Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1994

Հոդված 1. Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է.

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչեւ բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու եւ արդարացման որոշումը եւ ժամկետները:

Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված եւ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:

Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական եւ այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետեւանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:

Հոդված 5. Բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազտազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսթոշակի իրավունք տվող ստաժի մեջ՝ եռակի չափով:

Բռնադատվելու հետեւանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսթոշակով՝ անկախ աշխատանքային ստաժից:

Հոդված 6. Բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակով նրան հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

Հոդված 7. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող վարձից:

Բնակրանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:

Հոդված 8. Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատի իրավունք:

Հոդված 9. Բռնադատվածը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի քաղաքային եւ միջազգային մարդատար պետական տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսուց) անվճար երթեւեկելու իրավունք։

Հոդված 10. Բռնադատվածը Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տան բնակրանի եւ կոմունալ ծառայությունների վարձի, դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի հիսուն տոկոս զեղչի իրավունք ունի:

Հոդված 11. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկ չափով:

Հոդված 12. Մահապատժի դատապարտված, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը կրելու կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 եւ 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

14 հունիսի 1994 թ.
Հ. Ն. -1063-1-ՀՕ-106
 
 


09.06.1997 «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.05.1998 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
12.10.1999 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
04.12.2001 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
16.03.2004 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
28.02.2005 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
23.05.2006 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
10.09.2008 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.03.2012 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին