Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2001

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» ենթակետը «պատկանող գույքի վաճառքից» բառերից հետո լրացնել «հարկային գործակալ չհանդիսացողներից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝

ա) 1-ին եւ 2-րդ կետերի «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 եւ 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետում՝

- «ա» ենթակետի «եւ «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիրը չկնքելու կամ պահանջվող տվյալներից որեւէ մեկի բացակայության» բառերը փոխարինել «ենթակետով նախատեսված ձեւով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների եւ Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու» բառերով.

- «բ» ենթակետի «եւ 4-րդ» բառերը փոխարինել «, 4-րդ եւ 5-րդ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում «վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ ավելի ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո՝ հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ավելի ցույց տրված վնասի նկատմամբ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-287