Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2000

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության «անձինք» բառից հետո լրացնել «փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 2-րդ կետի «երեք տարուց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն» բառերը:

Հոդված 3. Օրենքի 20 հոդվածի՝

ա) 2-րդ կետից հանել «եւ դրանք ավարտած սպաների» բառերը.

բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը՝ պայմանագրով սահմանված կարգով եւ չափով:».

գ) 3-րդ կետի «սպայական կազմի» բառերից հետո փակագծերում լրացնել «(այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի՝

ա) 1-ին կետի «գ» ենթակետը հանել.

բ) 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) սպաների համար՝ մինչեւ տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը՝ ոչ պակաս 3-5 տարուց.

բ) ենթասպաների համար՝ 3-5 տարի.

գ) ավագների, սերժանտների եւ շարքայինների համար՝ 3 տարի:

Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):»:

Հոդված 5. Օրենքի 23 հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«5. Կարգապահական գումարտակում եւ ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-104