Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.1999
  • Գլուխ I    Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II   Զորահավաքի բնագավառում կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
  • Գլուխ III Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում կազմակերպությունների եւ քաղաքացիների պարտականությունները: Քաղաքացիների ամրագրումը
  • Գլուխ IV Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը
  • Գլուխ V  Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպումն ու իրականացում
  • Գլուխ VI Եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորվում է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին օրենսդրությունը

    Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

    Հոդված 3. Զոարահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը

    Զոարահավաքային նախապատրաստությունը զինված ուժերում եւ այլ զորքերում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ) խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների համակարգ է, որը նպատակ ունի հանրապետությունն ու նրա վարչատարածքային միավորները նախապատրաստել զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժամանակ տնտեսության եւ բնակչության պահանջմունքները բավարարելու համար:

    Զորահավաքը պետական եւ տեղական ինքանակառավարման մարմինների ու կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը ու այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման եւ կազմի փոխադրելու միջոցառումների համակարգ է: Զորահավաքը կարող է լինել ընդհանուր կամ մասնակի:

    Զորահավաք կարող է հայտարարել Հանրապետության Նախագահը՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո:

    Զորահավաքը դադարեցնում է Հանրապետության Նախագահը՝ զորահավաք հայտարարելու հիմքերը վերանալուց հետո:

    Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվում են զորահավաքային մարմիններ, սահմանվում է ռազմատրանսպորտային պարտականություն եւ անցկացվում է զորակոչ:

    Հոդված 4. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի սկզբունքները

    Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի հիմնական սկզբունքներն են՝

    - կենտրոնացված ղեկավարումը,

    - պլանայնությունը եւ վերահսկողությունը,

    - կոմպլեկսայնությունը եւ փոխադարձ համաձայնեցումը:

    Հոդված 5. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բովանդակությունը

    Զոարահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը ներառում են՝

    ա) նախապատրաստումը, իրականացումը եւ դադարեցումը.

    բ) այդ բնագավառի իրավական կարգավորումը, ծրագրավորումը, գիտամեթոդական ապահովումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, միջազգային համագործակցությունը, պատրաստվածության վիճակի եւ իրականացման գործընթացի գնահատումը.

    գ) տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը եւ հաստատումը.

    դ) տնտեսության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տեղեկատվական միջոցների նախապատրաստումը՝ զորահավաքի եւ ռազմական դրության ժամանակ աշխատելու համար.

    ե) սպառազինությունների եւ տեխնիկայի, կարեւորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումը եւ պահպանումը.

    զ) պետական պահուստում անհրաժեշտ նյութական արժեքների կուտակումը, դրանց պահպանումը եւ թարմացումը.

    է) զորահավաքի եւ ռազմական դրության ժամանակ բնակչությանը մթերային եւ ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի եւ տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստումը.

    ը) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապատասխան կազմակերպությունների ղեկավարման պահեստային կետերի ստեղծումը եւ դրանց նախապատրաստումը՝ ռազմական դրության եւ զորահավաքի ժամանակ աշխատելու համար.

    թ) տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների եւ բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը.

    ժ) զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի, զորահավաքային հատուկ տեխնիկայի ու միջոցների, զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող քաղաքացիների նախապատրաստումը՝ զորահավաքի համար.

    ժա) հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրումը.

    ժբ) զորահավաքային պլանների կատարումը եւ զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը.

    ժգ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում զինվորական հաշվառման կազմակերպումը.

    ժդ) տնտեսության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների փոխադրումը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

    ժե) տրանսպորտային եւ այլ միջոցների, տեխնիկայի եւ սարքավորումների հավաքագրումը.

    ժզ) զինված ուժերը եւ այլ զորքերը լիակատար մարտական պատրաստության վիճակի փոխադրելը, զինված ուժերը եւ այլ զորքերը զորահավաքի զորակոչի միջոցով համալրելը, նրանց հատուկ տեխնիկա ու միջոցներ հանձնելը.

    ժէ) քաղաքացիական պաշտպանության համակարգի փոխադրումը լիակատար պատրաստության վիճակի.

    ժը) պետական պահուստի միջոցներով զորահավաքային կարիքների բավարարումը.

    ժթ) բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների նորմավորված մատակարարումը՝ ռազմական դրության եւ զորահավաքի ժամնակ.

    ի) աշխատունակ բնակչության հավաքագրումը պաշտպանական կամ հանրօգուտ աշխատանքների կատարման համար:

    ԳԼՈՒԽ II

    ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 6. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում կառավարության իրավասությունը

    Կառավարությունը, իր իրավասության սահմանններում՝

    ա) ղեկավարում եւ վերահսկում է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գործընթացը.

    բ) կազմակերպում է՝

    - զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը,

    - պետության, զինված ուժերի եւ այլ զորքերիպահանջմունքները բավարարող զորահավաքային պլանների մշակումը,

    - զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գիտամեթոդական ու տեղեկատվական ապահովումը,

    - զորահավաքային մարմինների որակավորման բարձրացումը,

    - պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում աշխատող պահեստազորայինների ամրագրումը զորահավաքի ժամանակ,

    - զորահավաքային պլանների կատարումը եւ զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը,

    - զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումը.

    գ) որոշում է՝

    - կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,

    - պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման եւ օգտագործման կարգը,

    - զորահավաքային նախապատրաստման եւ զորահավաքի ֆինանսավորման միջոցներն ու կարգը,

    - սպառազինության եւ տեխնիկայի, կարեւորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման եւ պահպանման կարգը,

    - զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը,

    - զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորելու հարցերը եւ զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպությունների արտոնություններ տալու կարգը.

    դ) զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում վարում է միջազգային բանակցություններ.

    ե) գնահատում է զորահավաքային նախապատրաստության վիճակը, որի մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հանրապետության Նախագահին.

    զ) մշակում եւ սահմանված կարգով ընդունում է զորահավաքային նախապատրաստության բնագավառի եւ զորահավաքի ժամանակ գործողության մեջ դրվող իրավական ակտերի նախագծերը.

    է) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

    - կազմակերպում է տնտեսության փոխադրումը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

    - վերահսկում է զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրումը ռազմական դրության կազմակերպական կառուցվածքի,

    - կազմակերպում է զորահավաքի անցկացումը.

    ը) զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 7. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում պետական մարմինների իրավասությունը

    Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասության սահմանններում՝

    ա) մշակում են զորահավաքային պլաններ.

    բ) ապահովում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների կատարումը.

    գ) վարչատարածքային միավորներում կազմակերպում, ղեկավարում ու ապահովում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի իրականացումը.

    դ) ստեղծում են զորահավաքային մարմիններ.

    ե) զորահավաքային խնդիրներն իրագործելու նպատակով կազմակերպությունների հետ կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

    զ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ անցկացնում են միջոցառումներ՝ զորահավաքային պլանների կատարումն ապահովելու համար.

    է) խաղաղ ժամանակ եւ զորահավաք հայտարարվելու դեպքերում օժանդակում են զինվորական կոմիսարիատներին՝ զորահավաքային աշխատանքներ կատարելիս.

    ը) իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պահեստազորայինների՝ սահմանված կարգով ամրագրումը.

    թ) ծամանակին եւ սահմանված կարգով կազմակերպում են զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տեխնիկան՝ հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն՝ շենքեր, կառույցներ եւ հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային եւ այլ նյութական միջոցներ տրամադրելը.

    ժ) զորահավաք հայտարարվելու դեպքում իրականացնում են վարչատարածքային միավորների, տնտեսությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու միջոցառումները.

    ժա) կառավարություն առաջարկություն են ներկայացնում զորահավաքային նախապատրաստվածության եւ զորահավաքի կատարելագործման վերաբերյալ.

    ժբ) համակարգում ու վերահսկում են կազմակերպությունների կողմից անցկացվող նախապատրաստական եւ զորահավաքային միջոցառումները, ինչպես նաեւ իրականացնում են դրանց մեթոդական ղեկավարումը:

    Հոդված 8. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

    Տեղական ինքնակառավարման մարմինները զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց իրավասությունն իրականացնում են օրենսդրությանը համապատասխան՝ կառավարության սահմանած կարգով եւ հատկացված նյութական ու ֆինանսական միջոցներով:

    ԳԼՈՒԽ III

    ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

    Հոդված 9. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում կազմակերպությունների պարտականությունները

    Կազմակերպությունները պարտավոր են՝

    ա) կազմակերպել եւ անցկացնել զորահավաքային նախապատրաստության՝ իրենց վերաբերող միջոցառումները.

    բ) ստեղծել զորահավաքային մարմիններ կամ նշանակել այդ գործունեությունն իրականացնող պատասխանատու աշխատողներ.

    գ) իրենց իրավասության սահմնաններում մշակել զորահավաքային պլաններ.

    դ) ձեռնարկել միջոցներ՝ զորահավաքի եւ պատերազմի ժամանակ զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար արտադրությունը նախապատրաստելու ուղղությամբ.

    ե) կատարել զորահավաքային առաջադրանքները (պատվերները).

    զ) հաստատված զորահավաքային պլանների համաձայն՝ կուտակել, պահպանել եւ ժամանակին թարմացնել պետական պահուստի նյութական արժեքները.

    է) խաղաղ եւ պատերազմական ժամանակ օժանդակել զինվորական կոմիսարիատներին՝ զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.

    ը) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

    - միջոցներ ձեռնարկել արտադրությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու ուղղությամբ,

    - ապահովել զորահավաքային պլաններով նախատեսված տեխնիկայի առաքումը հավաքակայան կամ զորամասեր,

    - իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիներին ծանուցել զինվորական ծառայութան զորակոչվելու մասին եւ ապահովել զորամասեր կամ հավաքակայան նրանց ներկայանալը,

    - զորահավաքային պլանների համաձայն եւ օրենսդրությամբ ու կառավարության սահմանած կարգով՝ տրամադրել շենքեր, շինություններ, հողակտորներ, հաղորդակցության, տրանսպորտային եւ այլ նյութական միջոցներ.

    թ) իրականացնել քաղաքացիների զինվորական հատուկ հաշվառման եւ ամրագրման վերաբերյալ օրենսդրության պահանջները:

    Կազմակերպություններն իրավունք չունեն հրաժարվել պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելուց, եթե, հաշվի առնելով արտադրության զորահավաքային ծավալումը, նրանց հնարավորությունները թույլ են տալիս կատարել այդ զորահավաքային առաջադրանքները (պատվերները):

    Հոդված 10. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում քաղաքացիների պարտականությունները

    Քաղաքացիները պարտավոր են՝

    ա) զինվորական կոմիսարիատների կանչով ներկայանալ՝ զորահավաքի ժամանակ իրենց նպատակային ներգրավումը որոշելու համար.

    բ) կատարել ստացած զորահավաքային կարգադրագրերի, զինվորական կոմիսարիատների ծանուացագրերի եւ կարգադրությունների պահանջները.

    գ) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

    - զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում, կարգադրություններում, զորահավաքային կարգադրագրերում նշված ժամկետներում ներկայանալ հավաքակայան,

    - առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության՝ չբացակայել իրենց բնակության վայրից,

    - սահմանված կարգով մասնակցել պետության պաշտպանությունը եւ անվտանգությունն ապահովող աշխատանքների կատարմանը,

    - զորահավաքային խնդիրների իրականացման նպատակով տրամադրել իրենց սեփական շենքերը, կառույցները, տրանսպորտային միջոցները եւ այլ գույք՝ օրենսդրությամբ եւ կառավարության սահմանած կարգով:

    Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց պարտականությունները չկատարելու համար քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 11. Զոարահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի պատճառած վնասների փոխհատուցման կարգը

    Զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման եւ խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը՝ օրենքներին համապատասխան:

    Հոդված 12. Քաղաքացիների ամրագրումը

    Ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության եւ զորահավաքի ժամանակ հանրապետության տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու եւ բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

    Ամրագրվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում աշխատող եւ բացառիկ մասնագիտություն ունեցող այն պահեստազորային քաղաքացիները, ովքեր ենթակա են հատուկ զինվորական հաշվառման:

    Ամրագրված քաղաքացիները, տրված տարկետման ընթացքում, ազատվում են զորահավաքի եւ զինվորական ծառայության զորակոչերից:

    Ամրագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ամրագրման ենթակա մասնագիտություններն ու պաշտոնները սահմանում է կառավարությունը:

    ԳԼՈՒԽ IV

    ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

    Հոդված 13. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը

    Զինված ուժերի ու այլ զորքերի՝ ռազմական դրության կազմակերպման եւ կազմի փոխադրումն ապահովելու նպատակով, ընդհանուր զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինները նախապես կցագրվում են զորամասերին՝ զորահավաքի ժամանակ զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար:

    Զորամասերին կցագրված քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը եւ քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար գործուղումն իրականացնում են համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու զինվորական կոմիսարիատները՝ համատեղ եւ կառավարության սահմանած կարգով:

    Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը կատարվում է զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

    Հոդված 14. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը

    Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքի 15 հոդվածում նախատեսված կարգով չեն օգտվում տարկետման իրավունքից:

    Այն քաղաքացիները, ովքեր զորահավաքի ընթացքում զինվորական ծառայության չեն զորակոչվել, կարող են գործուղվել զինված ուժեր եւ այլ զորքեր՝ քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար:

    Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչի ենթակա չեն ծանր հանցագործություն կատարած եւ չմարված դատվածություն ունեցող քաղաքացիները:

    Զորահավաք հայտարարվելու դեպքում զինծառայողները, բացառությամբ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների, շարունակում են իրենց ծառայությունը:

    Հոդված 15. Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալը

    Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է այն քաղաքացիներին, ովքեր՝

    ա) ամրագրվել են կառավարության սահմանած կարգով.

    բ) առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի՝ (մինչեւ 6 ամիս ժամկետով).

    գ) իրենց խնամքի տակ ունեն առողջական վիճակի պատճառով մշտական կողմնակի խնամքի (հսկողության) կարիք ունեցող կամ առաջին խմբի հաշմանդամ հայր, մայր, հարազատ քույր կամ ղբայր, տատ, պապ, որդեգրող կամ մինչեւ 16 տարեկան՝ ընտանիքի անդամ, եթե չկան այլ անձինք, ովքեր, օրենքի համաձայն, պարտավոր են խնամել նրանց.

    դ) իրենց խնամքի տակ ունեն՝

    - չորս եւ ավելի երեխա՝ արական սեռի քաղաքացիները,

    - մեկ եւ ավելի երեխա՝ իգական սեռի քաղաքացիները.

    ե) ունեն մայր, որն ունի մինչեւ 8 տարեական չորս երեխա, որոնց խնամում է միայնակ.

    զ) Ազգային ժողովի պատգամավոր են:

    ԳԼՈՒԽ V

    ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

    Հոդված 16. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպման ու իրականացման կարգը

    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, զինված ուժերի եւ այլ զորքերի, տնտեսության եւ կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի եւ կառավարության նորմատիվ իրավական ակտերով:

    Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի աշխատանքների ու տեղեկատվության պաշտպանությունն իրականացվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմատին իրավական այլ ակտերի համաձայն:

    Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց պարտականությունները չկատարելու համար պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 17. Զորահավաքային մարմինները

    Զորահավաքային մարմիններ ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպություններում:

    Զորահավաքային մարմինները կազմակերպում, համակարգում եւ վերահսկում են խաղաղ ժամանակ իրականացվող այն միջոցառումները, որոնք կոչված են զորահավաքի ժամանակ ապահովել զինված ուժերի ու այլ զորքերի համալրումը եւ նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաեւ տնտեսության գոյատեւումը: Նրանք իրականացնում են նաեւ զինապարտների հաշվառումը եւ ամրագրումը:

    Զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության կարգը, ենթակայությունը, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են այդ մարմինների օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է կառավարությունը:

    Զորահավաքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 18. Ռազմատրանսպորտային պարտականությունը

    Զինված ուժերը եւ այլ զորքերը զորահավաքի ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է ռազմատրանսպորտային պարտականություն:

    Ռազմատրանսպորտային պարտականության իրականացման, տրանսպորտային եւ այլ միջոցների հաշվառման, պլանավորման, վերահսկողության, օգտագործման եւ փոխհատուցման կագը սահմանվում է կառավարության նորմատիվ իրավական ակտերով:

    Հոդված 19. Զորահավաքային պահուստը

    Զորահավաքային կարիքները բավարարելու համար պետական պահուստում կուտակվում է համապատասխան քանակությամբ ապրանքանյութական արժեքների պաշար՝ զորահավաքային պահուստ:

    Զորահավաքային պահուստի կուտակման, թարմացման, օգտագործամ եւ հաշվառման կարգը սահմանվում է օրենքով:

    Հոդված 20. Զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը

    Տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող՝

    ա) ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից.

    բ) ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից, մակսատուրքից եւ մակսավճարից:

    Գործող եւ սառեցված արտադրությունում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինություններն ու փոխադրամիջոցներն ազատվում են գույքահարկից:

    Զորահավաքային նշանակության հողերն ազատվում են հողի հարկից:

    Սույն հոդվածով սահմանված արտոնությունների վերապահման կարգը սահմանում է կառավարությունը:

    Հոդված 21. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ֆինանսավորումը

    Զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով:

    Զորահավաքային միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

    ԳԼՈՒԽ VI

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 22. Զորահավաքի դադարեցումը

    Զորահավաքի դադարեցումը ներառում է՝

    ա) տնտեսության, տարածքային կազմավորումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների վերադարձը խաղաղ ժամանակի աշխատանքային պայմանների.

    բ) զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրումը խաղաղ ժամանակի կազմակերպական կառուցվածքի.

    գ) զորահավաքային միջոցառումների կասեցումը եւ զոարահավաքային նախապատրաստության գործընթացի վերսկսումը.

    դ) զորահավաքի ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրումը:

    Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    29 մարտի 1999 թ.
    ՀՕ-289-Ն  


    08.12.2009 «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    08.12.2011 «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին