Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.12.1998

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական եւ իրավական հիմքերը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։

Հոդված 1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը

Սույն օրենքով՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ՝ վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 2. Վետերանների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:

Հոդված 3. Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն՝

ա) պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար երթեւեկել քաղաքային եւ մերձքաղաքային մարդատար տրանսպորտի (անկախ սեփականության ձեւից) բոլոր տեսակներով (բացի տաքսիներից)։

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն իրավունք ունեն՝

ա) պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում.

բ) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար երթեւեկել քաղաքային եւ մերձքաղաքային մարդատար տրանսպորտի (անկախ սեփականության ձեւից) բոլոր տեսակներով (բացի տաքսիներից).

դ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի (գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձ), իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում՝ նաեւ սահմանված նորմաների շրջանակներում վառելիքի ձեռքբերման համար.

ե) ստանալ անվճար պրոթեզավորում եւ վերականգնողական պարագաներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Վետերանն ստանում է 1750 դրամ ամենամսյա պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 5. Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը

Վետերանների եւ նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով եւ այլ նորմատիվ ակտերով սահմանված իրավական եւ սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

Հոդված 6. Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը

Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 7. Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 8. Անցումային դրույթ

Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսապատիկից։

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 դեկտեմբերի 1998թ.
ՀՕ-267
 
 
 


06.02.2002 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
25.12.2003 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
14.12.2004 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.10.2005 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.11.2006 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
02.02.2010 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
10.12.2013 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին