Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.1995

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով:

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Քաղաքացիությունը փոխելը կարգավորվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:

Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից,ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելն արգելվում է:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքնին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը Հանրապետությունից դուրս

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետությունը, նրա դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը եւ չի խոչընդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:

Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
 


ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով.

3) քաղաքացիություն ստանալու միջոցով.

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը վերջին երեք տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 1998 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) 1991թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաեւ մինչ այդ Հայաստանից դուրս բնակվող եւ այլ պետության քաղաքացիություն ձեռք չբերած ու մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հյուպատոսական հաշվառման կանգնած ծագումով հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները:

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 12. Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը

Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան, ում ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե նա, օրենքով սահմանված կարգով, վերջին երեք տարիներին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Առանց սույն հոդվածի առաջին մասով սահմանված բնակության ժամկետի պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, հայր կամ մայր.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի

Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում եւ, որը 18 տարին լրանալուց հետո երեք տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) որը ծագումով հայ է եւ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձը իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին:

Առանց սույն հոդվածի պահանջների պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետեւալ երդումը. «Ես՝ (անուն ազգանուն) , դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը եւ սովորույթները»:

Քաղաքացիություն ստացող անձը կարդում է երդման տեքստը հայերեն լեզվով եւ ստորագրում այն:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը եւ եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը իրականացվում է ներգաղթի եւ օրենքով սահմանված այլ դեպքերում Հանրապետության Նախագահի հրամանագրով:


ԳԼՈՒԽ 3.

ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների համաձայնությունը կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հոդված 18. Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրած երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) առկա է երեխան որդեգրած ամուսինների համաձայնությունը.

2) երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.

3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Հոդված 20. Երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները հայտնի չեն

Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխան, որի ծնողներն անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել սույն օրենքին համապատասխան:

Հոդված 21. Երեխայի քաղաքացիության պահպանումը, որի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան, որի նկատմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնամակալություն կամ հոգաբարձություն, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ անկախ նրա ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքից: Նման դեպքում երեխան կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ծնողների դիմումով, եթե նրանք զրկված չեն ծնողական իրավունքից:

Հոդված 22. Երեխաների համաձայնության անհրաժեշտությունը նրանց քաղաքացիությունը փոխելիս

Ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիության փոփոխումը տեղի է ունենում սույն օրենքով սահմանված կարգով` երեխաների համաձայնության առկայության դեպքում:


ԳԼՈՒԽ 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.

4) նա ունի պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը

Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կարող է զրկվել, եթե նա՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել սույն

օրենքի 13 հոդվածին համապատասխան եւ մշտապես բնակվելով արտասահմանում, յոթ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չի կանգնել.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել կեղծ տվյալների կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը խախտելով ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 26. Հանրապետության Նախագահը

Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:

Հոդված 27. Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը

Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը կազմավորում է Հանրապետության Նախագահը:

Քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանրապետության Նախագահը:

Հոդված 28. Կառավարությունը

Կառավարությունը՝

1) ապահովում է կառավարության, նախարարությունների, կառավարման այլ մարմինների ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին.

2) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ձեւակերպման եւ դրանք քաղաքացիներին հանձնելու կարգը.

3) սահմանում է քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ նմուշները.

4) ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումներ:

Կառավարությունն իրավասու մարմինների միջոցով՝

1) ընդունում է քաղաքացիության վերաբերյալ դիմումներ եւ այլ փաստաթղթեր, ստուգում դրանց իսկությունը եւ հիմնավորվածությունը.

2) քաղաքացիության վերաբերյալ դիմումները, միջնորդությունները եւ այլ

փաստաթղթերը համապատասխան եզրակացություններով ուղարկում է Հանրապետության Նախագահին.

3) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին.

4) կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.

5) սույն օրենքին համապատասխան պարզում է անձանց պատկանելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը:

ԳԼՈՒԽ 6.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման եւ դրանց քննարկման կարգը

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները եւ միջնորդությունները ներկայացվում են գրավոր:

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են մեկտմյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 30. Քաղաքացիության հարցերով պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների գանգատարկումը

Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիության հարցերով դիմումները չընդունելը, քննարկման ժամկետները խախտելը, ինչպես նաեւ նրանց այլ անօրինական գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝  Լ.Տեր-Պետրոսյան

16 նոյեմբերի 1995 թ.
Ն-061-1-ՀՕ-16


18.11.1997 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
12.10.1999 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.03.2001 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.03.2002 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
18.11.2003 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
26.02.2007 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.04.2010 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
30.11.2011 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.12.2011 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
20.05.2013 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.06.2013 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
07.05.2015 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.02.2017 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին