կարող են տեղի ունենալ այնպիսի հակաօրինական արարքներ, որոնք կարող են առաջացնել՝ անձի մահ, ծանր մարմնական վնասվածքներ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս.

    3) դա անհրաժեշտ է նրա եւ վստահորդի միջեւ ծագած վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար:

    Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ:

    Հոդված 9. Փաստաբանների գործունեության կազմակերպական-իրավական ձեւերը

    Փաստաբաններն իրենց գործունեությունը կազմակերպելու համար կարող են ընտրել օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի կազմակերպական- իրավական ցանկացած ձեւ:

    ԳԼՈՒԽ III

    ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

    Հոդված 10. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

    Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, որը՝

    1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն (ներառյալ՝ արտոնագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը).

    2) հանձնել է որակավորման քննություն եւ ստացել համապատասխան վկայագիր:

    Հատուկ արտոնագիր ստանալու համար փաստաբանը որակավորման քննություն է հանձնում հատուկ ծրագրով: Հատուկ արտոնագիր կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

    Որակավորման պետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 11. Փաստաբանական գործունեության արտոնագիր տալու կարգը

    Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում՝ միությանն անդամագրվելու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:

    Հավակնորդի դիմումը քննարկվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում մեկամսյա ժամկետում: Դիմումը կարող է մերժվել միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:

    Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

    Միությանն անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է միության կնիքով եւ նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

    Արտոնագիրը տրվում է անժամկետ:

    Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության վրա: Սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի պահանջները բավարարող անձինք համարվում են Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանն անդամագրված՝ համապատասխան դիմում ներկայացնելու պահից:

    Հոդված 12. Հատուկ արտոնագիր տալու կարգը

    Հատուկ արտոնագիր ստանալու համար փաստաբանը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում՝ հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի կողմից տրված համապատասխան վկայագրի պատճենը:

    Հատուկ արտոնագիրը տալիս է միությունը՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված ընդհանուր ժողովի որոշմամբ:

    Յուրաքանչյուր միություն տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի, քան մեկ հատուկ արտոնագիր:

    Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

    Հատուկ արտոնագիրը տրվում է հինգ տարի ժամանակով:

    Հոդված 13. Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը հատուկ արտոնագիրը վճռաբեկ դատարան ներկայացնելու օրվանից հնգօրյա ժամկետում գրանցվում է վճռաբեկ դատարանում՝ դրա նախագահի հրամանով՝ նախապես ներկայացնելով պետական տուրքի մուծման մասին անդորրագիրը:

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իր լիազորությունները կարող է իրականացնել գրանցման պահից:

    Հոդված 14. Փաստաբանական գործունեության սահմանափակումները

    Անձը չի կարող լինել փաստաբան, եթե՝

    1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

    3) գտնվում է պետական ծառայության մեջ:

    ԳԼՈՒԽ IV

    ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

    Հոդված 15. Արտոնագրի գործողության դադարեցումը

    Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե նա՝

    1) դադարել է լինել փաստաբանների միության անդամ.

    2) արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

    3) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.

    5) անցել է պետական ծառայության.

    6) կատարել է այնպիսի արարք, որը «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» համաձայն հիմք է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար:

    Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ այն անվավեր ճանաչելով:

    Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում արտոնագիրն անվավեր է ճանաչում փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ փաստաբանների միության կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

    Արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատարան:

    Հոդված 16. Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը

    Հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝

    1) լրացել է հատուկ արտոնագրի գործողության ժամկետը.

    2) փաստաբանը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

    3) դադարեցվել է փաստաբանի արտոնագրի գործողությունը.

    4) վճռաբեկ դատարանի մասնավոր որոշման հիման վրա հատուկ արտոնագրի գրանցումը վճռաբեկ դատարանի նախագահի կողմից չեղյալ է ճանաչվել:

    Հատուկ արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

    Հոդված 17. Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողության կասեցումը

    Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը՝

    1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում կամ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ իր լիազորությունների ժամկետով.

    2) զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության՝ մինչեւ ծառայության ժամկետի լրանալը:

    Արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների միության նախագահը, իսկ հատուկ արտոնագրինը՝ վճռաբեկ դատարանի նախագահը:

    Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել համապատասխանաբար փաստաբանների միության նախագահին կամ վճռաբեկ դատարանի նախագահին:
     


    ԳԼՈՒԽ V

    ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

    Հոդված 18. Փաստաբանի իրավունքները

    Փաստաբանն իրավունք ունի՝

    1) քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնել կամ պաշտպանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ ներկայացնել վստահորդի շահերը պետական եւ ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում.

    2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերել եւ ներկայացնել ապացույցներ.

    3) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պահանջով.

    4) իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի բողոքարկել օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները, որոշումները, ներկա գտնվել վճռաբեկ դատարանում իր բերած բողոքի քննությանը:

    Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի եւ որոշման բողոքարկման հարցը լուծելու համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի դատարանում ծանոթանալ ցանկացած գործի:

    Հոդված 19. Փաստաբանի պարտականությունները

    Փաստաբանը պարտավոր է՝

    1) պահպանել սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ միության կանոնադրության պահանջները.

    2) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

    3) չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը:

    Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ՝

    1) երկու կամ ավելի անձանց նույն հարցով, եթե նրանց շահերի միջեւ առկա է հակասություն.

    2) եթե տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, փորձագետ կամ վկա.

    3) ներկայացրել է վստահորդին որեւէ գործում, եթե այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:

    Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջեւ առաջանում է հակասություն:

    Փաստաբանն իրավունք ունի հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաեւ վստահորդի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում: Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:

    Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել իր մոտ եղած համապատասխան փաստաթղթերը:

    Հոդված 20. Փաստաբանի գործունեության երաշխիքները

    Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

    Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեության իրականացմանը:

    Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություններ մատուցելու հնարավորությամբ:

    Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պարտականություններին, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ միության կանոնադրության պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, այդ թվում՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս, դատարանում, իրավապահ եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի համար:

    Հոդված 21. Փաստաբանի իրավական պաշտպանությունը

    Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի՝ օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան եւ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

    Արգելվում է այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել փաստաբանի անձնական խուզարկության կամ նրա բնակարանի խուզարկության արդյունքում եւ որոնք պարունակում են փաստաբանական գաղտնիք:

    Փաստաբանին ձերբակալելիս՝ ձերբակալումն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում համապատասխան փաստաբանների միությանը:

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:


    ԳԼՈՒԽ VI

    ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 22. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը

    Սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ միության կանոնադրության պահանջները խախտելու համար փաստաբանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

    Փաստաբանի նկատմամբ կարգապահական գործ հարուցում եւ նրա նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում փաստաբանների այն միության կարգապահական հանձնաժողովը, որի անդամ է տվյալ փաստաբանը: Կարգապահական գործ հարուցվում է ստացված գրավոր հաղորդումների հիման վրա: Անստորագիր եւ անհասցե հաղորդումներն ստուգման ենթակա չեն:

    Կարգապահական գործ հարուցելու մասին որոշումն անհապաղ հաղորդվում է փաստաբանին:

    Կարգապահական գործ կարող է հարուցվել կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերմամբ, դրանց վերաբերյալ ստացված հայտարարության կամ հաղորդման օրվանից տասնօրյա ժամկետում:

    Փաստաբանի նկատմամբ կարգապահական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործը ենթակա է կարճման, եթե անցել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը:

    Փաստաբանին չի կարելի կարգապահական պատասխանատվության ենթարկել, եթե խախտումը հայտնաբերելու օրվանից անցել է երեք ամիս:

    Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, փաստաբանը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանից երկու ամսվա ընթացքում:

    Կարգապահական գործի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ ներառյալ որոշման ընդունումը:

    Հոդված 23. Կարգապահական տույժերը

    Կարգապահական խախտման համար մեղավոր ճանաչված փաստաբանի նկատմամբ կարգապահական հանձնաժողովը կարող է նշանակել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը՝

    ա) նախազգուշացում.

    բ) նկատողություն.

    գ) խիստ նկատողություն:

    Կարգապահական տույժի նշանակումը փաստաբանը կարող է բողոքարկել դատարան՝ տույժի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում:


    ԳԼՈՒԽ VII

    ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 24. Փաստաբանների միությունները

    Փաստաբանների միություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ եւ գրանցվում են վճռաբեկ դատարանում:

    Փաստաբանների միությունների նպատակները եւ խնդիրներն են՝

    1) պայմաններ ստեղծել իրենց անդամների մասնագիտական գործունեության իրականացման համար.

    2) պաշտպանել իրենց անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում.

    3) կազմակերպել իրենց անդամների ուսուցումը եւ վերապատրաստումը.

    4) վերահսկողություն իրականացնել իրենց անդամների կողմից «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ միության կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.

    5) միջոցներ ձեռնարկել փաստաբանի հեղինակության բարձրացման ուղղությամբ:

    Փաստաբանների միություններն անկախ, ինքնակառավարվող միավորումներ են եւ օգտվում են հասարակական կազմակերպությունների համար օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից:

    Հոդված 25. Փաստաբանների միության ստեղծումը

    Փաստաբանների միությունն ստեղծվում է նրա հիմնադիրների (առնվազն հիսուն փաստաբան եւ որակավորման քննության հանձնած եւ համապատասխան վկայագիր ունեցող անձինք) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի որոշմամբ:

    Փաստաբանների միությունը հիմնադիր ժողովում ընդունում է իր կանոնադրությունը, ընտրում մշտապես գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ, կարգապահական հանձնաժողով:

    Հոդված 26. Փաստաբանների միության գրանցումը

    Փաստաբանների միության գրանցումն իրականացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:

    Փաստաբանների միությունը գրանցման նպատակով վճռաբեկ դատարան է դիմում հիմնադիր ժողովի ավարտից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

    Փաստաբանների միությունը գրանցման նպատակով վճռաբեկ դատարան է ներկայացնում՝

    1) գրանցման մասին դիմում.

    2) հիմնադիր ժողովի արձանագրությունը.

    3) հիմնադիրների անձնագրային տվյալները.

    4) կանոնադրությունը՝ 4 օրինակից՝ ստորագրված միության ղեկավարի կողմից.

    5) մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ անձանց անձնագրային տվյալները.

    6) փաստաթուղթ միության գործունեության վայրի մասին եւ հասցեն.

    7) հիմնադիրների փաստաբանական գործունեության արտոնագրերի կամ որակավորման քննությունների վկայագրերի պատճենները.

    8) գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը:

    Անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո վճռաբեկ դատարանի նախագահը 30 օրվա ընթացքում քննարկում եւ որոշում է կայացնում միությունը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին: Սահմանված ժամկետում գրանցումը չմերժելու դեպքում միությունը համարվում է գրանցված:

    Գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք օրվա ընթացքում, վճռաբեկ դատարանի նախագահը փաստաբանների միությանն է հանձնում գրանցման վկայագիրը կամ գրանցումը մերժելու մասին որոշման պատճենը, որտեղ պետք է նշված լինեն մերժման հիմքերը:

    Միությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում գրանցման պահից: Գրանցման պահից նոր միության այն անդամների արտոնագրերը, որոնք եղել են այլ միության անդամ, ուժը կորցրած են համարվում:

    Փաստաբանների միության կանոնադրության փոփոխությունները իրավաբանական ուժ են ստանում սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելուց հետո:

    «Փաստաբանների միության կանոնագիրքը» գրանցվում է եւ դրանում փոփոխություններ են կատարվում սույն օրենքով փաստաբանների միության կանոնադրության գրանցման եւ դրանում փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:

    Հոդված 27.Փաստաբանների միության մարմինները

    Փաստաբանների միության մարմիններն են՝

    1) ընդհանուր ժողովը.

    2) մշտապես գործող ղեկավար մարմինը (վարչություն, խորհուրդ եւ այլն).

    3) կարգապահական հանձնաժողովը.

    4) վերստուգիչ հանձնաժողովը:

    Փաստաբանների միության մարմինների լիազորությունները սահմանվում են միության կանոնադրությամբ:

    Հոդված 28.Փաստաբանների միության գրանցումը մերժելը

    Փաստաբանների միության գրանցումը մերժվում է, եթե՝

    1) ներկայացված տվյալներում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ.

    2) միության կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին.

    3) գրանցված է նույն անունով փաստաբանների մեկ այլ միություն.

    4) փաստաբանների միությունն ստեղծվել է սույն օրենքի պահանջների խախտմամբ:

    Գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

    Հոդված 29. Փաստաբանների միության լուծարումը

    Փաստաբանների միության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարեցման:

    Փաստաբանների միությունը լուծարվում է՝

    1) փաստաբանների միության ընդհանուր ժողովի որոշմամբ.

    2) եթե միությունն իր գործունեությամբ խախտում է Սահմանադրությունը եւ օրենքները:

    Սույն հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանների միության լուծարման հարցը լուծում է դատարանը՝ վճռաբեկ դատարանի նախագահի դիմումի հիման վրա:
     


    ԳԼՈՒԽ VIII

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:

    Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝

    1) ուժը կորցրած ճանաչել 1980 թվականի նոյեմբերի 13-ի «Հայկական ՍՍՀ փաստաբանական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքը.

    2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիան եւ նրա մարմինները շարունակում են գործել իրենց նախկին լիազորությունների շրջանակում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կազմավորումը.

    3) Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի անդամների եւ արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա իրավաբանական ծառայություն մատուցող անձանց լիազորությունները երկարաձգվում են մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը:

    Հոդված 32. Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությունը կազմավորվում է վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գումարվող ընդհանուր ժողովում, որին կարող են մասնակցել որակավորման քննություն հանձնած եւ համապատասխան վկայագիր ստացած անձինք:

    Հոդված 33. Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի իրավահաջորդն է:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    18 հուլիսի 1998թ.
    ՀՕ-234




  • 28.12.1998 «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    23.10.2001 «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին