Russian    
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2001

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածից հանել «գործառնական գրասենյակների (կետերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բանկային ավանդ է համարվում անձին տրամադրված այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին, եւ որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք, գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետից հանել «իրավաբանական», «գործառնական գրասենյակները (կետերը),» բառերը.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Արգելվում է նաեւ բանկային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է բանկային գործունեությանը:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

ա) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ՝ բաժնետոմս) 20 եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) եւ (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում՝ առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

3. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից, կամ օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ, կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ, ինչպես նաեւ տարածքային եւ կառուցվածքային (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով որեւէ կերպ իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որեւէ ազդեցություն ունեցող) ստորաբաժանումների աշխատակից:

4. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը եւ երեխաները:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝

ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսը.

բ) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչեւ 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից մասնակցություն ունեցող է նաեւ այն անձը, որը հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ բանկի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:».

բ) 4-րդ կետի երկրորդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ այլ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9 . Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Բանկերի կանոնադրական հիմնադրամը համալրվում է փողով (ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի տեսակներով):»:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը եւ ձեւը սահմանում է Կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալու պահից՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե՝

ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունի.

բ) անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

գ) անձը սնանկ է ճանաչվել եւ չմարված (չներված) պարտավորություններ ունի.

դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը.

ե) տվյալ անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման, կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկման.

զ) տվյալ գործարքն ուղղված է, կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.

է) տվյալ գործարքի հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը եւ նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետեւանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշել սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագները կամ պայմանները.

ը) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձեւի եւ կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:

Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:

4. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող բանկի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում եւ չի գերազանցում բանկի կանոնադրական հիմնադրամի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Սույն կետով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում՝

- «գ» ենթակետի «տեսակը» բառը փոխարինել «ձեւը» բառով,

- «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ը) տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների մասին, ինչպես նաեւ բանկի կողմից մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ստեղծման եւ գործունեության դադարման կարգը.»,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «թ», «ժ» եւ «ժա» ենթակետեր՝

«թ) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).

ժ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).

ժա) բանկի լուծարման կարգը.»,

- այդ կապակցությամբ նախկին «թ» ենթակետը համարել «ժբ» ենթակետ:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը լրացնել «: Բանկի ներքին վերահսկողությունը» բառերով.

բ) 1-ին կետի «բ» ենթակետը «խորհուրդը» բառից հետո լրացնել «(տնօրենների խորհուրդ կամ դիտորդ խորհուրդ)» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետեր ՝

«4. Իրենց ընթացիկ գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով բանկերն ստեղծում են ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (ներքին հսկող խումբ կամ վերահսկիչ, հսկիչ), որը հաշվետու է բանկի գործադիր մարմնին: Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: Ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մեջ չեն կարող նշանակվել բանկի խորհրդի անդամները, բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամները, բանկի այլ ղեկավարները:

5. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է իր որոշմամբ հրավիրել բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) արտահերթ նիստ՝ բանկային վերահսկողության եւ կարգավորման կապակցությամբ առաջացած խնդիրների քննարկման եւ համապատասխան որոշումների կայացման նպատակով:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝

ա) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, բանկի վարչության նախագահը եւ անդամները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամները կամ բանկի հիմնադիր փաստաթղթերով նախատեսված նմանատիպ լիազորություններ իրականացնող մարմինների անդամները, ինչպես նաեւ բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով որեւէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որեւէ ազդեցություն ունեցող ստորաբաժանման աշխատակիցները:

2. Բանկի ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.

ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը՝ որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.

զ) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:».

բ) հոդվածի 3-րդ կետից հանել «նշանակվող եւ ընտրվող» բառերը.

գ) 4-րդ կետի «տեսակից» բառը փոխարինել «ձեւից» բառով:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) 7-րդ կետի առաջին նախադասությունը «բանկային» բառից հետո լրացնել «գործունեության» բառով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ՝

«8. Բանկային գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով: Այլ օրենքներով բանկային գործունեության լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածում՝

- «բ» ենթակետի «կանոնակարգի» բառը փոխարինել «կանոնադրության» բառով,

- «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) Կենտրոնական բանկի սահմանած ձեւով՝ ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է կազմված լինի բանկի գործունեության առաջիկա երեք տարիների համար եւ պարունակի բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, եկամուտների եւ ծախսերի հաշվարկը, ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները, ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները, բանկի կառավարման սկզբունքները եւ հնարավոր ռիսկերի գնահատումը.»,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետ՝

«դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:»:

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետում՝

- հանել «եւ նախնական հավանություն է տալիս կամ մերժում միջնորդագիրը» բառերը,

- «ա» ենթակետի «ակտերի» բառը փոխարինել «ակտերին» բառով,

- «բ» ենթակետը «սահմանված ձեւին» բառերից հետո լրացնել «եւ (կամ) Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով գործելով ծրագրին համապատասխան, բանկն ի վիճակի չի լինի բնականոն բանկային գործունեություն իրականացնել, կամ տնտեսական ծրագիրն անիրատեսական է» բառերով.

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում նրան տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Նախնական հավանություն տալու կամ նախնական հավանությունը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով բողոքարկման:»:

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետում՝

- «գ» ենթակետի «կանոնակարգը» բառը փոխարինել «կանոնադրությունը» բառով,

- «բ» ենթակետից հանել «աշխատանքային» բառը,

- «ե» ենթակետի «հոդվածի երկրորդ մասում» բառերը փոխարինել «հոդվածով» բառով,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետ՝

«զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:».

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը կամ մերժում է դրանց գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել անորոշ ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում բանկը համարվում է գրանցված:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետեր՝

«3. Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր:

4. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցվում է միայն Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում Կենտրոնական բանկի սահմանած՝ բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափով միջոցների առկայության դեպքում:».

դ) այդ կապակցությամբ 3-5-րդ կետերը համարել 5-7-րդ կետեր.

ե) նախկին 3-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «գ» ենթակետի «կանոնակարգը» բառը փոխարինել «կանոնադրությունը» բառով,

- 1-ին կետում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «է» ենթակետ՝

«է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:».

բ) 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի եւ օտարերկրյա բանկերի ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը.

բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը.

գ) հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը.

դ) ներկայացուցչության կանոնադրությունը.

ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը, մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո հաշվառվում են Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:

4. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը եւ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը եւ տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնում է բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի, ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը սահմանում է Կենտրոնական բանկը:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետեր՝

«6. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.

գ) բանկի մասնաճյուղի տարածքը եւ տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին.

դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին.

ե) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափից, կամ Կենտրոնական բանկի սահմանված չափանիշներով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում բանկը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը եւ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ.

է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ հիմքերով:

7. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.

գ) Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.

դ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ հիմքերով:

8. Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեությունը՝ իր կողմից սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով:»:

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ կետեր՝

«2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար՝ որոշակի այլ պայմանների բավարարման համար լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել:

3. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց եւ բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական հավանությունը, եւ (կամ) բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ֆինանսական դրությունը:».

գ) այդ կապակցությամբ նախկին 2-րդ կետը համարել 4-րդ կետ:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բանկերին, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին, այլ անձանց գրանցելու եւ լիցենզիա տալու, բանկերի մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները գրանցելու, ինչպես նաեւ կորցրած լիցենզիան կամ գրանցման վկայականը վերականգնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով: Կենտրոնական բանկը կարող է Կենտրոնական բանկում մասնագիտական համապատասխանության եւ որակավորման քննություն անցնող անձանցից գանձել ծառայության վճար՝ իր սահմանած չափով:»:

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածում՝

- «գ» ենթակետի «տեսակը» բառը փոխարինել «ձեւը» բառով,

- «դ» ենթակետի «իրավաբանական հասցեն» բառերը փոխարինել «գտնվելու վայրը» բառերով,

- «է» ենթակետից հանել «դուստր բանկ» բառերը:

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:

Սույն օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ եւ (կամ) արժանահավատ:

2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը ենթակա է լուծարման՝ օրենքով սահմանված կարգով:

4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը՝ գործի ողջ դատական քննության ընթացքում:

5. Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիան անվավեր ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:»:

Հոդված 24. Օրենքի 33-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետեւյալ փոփոխությունները՝

ա) բանկի եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար իր սահմանած փաստաթղթերն ստանալու պահից՝ մեկամսյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունը համարվում է գրանցված:

Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին եւ այլ իրավական ակտերին ու ներկայացվել են սահմանված կարգով եւ ձեւով: Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը եւ ձեւը սահմանում է Կենտրոնական բանկը:

3. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կողմից, եւ բանկը չի կարող տիրապետել, տնօրինել եւ օգտագործել այդ միջոցները՝ մինչեւ սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխություններ գրանցելը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում այլ բանկերում կուտակային հաշիվ բացել չեն կարող:»:

Հոդված 25. Օրենքում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 331 -րդ հոդված՝

«Հոդված 331 . Գրանցումն անվավեր ճանաչելը

Սույն օրենքով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող՝ Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը (հրամանը) Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ (հրամանով) անվավեր է ճանաչվում, եթե բանկը մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ սույն օրենքով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ բանկի ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու նպատակով, կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ:»:

Հոդված 26. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում՝

- «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) ընդունել ցպահանջ եւ ժամկետային ավանդներ.»,

- «բ» ենթակետից հանել «բանկային փոխառություններ» բառերը,

- «թ» ենթակետի «մետաղադրամ» բառը փոխարինել «հուշադրամ» բառով:

Հոդված 27. Օրենքի 35-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում՝

- «ա» ենթակետի «նշանակալից մասնակցություն» բառերը փոխարինել «4, 99 տոկոս եւ ավելի մասնակցություն» բառերով,

- երկրորդ մասի առաջին նախադասության «հոդվածի երկրորդ մասի «ա» եւ «բ» կետերով» բառերը փոխարինել «կետի «ա» եւ «բ» ենթակետերով» բառերով,

- երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Բանկը սույն կետով սահմանված կարգով այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով եւ պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ):»,

ա) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մաս՝

«Սույն կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միեւնույն անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9 տոկոսը, 15 տոկոսը, 25 տոկոսը, 35 տոկոսը, 50 տոկոսը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոս:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի երկրորդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է մեկամսյա ժամկետում եւ համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ, եւ համաձայն Կենտրոնական բանկի հաստատած պայմանների եւ կարգի, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը եւ չի հակասում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:».

գ) 5-րդ կետի «երրորդ մասի «ա» կետով» բառերը փոխարինել «4-րդ կետի «ա» ենթակետով» բառերով:

Հոդված 28. Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բանկերը կարող են շահաբաժիններ վճարել բացառապես տարեկան արդյունքներով:

2. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահաբաժիններ բաշխելու, մասնակցության հետ գնման, բաժնի առանձնացման ձեւերով կամ այլ կերպ՝ արգելվում է: Սույն հոդվածի խախտմամբ շահաբաժիններ բաշխելու դեպքում Կենտրոնական բանկը բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում:

3. Կենտրոնական բանկը բանկին սահմանափակում կամ արգելում է մասնակիցներին շահաբաժիններ վճարել, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին կամ գերազանցում են այն: Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:»:

Հոդված 29. Օրենքի 37-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37. Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Բանկին արգելվում է փոխառուին կամ նրա հետ փոխկապակցված անձանց բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության ձեռքբերման նպատակով վարկեր կամ այլ փոխառություններ տրամադրելը, ինչպես նաեւ երաշխավորել կամ երաշխիք տալ երրորդ անձից վարկ կամ փոխառություն ստանալու համար: Սույն հոդվածի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:»:

Հոդված 30. Օրենքի 39-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «անվավեր» բառը փոխարինել «առ ոչինչ» բառերով.

բ) 2-րդ կետի «գ» ենթակետը «փոխկապակցված եւ» բառերից հետո լրացնել «(կամ)» բառով:

Հոդված 31. Օրենքի 40-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ եւ այլն) շրջանառությունը բանկերում՝ բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության, բանկում հաշիվ կամ ավանդային հաշիվ բացելու, դրանցով փոխանցում կատարելու կամ դրանցով այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելու ձեւով, արգելվում է: Կենտրոնական բանկը կարող է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելու համար սահմանել բանկային գործառնությունների իրականացման կարգ, բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ եւ ձեւեր, ինչպես նաեւ իրականացնել սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: Կենտրոնական բանկը կարող է բանկից, բանկի հաճախորդից կամ բանկի մասնակցից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաեւ կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:»:

Հոդված 32. Օրենքի 41-րդ հոդվածում՝

- «օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ նախատեսել վարկերի եւ ներդրումների առանձին տեսակների համար» բառերը փոխարինել «սահմանափակումներ նախատեսել բանկի վարկային, ավանդային, ֆինանսական գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար» բառերով,

- ուժը կորցրած ճանաչել երկրորդ եւ երրորդ նախադասությունները:

Հոդված 33. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 421 –րդ հոդվածով՝

«Հոդված 421 . Բանկերի հեռանկարային զարգացման ծրագրերը

Բանկերը պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով, հաճախականությամբ եւ կարգով Կենտրոնական բանկ ներկայացնել իրենց հեռանկարային զարգացման ծրագրերը:»:

Հոդված 34. Օրենքի 43-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բանկերը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, պարտավոր են պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, հրապարակել տեղեկություններ՝ իրենց գործունեության, ավանդների ընդունման եւ վարկերի տրամադրման կարգի ու պայմանների վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի սահմանած հաճախականությամբ եւ կարգով հրապարակել նաեւ այլ տեղեկություններ, բացառությամբ առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:

3. Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:»:

Հոդված 35. Օրենքի 44-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են եւ պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միեւնույն տեսակի լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող՝ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական նորմատիվի եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

«4. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար, եթե բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշները վատթարացել են, կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:»:

Հոդված 36. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «առանձին» բառը:

Հոդված 37. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3-րդ կետով՝

«3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձեւով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»:

Հոդված 38. Օրենքի 49-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին եւ նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաեւ բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների եւ երաշխավորությունների (բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների) գումարի եւ բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:»:

Հոդված 39. Օրենքի 50-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաեւ բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների եւ երաշխավորությունների, (բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների) գումարի եւ բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:»:

Հոդված 40. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պարտադիր պահուստների նվազագույն չափը խստացնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, եթե տվյալ որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:»:

Հոդված 41. Օրենքի 6-րդ գլխի եւ 55-րդ հոդվածի վերնագրից համապատասխանաբար հանել «Հաշվեկշիռը,» եւ «Հաշվեկշիռը եւ» բառերը:

Հոդված 42. Օրենքի 56-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բանկերը հաշվապահական հաշվառում վարում են Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով՝ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:»:

Հոդված 43. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով՝

«4. Կենտրոնական բանկը կարող է վերստուգման արդյունքով համապատասխան բանկի վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել այլ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, ազգային բանկ կամ այլ մարմին, որոնք անհրաժեշտ են նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի՝ իր երկրում ստեղծված տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ իր երկրում տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու համար՝ Կենտրոնական բանկի եւ տվյալ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջեւ կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն կետով սահմանված տեղեկությունները տրամադրել, անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:

5. Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման եւ օգտագործման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ:»:

Հոդված 44. Օրենքի 58-րդ հոդվածում՝

ա) հանել 1-ին կետի երկրորդ մասը.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

«4. Կենտրոնական բանկի պահանջով անկախ աուդիտային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ, եթե դրանք առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն կետով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտային կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 45. Օրենքի 60-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե՝

ա) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներով.

բ) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները.

գ) բանկի, մասնաճյուղի կանոնադրությունը փոփոխվել եւ լրացվել են օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներով.

դ) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները կամ, Կենտրոնական բանկի կարծիքով, բանկն իրականացրել է այնպիսի գործողություններ (գործունեություն), որոնք կարող են վտանգել ավանդատուների կամ բանկի այլ պարտատերերի շահերը.

ե) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման կարգն ու պայմանները, եւ (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

զ) բանկը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականը.

է) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած՝ բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից.

ը) բանկն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով չի կատարել բանկային ավանդների երաշխիքային հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը:»:

Հոդված 46. Օրենքի 61-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ պատժամիջոցները՝

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք.

գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին եւ բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով եւ պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:

3. Կենտրոնական բանկը կարող է օրենսդրության յուրաքանչյուր խախտման համար բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի (բացառությամբ խորհրդի անդամների) նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում՝ խախտումները վերացնելու հանձնարարականով, եւ (կամ) տուգանք՝ բանկի կամ ղեկավարի նկատմամբ, եւ (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում:»:

Հոդված 47. Օրենքի 62-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «մեղավոր» բառը փոխարինել «խախտում թույլ տված» բառերով.

բ) 2-րդ կետի «կամ» բառը փոխարինել «եւ(կամ)» բառերով, նույն կետը «ձեռնարկելու հանձնարարական» բառերից հետո լրացնել «եւ (կամ) բանկի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն» բառերով:

Հոդված 48. Օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի կամ բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի հիմնական տնտեսական նորմատիվը տրման պահին խախտելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու, Կենտրոնական բանկի վերստուգումներին խոչընդոտելու կամ սույն օրենքով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու համար կարող է բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների) նկատմամբ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ, եթե բանկի ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Նշված անձանց վրա դրված տուգանքները գանձվում են նրանց անձնական միջոցներից՝ հօգուտ պետական բյուջեի:»:

Հոդված 49. Օրենքի 64-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 64. Բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը

1. Բանկի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք՝

ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքները եւ այլ իրավական ակտերը.

բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն եւ վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին.

գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետեւանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

դ) գործունեության ընթացքում նրանք կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.

ե) անազնիվ եւ անբարեխիղճ վերաբերմունք են դրսեւորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ բանկի եւ բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.

զ) չեն համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին.

է) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:

2. Կենտրոնական բանկի՝ բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բանկի կանոնադրությամբ եւ այլ ներքին փաստաթղթերով տրված լիազորությունները դադարում են:»:

Հոդված 50. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ կետում՝

- «օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ» բառերով,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:»:

Հոդված 51. Օրենքի 66-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը «բաշխմանը» բառից հետո լրացնել «, եւ օրենքով սահմանված կարգով լուծարվում է» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:»:

Հոդված 52. Օրենքի 8-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 8. ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 67. Բանկերի վերակազմակերպումը

1. Բանկը կարող է վերակազմակերպվել բանկի՝ մեկ այլ բանկի հետ միացման եւ բանկի վերակազմավորման միջոցով:

2. Բանկի վերակազմավորումը (կազմակերպական-իրավական ձեւի փոփոխությունը) կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

3.Բանկի միացումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:

Հոդված 68. Բանկերի միացման ընթացակարգը

1. Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի միանալու դեպքում միացող բանկերը կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

2. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկի սահմանած ձեւով, կարգով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկությունները:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկություններն ստանալու պահից՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում: Սույն կետով սահմանված ժամկետում որեւէ որոշում չկայացվելու դեպքում հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝

ա) բանկի (բանկերի) վերակազմակերպումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով եւ ձեւով կամ ներկայացվել են թերի.

բ) միացման արդյունքում պահպանվող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի.

գ) միացման արդյունքում բանկը բանկային շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհ դիրք.

դ) գործարքի արդյունքում կողմերից որեւէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն:

5. Կենտրոնական բանկի նախնական հավանությունն ստանալու պահից՝ մեկամսյա ժամկետում, միացող բանկերը միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը եւ Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում եւ գրանցում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին:

Հոդված 69. Բանկերի միացման իրավական հետեւանքները

1. Միացման պայմանագրում սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած բանկերն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը եւ պահպանվող բանկի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների եւ փոփոխությունների հետ միասին սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման:

2. Պահպանվող բանկի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն կետում նշված գրառման պահից պահպանվող բանկը համարվում է վերակազմակերպված:»:

Հոդված 53. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 70-րդ եւ 71-րդ հոդվածները:

Հոդված 54. Օրենքի 72-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բանկը լուծարվում է ՝

ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.

գ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.

դ) բանկի ինքնալուծարման դեպքում.

ե) օրենքներով նախատեսված այլ հիմքերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 55. Օրենքի 74-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված՝ դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից՝ առնվազն հնգօրյա ժամկետում, բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու եւ պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն երեք անդամից: Մինչեւ լուծարային հանձնաժողովի ձեւավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ բանկի գործադիր տնօրենը կամ կառավարման նման լիազորություններ իրականացնող անձը, եթե բանկի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող բանկի կառավարման լիազորությունները:

3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում եւ ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:

4. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»:

Հոդված 56. Օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետում «ձեռնարկությունների պետական ռեգիստրում» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնում» բառերով:

Հոդված 57. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-253