Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2000

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող՝ նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին եւ այլ ստեղծագործողներին (այսուհետ՝ արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ՝ արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1 հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչեւ 2000 թվականի մայիսի 1-ը:

Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ մշտապես բնակվում են հանրապետությունում:

Հոդված 4. Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երեւան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 5. Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 6. Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են պետական գրանցման համար տուրքի վճարից:

Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում այն չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը վավերացնում է նոտարը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:

Հոդված 9. Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 հուլիսի 2000թ.
ՀՕ-70    


09.10.2001 «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին