Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.1997


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է պետական գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման՝ սեփականաշնորհման, (այսուհետ՝ մասնավորեցման) իրավահարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գույքն այլ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական գործառնությունները կատարելու հետ, ինչպես նաեւ պետական բնակարանային ֆոնդի օտարման հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Համայնքի գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման իրավահարաբերությունները, բացառությամբ սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով նախատեսված դեպքի, սույն օրենքով չեն կարգավորվում:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

Պետական գույք՝ սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, այդ թվում՝ պետական ընկերությունների բաժնետոմսեր, պետական մասնակցությամբ ընկերությունների եւ ոչ պետական ընկերությունների պետական բաժնետոմսեր, ինչպես նաեւ գույքի առանձին տարրեր:

Անավարտ շինարարության օբյեկտ՝

ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ եւ հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտ, որտեղ շինմոնտաժային աշխատանքները սկսված չեն.

բ) օբյեկտ, որտեղ իրականացվել կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ, եւ որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.

գ) սահմանված կարգով կոնսերվացված օբյեկտ:

Ոչ պետական ընկերություն՝ ընկերություն, որի բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունն է:

Պետական մասնակցությամբ ընկերություն՝ ընկերություն, որի բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը պետական կամ համայնքի սեփականությունն է:

«Փոքր» օբյեկտ՝ հանրային սննդի, բնակչության կենցաղային սպասարկման եւ առեւտրի ոլորտներում մասնագիտացված իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները: «Փոքր» մասնավորեցում է համարվում այն «փոքր» օբյեկտների մասնավորեցումը, որոնց զբաղեցրած ընդհանուր տարածքը գնահատման պահին չի գերազանցում 200 քառակուսի մետրը: «Փոքր» մասնավորեցումն իրականացվում է «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամներին դրանք ուղղակի վաճառքի միջոցով՝ սույն օրենքով սահմանված կարգով։

Պետական գույքի մասնավորեցման մասին սույն օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու պահին ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ ՝

ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.

բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած եւ այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.

ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

է) ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունելու պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատված անձինք.

ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.

թ) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված եւ զինծառայության մեջ գտնվող, ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաեւ ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք:

Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ միայն մեկ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում:

Օտարերկրյա անձինք՝

ա) այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք.

բ) այլ պետությունների իրավաբանական անձինք.

գ) միջազգային կազմակերպությունները.

դ) այլ պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպություններին, այլ պետություններին լրիվ կամ առավելապես (գույքի կեսից ավելի մասով) պատկանող ընկերությունները (ձեռնարկությունները):

Հոդված 3. Մասնավորեցման հասկացությունը եւ օբյեկտները

1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների օտարումն է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Մասնավորեցման օբյեկտ են՝

ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական եւ պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.

բ) սույն օրենքով սահմանված կարգով առանց դատարանի որոշման լուծարված պետական եւ պետական մասնակցությամբ ընկերության (ձեռնարկության) պետության բաժնեմաս համարվող գույքը.

գ) վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը.

դ) բնակելի շենքերում պետական կամ համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները՝ բացառությամբ համայնքների կողմից վարձակալության տրված տարածքների.

ե) անավարտ շինարարության օբյեկտները.

զ) պետությանը պատկանող գույքային իրավունքները եւ գույքի ոչ նյութական օբյեկտները, այդ թվում՝ թողարկված նոր բաժնետոմսերի բաժանորդագրման իրավունքը, ընդերքի եւ բնական պաշարների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 3-րդ կետի «զ» եւ «է» ենթակետերով սահմանված դեպքերում.

է) պետական ձեռնարկությունները կամ դրանց միավորումը՝ պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվելուց հետո:

3. Մասնավորեցում չէ՝

ա) բռնագանձելու, բռնագրավելու, տիրազուրկ ճանաչելու հետեւանքով, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ, պարտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով անցած գույքը օտարելը, ինչպես նաեւ պետության կողմից գրավի առարկան իրացնելը.

բ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված լուծարվող իրավաբանական անձանց պատկանող պետական գույքը օտարելը.

գ) պետական պահուստից օտարվող գույքը.

դ) օրենքով սահմանված կարգով պետական գույք համարվող գրավի առարկայի վրա դատարանի վճռով բռնագանձումը կամ գրավի առարկայի իրացումը գրավառուի կողմից.

ե) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված իրավաբանական անձանց ֆինանսական առողջացման ծրագրերի շրջանակներում պետական գույքը օտարելը.

զ) «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով ընդերքն օգտագործման տրամադրելը՝ բացառությամբ պետական եւ պետական մասնակցությամբ ընկերություններին օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված ընդերքի օգտագործման իրավունքի.

է) բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքը՝ բացառությամբ պետական եւ պետական մասնակցությամբ ընկերություններին բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքի.

ը) օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, բյուջետային հիմնարկներին եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պատկանող գույքը վարձակալությամբ տալը եւ օտարելը:

Հոդված 4. Պետական գույքի մասնավորեցման ծրագիրը

1. Մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրերով (այսուհետ՝ ծրագիր):

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ ծրագրի գործադրմանը նախորդող նստաշրջան է ներկայացնում ծրագրի նախագիծը: Մինչեւ ծրագրի գործադրման սկիզբը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում եւ ընդունում է ծրագիրը, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մասին հաշվետվությունը՝ օրենքների տեսքով: Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:

Ծրագիրը պետք է բովանդակի՝

ա) մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները.

բ) տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները (առանձին դեպքերում նաեւ ընկերությունները եւ անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում առաջիկա տարում մասնավորեցում չի նախատեսվում.

գ) մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ նախարարությունների եւ պետական կառավարման ու տեղական իշխանության մարմինների իրավասության սահմանափակումները.

դ) տարաժամկետ վճարումների սանդղակը՝ «փոքր» մասնավորեցման դեպքում.

ե) պետական բաժնետիրական, ոչ պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար, նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձեւով մասնավորեցվողները.

զ) տվյալ ծրագրի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներ թողարկելու կամ չթողարկելու մասին որոշումը.

է) նախորդ ծրագրերի շրջանակներում թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը.

ը) տվյալ ծրագրի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներ թողարկելու դեպքում՝ դրանց թողարկման ծավալը, ձեռք բերելու իրավունք ունեցող անձինք, թողարկման, բաշխման եւ շրջանառության կարգը, անվանական արժեքը եւ սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը:

2. Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) եւ «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են՝ վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:

Հոդված 5. Մասնավորեցման սուբյեկտները

1. Մասնավորեցման սուբյեկտներն են՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամները:

2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ ունեն մասնավորեցմանը մասնակցելու հավասար իրավունքներ ։

3. Պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի մասնավորեցմանը, եթե դա նախատեսված է այդ գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

4. Ազգայնացված, բռնագրավված կամ այլ ձեւով պետականացված ընկերությունների նախկին սեփականատերերը, նրանց ժառանգները կամ իրավահաջորդներն այդ ձեռնարկությունների մասնավորեցմանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով:

Հոդված 6. Մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցները

Պետական գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը, ազատ փոխարկելի արտարժույթը, սեփականաշնորհման սերտիֆիկատները:

Որպես վճարման միջոց կարող են օգտագործվել նաեւ պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով, փոխարկելի պարտատոմսերը, այլ գույքը, եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին մասի «գ», «դ» (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին եւ վարձակալին մասնավորեցնելու դեպքերի), «ե» (բացառությամբ բաժնետոմսերի բաց տեղաբաշխման դեպքերի) «զ» եւ «ը» ենթակետերով սահմանված ձեւերով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված՝ նշված միջոցների օգտագործումը պետական գույքը մասնավորեցնելու համար։ Եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված ձեւով, ապա մասնավորեցման նպատակով օգտագործվող միջոցներ են համարվում նաեւ մասնավորեցման մասնակիցների կատարած վճարումները մասնավորեցվող ընկերության կանոնադրական հիմնադրամին: Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց չեն կարող օգտագործվել սույն օրենքի 17 հոդվածի (միջազգային մրցույթների մասով), 18 հոդվածի (բացառությամբ այն դեպքերի, երբ պետական գույքը մասնավորեցվում է աշխատավորական կոլեկտիվի անդամներին կամ վարձակալին), 19 եւ 21 հոդվածներով նախատեսված դեպքերի:

Հոդված 7. Սեփականաշնորհման սերտիֆիկատները

Սեփականաշնորհման սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթուղթն է։ Սույն օրենքով սահմանված դեպքերում, պետությունը պարտավորվում է դրանք ընդունել որպես վճարման միջոց՝ մասնավորեցվող օբյեկտը օտարելու դիմաց:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որն արտահայտված է Հայաստանի Հանրապետության արժույթով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները, բացառությամբ սույն օրենքի
6 հոդվածով նախատեսված դեպքերի, օրինական վճարման միջոց են մասնավորեցվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի ձեռքբերման համար եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարտադիր ընդունվում են միայն անվանական արժեքով ու դրանց գործողության ժամկետներում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունք: Մասնավորեցման բնագավառում անչափահասների իրավունքներն իրականացնում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները, թողարկման ծավալը եւ գործողության ժամկետը սահմանվում են ծրագրով:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում համապատասխան նշում կատարելով:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաշխվում են առանց դրանց անվանական արժեքի համար վճարելու: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով՝ ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության եւ փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձեւով՝ դրանց տերերի կամ միջնորդ կազմակերպությունների կողմից, ազատ ձեւավորվող գներով:

Մեկ անձի տնօրինած սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:

Պետությունը սեփականաշնորհման սերտիֆիկատները հետ չի գնում։ Պետությունը պետական կազմակերպությունները եւ ընկերությունները (ձեռնարկությունները) չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:

Մասնավորեցման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում:

Մասնավորեցման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները դուրս են բերվում շրջանառությունից եւ մարվում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 8. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը

Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսն անհատույց մասնավորեցվում է պետական ձեռնարկության այն աշխատողներին, ովքեր այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ եւ իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց մասնավորեցմանը:

Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցում են նաեւ՝

ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.

բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք եւ կամավորները, ովքեր ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետեւանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել.

գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած եւ զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքը թողած եւ այդ պատճառով հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.

զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները:

Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) կամ մասնակի անհատույց մասնավորեցման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց մասնավորեցմանը կարող են մասնակցել նաեւ՝

ա) արտադրական վնասվածքի հետեւանքով տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին կորցրած եւ այդ ձեռնարկությունից փոխհատուցում կամ կենսաթոշակ ստացող անձինք.

բ) տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած եւ մինչեւ կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում առնվազն տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները:

Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում եւ միայն մեկ ձեռնարկությունում:

Մասնակի անհատույց մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատած ցանկում նշված ձեռնարկությունները:

Մասնակի անհատույց մասնավորեցման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

Մասնակի անհատույց մասնավորեցումն իրականացվում է մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը, եթե օրենքով առանձին ձեռնարկությունների վերաբերյալ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 9. Մասնակի անհատույց մասնավորեցումից ստեղծված բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցումը

Մասնակի անհատույց մասնավորեցումից ստեղծված բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա չբաշխված շահույթի՝ պետությանը պատկանող բաժնեմասից ներդրումային մասնավորեցման հիմնադրամին ուղղվող գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհատույց բաշխվում է տվյալ ընկերությունում բաշխման պահին առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին (անկախ մասնակի անհատույց մասնավորեցմանն այդ աշխատողների մասնակցության հանգամանքից) բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի հավաստագրերի տեսքով:

Բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվելուց հետո բաժնետիրական ընկերությունը չի կարող որոշում ընդունել ներդրումային մասնավորեցման հիմնադրամին շահույթն ուղղելու մասին:

Հոդված 10. Ընկերությունների (ձեռնարկությունների) եւ «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների՝ մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը

1. Մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ:

2. Պետական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում՝ աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի: Ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել եւ բաժանորդագրվել է ընկերության (ձեռնարկության) պետական բաժնեմասի մինչեւ 20 տոկոսին:

3. «Փոքր» մասնավորեցման դեպքում ուղղակի վաճառքի ձեւով այդ օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների մասնավորեցման նախապատվության իրավունք։ Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների վրա։

«Փոքր» մասնավորեցման դեպքում այդ օբյեկտները ձեռք բերած աշխատավորական կոլեկտիվները կարող են օգտվել տարաժամկետ վճարումների սանդղակից:

Ընկերությունների կազմում գտնվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները մասնավորեցվում են այդ ընկերությունների կազմում, եթե այդ «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցման հայտ չեն ներկայացրել մինչեւ սույն օրենքն ընդունելու պահը:

Հոդված 11. Մասնավորեցումից հետո ընկերության եւ նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

Եթե մասնավորեցվում է ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ վեց ամիս ժամկետով կարող է սահմանափակել մասնավորեցված ընկերության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց լիազորած մարմինների իրավունքը՝ փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նոր սեփականատերն աշխատավորական կոլեկտիվի անդամների համաձայնությամբ կարող է փոխել աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը: Այդ դեպքում աշխատանքից ազատելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, եւ սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը՝ վճարելով չաշխատած ժամկետի համար՝ ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի:

Մասնավորեցված օբյեկտի նոր սեփականատերերը կամ նրանց լիազորած մարմինները վեց ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ կնքում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրեր: Մինչեւ նոր պայմանագրեր կնքելը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) սույն օրենքի 4 հոդվածով սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով.

բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի՝

- հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշներ՝ ըստ մասնավորեցման ձեւերի եւ ձեռնարկությունների, մասնավորեցման հետեւանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաեւ մասնավորեցման հետեւանքով փաստացի կատարված ներդրումների եւ ներդրումային պարտավորությունների մասին։

Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը.

գ) սահմանափակումներ է կիրառում մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ.

դ) ընդունում է որոշումներ պետական գույքի մասնավորեցման մասին:

Պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի մասնավորեցման ձեւը, ժամկետները, վճարման միջոցները եւ ժամկետները, նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, մասնավորեցման մասնակիցներին տրվող արտոնությունները եւ այլն:

Եթե մասնավորեցվող գույքի կազմում գտնվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով պատմամշակութային արժեք ճանաչված շենքեր, շինություններ եւ գույքի այլ օբյեկտներ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի դրանց օգտագործման սահմանափակումները, մասնավորապես դրանք պահպանելու եւ արտաքին տեսքի կամ ներքին վերափոխման վերաբերյալ.

ե) հաստատում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը եւ գնահատման մեթոդների կիրառման կարգը.

զ) հաստատում է սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձեւերի կանոնակարգերը.

է) թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ, ապահովում դրանց բաշխումը եւ մասնավորեցման համար որպես վճարման միջոց ընդունելը, փոխանակելը եւ մարելը.

ը) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը, նրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն եւ առավելագույն չափերը:

Հոդված 13. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին)՝

ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.

գ) կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնավորեցման գործարքներ (սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը), վերահսկում է գործարքներ կատարելը եւ կիրառում՝ գործարքներում նշված պատժամիջոցները.

դ) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր եւ դրանց ընթացք տալիս՝ սահմանված կարգով.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում՝ ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ.

զ) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեկ քառակուսի մետր արժեքից եւ այդ գործակիցների նվազագույն եւ առավելագույն չափերից.

է) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.

ը) վերահսկում եւ վերլուծում է մասնավորեցման ընթացքը՝ այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման եւ դատական մարմիններից.

թ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան սահմանած այլ լիազորություններ։

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Պետական գույքի մասնավորեցման ձեւերը

1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ հիմնական ձեւերով՝

ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.

բ) աճուրդ.

գ) մրցույթ (այդ թվում՝ միջազգային մրցույթ).

դ) ուղղակի վաճառք.

ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.

զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.

է) բաժնետոմսերի վաճառք՝ մասնագիտացված շուկաներում.

ը) պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:

2. Պետական գույքի մասնավորեցման ձեւի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է կիրառվել ինչպես մասնավորեցման ձեւերից մեկը, այնպես էլ դրանց համակցությունը:

Մասնավորեցման ձեւի ընտրությունը կատարվում է ելնելով՝

ճյուղային առանձնահատկություններից.

ներքին եւ արտաքին շուկաներում գրաված դիրքից.

ձեռնարկության ֆինանսական վիճակից.

պետական գույքը որպես գործող ընկերություն մասնավորեցնելու նպատակահարմարությունից.

անհրաժեշտ ներդրումներ կատարելու պահանջից:

Հոդված 15. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը

1. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը` տվյալ ընկերությունում պետական բաժնեմասի ամբողջությամբ վաճառքն է բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով։

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ՝ (աշխատավորական կոլեկտիվի անդամների համար) եւ բաց բաժանորդագրությամբ՝ (այլ անձանց համար), ընդ որում, կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով։ Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է մասնավորեցվող ընկերության մեկնարկային գինը, որը ներառում է բաժնետոմսերի մեկնարկային քանակը եւ բաժնետոմսի անվանական արժեքը, որը պետք է հարյուր դրամին բազմապատիկ լինի, բայց քսան հազար դրամից ոչ ավելի։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները որոշումն ընդունելու պահին՝ ներառյալ հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը եւ տուգանքները ։

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բաժանորդագրության կայացման նվազագույն սահման:

2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը՝ ազդագրի հրապարակման տասներորդ օրվանից սկսած։

Լիազորված պետական մարմինը բաժնետոմսերի փակ եւ բաց բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ:

Բաժանորդագրությունն իրականացվում է երեսունհինգ օրվա ընթացքում, այդ թվում՝ աշխատավորական կոլեկտիվի անդամներին՝ փակ բաժանորդագրությունը՝ մեկ ամսվա ընթացքում։

3. Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրություն չի իրականացվում, եւ կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի՝ բաց բաժանորդագրության միջոցով:

4. Եթե մասնավորեցումը համարվում է կայացած, ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է՝ ելնելով դրանց տեսակարար կշռից, որը հաշվարկվում է՝ փակ բաժանորդագրությամբ ձեռք բերված բաժնետոմսերի քանակը բաժանելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժնետոմսերի քանակին:

Ընդ որում, եթե՝

ա) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի շատ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակն ավելացվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում՝ լրացուցիչ բաժնետոմսերը հատկացվում են անհատույց.

բ) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը պակասեցվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում՝ աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, վերադարձվում են պակասեցված բաժնետոմսերի քանակի համար վճարներն այն վճարման միջոցով, որով դրանք ձեռք են բերվել:

5. Եթե մասնավորեցվող ընկերությունում սույն օրենքի 8 հոդվածի համաձայն տեղի է ունեցել մասնակի անհատույց մասնավորեցում կամ սույն օրենքի 9 հոդվածի համաձայն պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցում, ապա մասնակի անհատույց մասնավորեցմանը կամ պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց հասանելիք բաժնետոմսերի քանակը հաշվարկվում է այնպես, որ պահպանվի մինչեւ ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցումը եղած դրանց հարաբերակցությունը պետական բաժնեմասի հետ։

6. Լիազորված պետական մարմինը պատասխանատու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ազդագրում հրապարակված տվյալների համար:

7. Պետական բաժնետիրական ընկերությունը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ չմասնավորեցվելու դեպքում՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում՝ ընկերությունը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձեւով երկրորդ անգամ մասնավորեցնելու մասին.

բ) նոր մասնավորեցումը չկայանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում որոշում է ընդունում ընկերությունն այլ ձեւով մասնավորեցնելու մասին.

գ) ընկերությունը երրորդ անգամ չմասնավորեցվելու դեպքում՝ 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում օրենքով կամ այլ իրավական ակտով այն լուծարելու մասին:

Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով

1. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին:

Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որեւէ պայմանի կատարում:

Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել:

2. Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձեւերը՝ (դասական, հոլանդական, ամբողջությամբ կամ լոտային), մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը եւ աճուրդի իրականացման ժամկետները։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին՝ ներառյալ հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը եւ տուգանքները։

3. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում։

4. Պետական գույքի աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում՝ բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում։

5. Պետական գույքի աճուրդի միջոցով չմասնավորեցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում՝ պետական գույքը մասնավորեցնելու մասին:

Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով (միջազգային մրցույթով)

Պետական գույքը համարվում է մրցույթով մասնավորեցվող, եթե պետական գույքը մասնավորեցվում է նախօրոք սահմանված պայմաններին առավելագույն բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախաորակավորմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետեւյալ պայմանները՝

ա) գինը.

բ) ներդրումների չափը.

գ) սոցիալական երաշխիքները.

դ) ծառայությունների մատուցման սակագները, եթե մասնավորեցվում է օրենքով կամ այլ իրավական ակտով լիցենզավորվող գործունեություն իրականացնող ընկերության պետական բաժնեմասը.

ե) սույն հոդվածի «ա» - «դ» կետերում նշված պայմանների կամ դրանց մի մասի նախօրոք սահմանված համամասնություններով կազմված համախումբը։

Պետական գույքի մրցույթով կամ միջազգային մրցույթով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը եւ իրավասությունները։

Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով կարող է իրականացվել, եթե մասնավորեցվում է ընկերությունների ձայների իրավունք տվող պետական բաժնետոմսերի տասը եւ ավելի տոկոսը:

Մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում՝ լիազորված պետական մարմինն իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցիների հետ, եթե դա նախատեսված է մրցույթով պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն՝ դրա սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում առաջարկներն առավելագույն չափով են բավարարում ներկայացված պահանջները:

Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում՝ լիազորված պետական մարմինն իրավասու է մրցույթի նախապատրաստելու եւ կազմակերպելու համար ընդգրկել հայրենական եւ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:

Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:

Եթե մրցույթը (միջազգային մրցույթը) առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է՝ առանց հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին նոր որոշում է ընդունում:

Հոդված 18. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձեւով

1.Պետական գույքը մասնավորեցվում է ուղղակի վաճառքի ձեւով՝ տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին.

տվյալ պետական գույքի վարձակալին.

տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին).

եթե մասնավորեցման այլ ձեւերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.

եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղակի վաճառքի ձեւով պետական գույքը մասնավորեցնելու մասին պետք է մասնավորապես բովանդակի` գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, վճարման համար օգտագործվող միջոցները, վճարման ժամկետները եւ վճարման առանձնահատկությունները։

3. Ուղղակի վաճառքի ձեւով պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո այդ որոշմամբ սահմանված ժամկետներում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) սույն օրենքի համաձայն իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց միջեւ, ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական բաժնեմասը գնելու ընթացքում: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը)՝ ձայների 3/4-ի մեծամասնությամբ, նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափն ապագա ընկերության մեջ, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի կազմում ընդգրկել տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհամարվող անձանց, որոնց թիվը 3 հոգուց ավել չպետք է լինի: Իրավաբանական անձինք եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք, եթե՝

այդ գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մասը չէ.

վարչական եւ հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ.

վարձակալության պայմանագիրը կնքված է մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 15-ը։

5. Պետական գույքը մասնավորեցնելու նախապատվության իրավունք ունեցող վարձակալներին պետական գույքը մասնավորեցնելու հիմք է լիազորված պետական մարմնին վարձակալի ներկայացրած հայտը: Հայտի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Լիազորված պետական մարմինը հայտը քննարկում է երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանն ուղարկվում է հայտը ներկայացնող անձանց:

Հայտի մերժումը հնարավոր է, եթե՝

ա) այն ներկայացրած անձը չի կարող հանդես գալ մասնավորեցման հետեւանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.

բ) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված են տվյալ գույքի մասնավորեցման սահմանափակումներ.

գ) մասնավորեցման հետեւանքով կարող է անհնարին դառնալ վարձատուին պատկանող վարձակալության չհանձնած գույքի օգտագործումը։

Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, երկու ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալից գնելու թույլտվության մասին։

8. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց մեղքով պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձեւով չիրականացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում նոր որոշում է ընդունում պետական գույքը՝ սույն օրենքով սահմանված այլ ձեւով մասնավորեցնելու մասին:

Հոդված 19. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի եւ փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ

1. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական եւ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի ավելացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի բաժանորդագրության ժամկետները, կանոնադրական հիմնադրամի ավելացման ծավալը, թողարկվող բաժնետոմսերի տեսակները, անվանական արժեքները եւ մասնակցության սահմանափակումները։ Նշված որոշման հիման վրա եւ դրանով սահմանված ժամկետներում պետական եւ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին։

Բաժնետոմսերն ազատ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակցության սահմանափակումներ չեն դրվում:

Բաժնետոմսերը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակիցներ կարող են լինել աշխատավորական կոլեկտիվի անդամները, տվյալ ընկերության ոչ պետական բաժնետերերը, իսկ մրցույթով տեղաբաշխելու դեպքում՝ միայն նախաորակավորված անձինք:

2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական եւ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի տեղաբաշխման ժամկետները եւ ծավալը, թողարկվող փոխարկելի պարտատոմսերի տեսակները, անվանական արժեքները եւ մասնակցության սահմանափակումները։ Նշված որոշման հիման վրա եւ դրանով սահմանված ժամկետներում պետական եւ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում փոխարկելի պարտատոմսերի փոխարկելու եւ տեղաբաշխելու մասին։

3. Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների ֆոնդային բորսաներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է պետական բաժնետոմսերի եւ փոխարկվող պարտատոմսերի վաճառքի, ինչպես նաեւ նոր բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ տեղաբաշխման միջոցով՝ բորսային առեւտրի կանոններին համապատասխան:

Հոդված 20. Պետական գույքի մասնավորեցումը գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձեւով

1. Պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պետական բաժնեմասը մասնավորեցնելու դեպքում դրանց պատկանող գույքի օգտագործման իրավունքներն ուժի մեջ են նաեւ մասնավորեցումից հետո, եթե պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

2. Պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունների օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու (ջրամատակարարում, կոյուղի, էնրգամատակարարում եւ այլն) իրավունքը մասնավորեցվում է լրիվ ծավալով եւ առանց օգտագործման պայմանների փոփոխության՝ այդ ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման հետ մեկտեղ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել նաեւ օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքի փոփոխություններ, մասնավորապես ընդերքից, բնական վերարտադրվող պաշարներից օգտվելու եւ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու պայմանագրերով եւ (կամ) արտոնագրերով (լիցենզիաներով) սահմանված ժամկետների, վարձաչափի, մուծման կարգի, ծախսերի փոխհատուցման եւ օգտագործման մենաշնորհային իրավունքի փոփոխություններ։

4. Եթե համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի՝ օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքները փոխանցվում են մասամբ կամ չեն փոխանցվում, ապա չփոխանցված իրավունքները կարող են մասնավորեցվել այլ անձանց, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություններին՝ սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձեւերով։ Սույն կետի համաձայն իրականացվող գույքային իրավունքի մասնավորեցումը կարող է մասնավորեցման ծրագրում ընդգրկված չլինել։

Հոդված 21. Լուծարված պետական ընկերությունների գույքի մասնավորեցումը

Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել սույն օրենքով սահմանված ձեւերով՝ որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաեւ այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով:

Հոդված 22. Լուծարված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի առանձին տարրեր վարձակալության տրամադրելը

Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է տրամադրվել կարճատեւ կամ երկարատեւ վարձակալության:

Պետական գույքի առանձին տարրերի վարձատու է լիազորված պետական մարմինը։

Պետական գույքը մրցույթով վարձակալության հանձնելու դեպքում՝ մրցույթի հիմնական պայմանը վարձակալական վճարն է եւ վարձակալության ժամկետը:

Պետական գույքի վարձակալության դիմաց վարձակալական վճարները (առանց վարձակալության տրամադրման նպատակով կատարված ծախսերի) փոխանցվում են պետական բյուջե:

Հոդված 23. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը

1. Մասնավորեցվող պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի կազմում ընդգրկված անավարտ շինարարության օբյեկտները, բացառությամբ անավարտ բնակելի շենքերի, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, մասնավորեցվում են այդ գույքի հետ, եթե նախապատրաստական աշխատանքներից հետո դրանք չեն առանձնացվել։

2. Անավարտ բնակելի շենքերը, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, սեփականության իրավունքով հատկացվում են համապատասխան համայնքներին։

3. Մասնավորեցվող պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունների կազմում չընդգրկված կամ այդ ընկերությունների կազմից նախապատրաստական աշխատանքներից հետո առանձնացված անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սույն օրենքով սահմանված մասնավորեցման որեւէ ձեւով։

4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են պայմաններ նախատեսվել հաստատված նախագծով շինարարությունը որոշակի ժամկետում ավարտելու, նախագիծը փոփոխելու կամ նոր նախագծով շինարարություն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ այլ պայմաններ, այդ թվում՝ նաեւ կառուցելու, շահագործելու եւ որոշակի ժամկետից հետո այդ օբյեկտը սեփականության իրավունքով պետությանը վերադարձնելու պայմանը։

Հոդված 24. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցման

1.Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցմանը նախորդող անհրաժեշտ գործողությունների ամբողջությունն է:

Պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու գործողությունների բովանդակությունը, ժամկետները եւ իրականացնող մարմինները սահմանվում են պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Նախապատրաստական աշխատանքները կարող են բովանդակել՝

ա) պետական ձեռնարկությունների վերակազմավորումը պետական բաժնետիրական ընկերությունների.

բ) բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման դեպքում՝

ընկերության բաժանումը, առանձնացումը, ինչպես նաեւ միացումը, միաձուլումն այլ պետական ընկերությունների հետ.

ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը.

ընկերության պարտքերի վերակառուցումը.

ընկերության գործունեության ծրագրի մշակումը.

նոր բաժնետոմսերի թողարկման նախապատրաստումը.

մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց՝ ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը ծանոթանալու նպատակով միջոցառումների իրականացումը.

ընկերության գործունեության մասին տեղեկությունների հրապարակումը.

ընկերության ակտիվների եւ պարտավորությունների վերագնահատումը.

բաժնետոմսերի արժեքի գնահատումը.

լիցենզավորվող գործունեության դեպքում՝ լիցենզիաների վերանայումը:

Նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հրավիրվել մասնագիտացված կազմակերպություններ եւ փորձագետներ:

Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձինք հաշվետու են պետական լիազորված մարմնին:

Հոդված 25. Մասնավորեցվող պետական գույքի գինը եւ վճարման կարգը

1.Մասնավորեցվող պետական գույքի գինը ձեւավորվում է մասնավորեցման արդյունքում:

Գնի հաշվարկման մեթոդներն են՝

ա) հաշվեկշռային մեթոդը.

բ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդը.

գ) համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի մեթոդը.

դ) եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդը.

ե) միջազգային պրակտիկայում ընդունված այլ մեթոդները:

Մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը որոշվում է վերը նշված մեթոդներից մեկի կամ դրանց զուգակցման միջոցով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն (մեկնարկային) գին:

Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. «Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են՝ ելնելով դրանց գույքի եւ զբաղեցրած տարածքի արժեքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական գույքի մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:

Հոդված 26. Փոքր» մասնավորեցման կարգը

1. Լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Գրավոր առաջարկը ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը լիազորված պետական մարմնին պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն՝ օբյեկտը նշված գնով գնելու մասին, ընդհանուր ժողովի որոշումը՝ այդ նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաեւ մուծի կանխավճար՝ օբյեկտի արժեքի հինգ տոկոսի չափով:

Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու եւ կանխավճարը չմուծելու դեպքում՝ կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:

3. Բաժնեմասերի բաշխումն աշխատավորական կոլեկտիվի անդամների միջեւ իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի սահմանման) որոշմամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամների՝ բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը հավասարաչափ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջեւ։ «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվի անդամներին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր եւ կատարել է համապատասխան ներդրում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում՝ «փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով մասնավորեցնելու մասին: «Փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով չվաճառվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում՝ տվյալ «փոքր» օբյեկտն այլ ձեւով մասնավորեցնելու մասին:

«Փոքր» օբյեկտն այլ ձեւով չմասնավորեցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում տվյալ «փոքր» օբյեկտը լուծարելու մասին:

Հոդված 27. Տեղեկություններ մասնավորեցման մասին

Պետական գույքի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության, աճուրդի եւ «փոքր» մասնավորեցման մասին տեղեկությունները մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակվում են դրանց մասնավորեցումից առնվազն տասն օր առաջ։ Սույն օրենքով նախատեսված՝ այլ մասնավորեցման ձեւերով իրականացվող մասնավորեցման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մասնավորեցման մասին համապատասխան որոշմամբ:

Մասնավորեցման գործարքների արդյունքների մասին տեղեկությունները հրապարակվում են այդ գործարքներն ավարտվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼԸ

Հոդված 28. Մասնավորեցումից ստացված միջոցները տնօրինելը

Մասնավորեցումից ստացված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան ընկերության հաշվին՝ նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն:
 

ԳԼՈՒԽ 5

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը

Մասնավորեցման հետեւանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը եւ գնորդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բաժնետոմսերի եւ փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված՝ բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:

Հոդված 30. Վաճառողի պարտավորությունները

Պետական լիազորված մարմինը պարտավոր է գնորդներին տեղեկություններ եւ փաստաթղթեր տրամադրել մասնավորեցվող գույքի, պարտավորությունների եւ ֆինանսատնտեսական գործունեության մասին, մասնավորեցման գործարքը կնքելուց հետո գնորդին տրամադրել մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթը, ինչպես նաեւ կատարել մասնավորեցման պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

Վաճառողի՝ սույն հոդվածում նշված պարտավորությունները դադարում են նրա եւ վաճառողի միջեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման պայմանագրի կամ բաժնետոմսերի գրանցման պահից:

Հոդված 31. Մասնավորեցման մասնակիցներին տրվող պետական երաշխիքները

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Մասնավորեցման ընթացքում եւ հետեւանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման առանց վերջիններիս համաձայնության։

Հոդված 32. Մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչելը

Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը սույն օրենքով ենթակա չէր մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձը սույն օրենքով իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով։

Մասնավորեցման համար վճարումը, այդ թվում՝ հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Հոդված 33. Հարկերի, տուրքերի եւ պետության սահմանած պարտադիր վճարների կատարումը

Պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունների պետական գույքի կեսից ավելին մասնավորեցնելիս հարկային եւ պետության կողմից սահմանված պարտադիր վճարները կարգավորող օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահից հետո եւ վերաբերում է սույն օրենքով սահմանված՝ մասնավորեցման հետեւանքով սեփականության իրավունքի փոխանցման պահին նախորդող ժամանակաշրջանին։

ԳԼՈՒԽ 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ   

 
Հոդված 34. Պատասխանատվությունը մասնավորեցման մասին օրենսդրությունը խախտելու համար

Պետական գույքի մասնավորեցման մասին օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ բոլոր լրացումներով եւ փոփոխություններով։

2. Օրենքի 9 հոդվածը գործում է մինչեւ 1998 թվականի հուլիսի 1-ը, եւ տեղի ունեցած ներդրումային մասնավորեցումը ձեւակերպվում է ընկերության՝ 1997 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով:

Այն ընկերությունների համար, որոնց պետական բաժնեմասի փաստացի մասնավորեցումը տեղի է ունենում մինչեւ 1998 թվականի հունվարի 1-ը, վերոնշյալ հոդվածը գործում է մինչեւ այդ պահը:

3. Օրենքի գործողությունը չի տարածվում այն ընկերությունների (ձեռնարկությունների) պետական բաժնեմասի մասնավորեցման վրա, որոնց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ սույն օրենքն ընդունելը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան

13 հունվարի 1998թ.
ՀՕ-188
 
 
 
 
 




13.10.1998 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում 1 եւ 3 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
28.12.1998 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածում փոփոխություն կատարելու մասին
12.10.1999 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
08.10.2002 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
13.12.2004 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.05.2006 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհ՟ման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՟
13.06.2006 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
23.03.2018 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
12.09.2023 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին