Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.05.2002
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. 18 եւ ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Երեւան քաղաքում, Երեւան քաղաքի հետ կապված եւ միջպետական երթուղիներով ուղեւորափոխադրումների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետում՝

ա) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) երթուղիների հետ կապված`

միջքաղաքային 1.0

Երեւան քաղաքի հետ 1.2

ներմարզային, բացառությամբ միջքաղաքային եւ ներքաղաքային`

- Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում 0.75

- այլ մարզերում 0.5

միջպետական 1.2

միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային եւ Երեւան քաղաքի հետ) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.».

բ) «բ» ենթակետից հանել «լրացուցիչ» բառը.

գ) «գ» ենթակետում «13» թիվը փոխարինել «17-ը ներառյալ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 հունիսի 2002թ.
ՀՕ-342