Օրենքը չի գործում:
Գործում է «Ագրարային պետական տեսչությունների մասին«» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.05.1996


Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական ապահովման հիմունքները, կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, անհատ ձեռներեցների /այսուհետեւ՝ տնտեսավարող սուբյեկտներ/, ինչպես նաեւ քաղաքացիների ու ագրարային պետական տեսչությունների փոխհարաբերությունները։

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ագրարային պետական տեսչությունների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով եւ ագրարային պետական տեսչությունների կանոնադրությամբ։

Հոդված 2. Ագրարային կանոնները

Ագրարային կանոնները՝ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից պարտադիր կատարման միջոցառումների համալիր են, որոնց իրականացումն ապահովում է հողի, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի, կենդանիների, տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների եւ գործիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները։ Ագրարային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 3. Ագրարային պետական տեսչությունների հիմնական խնդիրները

Ագրարային պետական տեսչությունները վերահսկում են ագրարային կանոնների եւ գյուղատնտեսկան գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով։

Ագրարային պետական տեսչություններն իրենց վերահսկողական գործունեությունն իրականացնում են ագրարային պետական տեսուչների միջոցով։

Հոդված 4. Ագրարային պետական տեսչությունների համակարգը

Ագրարային պետական տեսչությունները պետական լիազորված մարմիններ են, որոնք կազմակերպվում են վարչատարածքային սկզբունքով եւ գործում են հանրապետական գործադիր մարմնի համակարգում։

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են հետեւյալ արգրարային պետական տեսչությունները՝

ա/ հողային.

բ/ երկրագործության.

գ/ անասնապահության.

դ/ գյուղատնտեական տեխնիկայի։

Ագրարային պետական տեսչությունների կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ եւ կառուցվածքային այլ ստորաբաժանումներ։

Ագրարային պետական տեսչությունների մասին կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈՒԽ 2.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Հողային պետական տեսչության գործունեության ուղղությունները

Հողային պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝

ա/ հողային ֆոնդի նպատակային օգտագործման,

բ/ պետական հողային կադաստրի վարման,

գ/ հողի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների վերականգնման, բարելավման եւ արդյունավետ օգտագործման, ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման,

հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի շերտի հանման, պահպանման եւ օգտագործման,

ե/ հողերը ջրային եւ հողմային հողատարումից, ողողումներ, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական թափոններով, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, գյուղատնտեսական հողատեսքերը թփուտներով ծածկվելուց, հողերի կուլտուրտեխնիկական վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանման,

զ/ հողերի վիճակի համակարգված դիտարկման /մոնիտորինգ/,

է/ հողօգտագործման սահմանանիշերի պահպանության,

ը/ նոր հողերի իրացման ուղղություններով։

Հոդված 6. Երկրագործության պետական տեսչության գործունեության ուղղությունները

Երկրագործության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝

ա/ հողերի մշակության, պարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի,

բ/ սերմնանյութերի, ցանքանյութերի եւ տնկանյութի /արմատակալների/ արտադրության, ներմուծման եւ իրացման, դրանց ցանքային պիտանիության եւ որակի ստուգման,

գ/ բույսերի տարածված եւ կարանտին հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ տարվող պայքարի,

դ/ թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման, իրացման եւ ոչնչացման,

ե/ հողում, բուսաբուծական մթերքներում եւ հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի կանխարգելման ուղղություններով։

Հոդված 7. Անասնապահության պետական տեսչության գործունեության ուղղությունները

Անասնապահության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝

ա/ անասնաբուժական ծառայության, անասնապահության եւ տոհմային գործի փարման,

բ/ մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանության,

գ/ կենդանիների /թռչունների, ձկների, մեղուների, գազանների եւ այլն/ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների տարածման կանխման ու վերացման,

դ/ անասնապահական մթերքների եւ հումքի արտադրության, փոխադրման, պահպանության ու իրացման,

ե/ անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրման, պահպանման, օգտագործման ու ոչնչացման,

զ/ կարանտին հիվանդությունների եւ այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման ուղղություններով։

Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության գործունեության ուղղությունները

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում՝

ա/ տրակտորների, ինքնագնաց շասսիների եւ տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշների ապահովման,

բ/ տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման,

գ/ գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի եւ շահագործման կանոնների կատարման ուղղություններով։

ԳԼՈՒԽ 3

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Ագրարային պետական տեսուչի իրավունքները

Ագրարային պետական տեսուչը սույն օրենքով սահմանված խնդիրներին եւ գործունեության ուղղություններին համապատասխան իրավունք ունի՝

ա/ կատարել տեսչական ստուգումներ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների արտադրական տարածքներում /այգի, ցանքատարածք եւ այլն/, ինչպես նաեւ արտադրական եւ պահեստային շինություններում.

բ/ պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ ու վերցնել փորձանմուշներ.

գ/ տալ պարտադիր կատարման համար ցուցումներ՝ ագրարային կանոնների ացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով եւ հետեւել դրանց իրականացմանը.

դ/ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաեւ իրավասու պետական մարմիններին ներկայացնել հաղորդումներ՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Հոդված 10. Ագրարային պետական տեսուչի պարտականությունները

Ագրարային պետական տեսուչը պարտավոր է՝

ա/ վերահսկել ագրարային կանոնների կատարումը գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից.

բ/ ագրարային կանոնների խախտման դեպքում կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ/ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ.

դ/ չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում՝ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե/ պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների օրենքով սահմանված իրավունքները.

զ/ չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների բնականան աշխատանքին.

է/ իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնները խախտելու հետեւանքով պատփառած վնասի չափի վերաբերյալ։

Հոդված 11. Տեսչական գործունեության արդյունքում կազմվող արձանագրությունը

Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա։

ԳԼՈՒԽ 4

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները

Գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսաարող սուբյեկտները եւ քաղաքացիներն իրավունք ունեն՝

ա/ օրենքով սահմանված կարգով գանգատարկել ագրարային պետական տեսուչի գործողությունները.

բ/ դատական կարգով պահանջել ագրարային պետական տեսուչի ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների հատուցում։

Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների պարտականությունները

Տնտեսավարող սուբյեկտները եւ քաղաքացիները պարտավոր են՝

ա/ կատարել ագրարային կանոնները.

բ/ չխոչընդոտել տեսչական աշխատանքների ընթացքին.

գ/ կատարել ագրարային պետական տեսուչի օրինական պահանջները եւ ցուցումները.

դ/ հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասները՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Հոդված 14. Միջազգային պայմանագրերը

Հոդված 14. Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝  Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

10.06.96 թ.
ՀՕ-63
 
 




23.10.2002 «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
05.11.2002 «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
24.10.2005 «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
27.11.2006 «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին