Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.1996


Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները։ 
 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հիմնական հասկացություններ

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում։

2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ՝իզիկական եւ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից եւ սեփականության ձեւից։

3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր՝ ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը եւ որոնց ֆինանսավորումն արտահայտված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։

Առողջապահական պետական նպատակային ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակվում են լրատվական միջոցներով։

Հոդված 2. Բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակները

Բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակներն են՝

ա/ առաջնային բժշկական օգնությունը՝ որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.

բ/ մասնագիտացված բժշկական օգնությունը՝ որպես ախտորոշման եւ բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ։

Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը եւ կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 3. Բժշկական օգնություն եւ սպասարկման կազմակերպման ձեւերը

Բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են՝

հիվանդանոցային ձեւով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում՝ ախտորոշում, բուժում, տեւական հսկողություն եւ հատուկ խնամք.

արտահիվանդանոցային ձեւով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ։
 

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 4. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու մարդու իրավունքը

Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ անվճար՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին։

Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։

Հոդված 5. Մարդու իրավունքների բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս՝

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

ա/ ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին.

բ/ ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում .

գ/ պահանջել բժկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

դ/ իրազեկ լինել իր հիվանդության մասին եւ համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

ե/ հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

զ/ արժանանալ հարգալից վերաբերմունքի՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից։

Հոդված 6. Բժշկական օգնության եւ սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 7. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժմմն մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների եւ բուժման արդյունքների մասին։

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից։

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին։

Հոդված 8. Համաձայնությունը բժշկական միջատմության համար

Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից։

Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաեւ գրավոր։

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա անօրինական ներկայացուցչի կողմից։

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ. բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության /կոնսիլիումի/, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից։

Հոդված 9. Մարդու վերարտադրողական իրավունքը

Յուրաքանչյուր զույգ,կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

ա/ որոշել իր երեխաների թիվը եւ նրանց ծնվելու ժամկետները.

բ/ անցանկալի հղիությունից եւ հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի լանավորման արդյունավետ եւ անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։

Հղիության արհեստական ընդհատումը եւ բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանվող հիվանդությունների , դրանց բարդությունների եւ հետեւանքների մասին։

Հոդված 10. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում։

Հոդված 11. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ՝ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում եւ բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում։

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 12. Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

Ձերբակալված , կալանավորված եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 13. Զինծառայողների եւ զորակոչիկների բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

Զինծառայողները եւ զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 14. Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում անվճար՝ պետության կողմից երաշխավորված կարգով։

Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։

Հոդված 16. Բժշկական օգնություն եւ սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության

Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն ՛ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 17. Բժշկական միջամտությունից հրաժարվելը

Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից։

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ հավաստվում հիվանդի կամ նրա օրինական ներկայածուցչի կողմից։
 


ԳԼՈՒԽ 3

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները եւ նրանց իրավունքները

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում։

Բժշկական գործունեւոթյամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ստացած անձինք։

Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բժշկական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝

ա/ միավորվել մասնագիտական միություններում եւ դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային եւ ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության լիցենզավորմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը եւ միության կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացմանը.

բ/ պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը.

գ/ ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը։

Հոդված 19. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականությունները եւ պատասխանատվությունը

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են՝

ա/ յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

բ/ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.

գ/ յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի եւ պայմանների մասին.

դ/ յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների եւ այդ նպատակով կատարված ծախսերի մասին.

ե/ ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

զ/ ներկայացնել վիճակագրական եւ այլ տեղեկություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

է/ հոգատար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ։

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաեւ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 4

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 20. Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը եւ աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը։

Հոդված 21. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառում եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում։

Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում։

Հոդված 22. Բժշկական փորձաքննությունը

Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի եւ այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն։

Բժշկական փորձաքննության ձեւերն են՝

- ժամանակավոր անաշխատունակության,

- բժշկաաշխատանքային,

- ռազմաբժշկական,

- դատաբժշկական։

Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը եւ ժամկետները՝ պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաեւ մարդու բժշկաաշխատանքային ֆորձաքննության ուղեգրման հարցը։

Բժշկաաշխատանքային փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը եւ պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը եւ անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար։

Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծառայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների եւ զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետեւանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը եւ ժամկետները։

Դատաբժշկական փորձաքննություն իրականացվում է իրավասու մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրեսնսդությամբ նախատեսված դեպքերում։

Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաեւ անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 23. Էվթանազիայի արգելումը

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան ՝ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ եւ միջոցներով։

Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվությունֆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 24. Ախտաբանաանատոմիական հերձումները

Ախտբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման եւ ոխտորոշիչ նպատակներով։

Աշտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈՒԽ 5

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները

Հայաստանի Հանրապետությունում Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝

ա/ Հատկացումները Հայաստանի Հանրապետության բյուջեից.

բ/ ապահովագրական հատուցումները.

գ/ մարդկանց անմիջական վճարումները.

դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից եւ սափականության ձեւից։

Բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն։

Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների եւ ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» եւ «դ» կետերում նշված աղբյուրներից։

ԳԼՈՒԽ 6

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝  Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

4 ապրիլի 1996թ.
ՀՕ-42
 
 




21.03.2000 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
11.10.2000 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
06.11.2000 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.10.2002 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
25.10.2010 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
03.10.2011 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
30.04.2015 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.10.2015 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
16.01.2018 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.03.2018 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
31.03.2020 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
13.04.2020 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
06.05.2020 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
16.07.2020 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
04.06.2021 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
04.03.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
04.03.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
09.06.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
06.07.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.07.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
26.10.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
07.12.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
08.12.2022 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
12.07.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
12.07.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
25.10.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
25.10.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
25.10.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
16.11.2023 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
07.02.2024 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
28.02.2024 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին