Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2003
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.Այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելը
  • Գլուխ 3. Այլընտրանքային ծառայություն անցնելը
  • Գլուխ 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
     

  • Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելու եւ անցկացնելու կարգը:

    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը

    Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

    Հոդված 2. Այլընտրանքային ծառայության հասկացությունը եւ տեսակները

    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունն ունի հետեւյալ իմաստները.

    այլընտրանքային ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իրականացվող հատուկ պետական ծառայություն, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ ու բաղկացած է երկու տեսակից՝

    1) այլընտրանքային զինվորական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող հատուկ պետական ծառայության տեսակ.

    2) այլընտրանքային աշխատանքային ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող հատուկ պետական ծառայության տեսակ:

    Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի եւ հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է եւ չունի պատժի, անձի պատվի եւ արժանապատվության նվաստացման բնույթ:

    Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը

    Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը:

    Հոդված 4. Այլընտրանքային ծառայության ուղարկվող քաղաքացին

    Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչեւ հերթական զորակոչին նախորդող մարտի 1-ը կամ սեպտեմբերի 1-ը դիմել է իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` սույն օրենքի 3-րդ հոդվածի հիմքով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության բացակայության մասին, եւ ում նկատմամբ տեղական զորակոչային հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշում:

    Սույն օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմք ունեցող քաղաքացիների վրա:

    Հոդված 5. Այլընտրանքային ծառայության ժամկետը

    Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

    Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 42 ամիս:
     

    ԳԼՈՒԽ 2.

    ԱԼՅԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

    Հոդված 6. Այլընտրանքային ծառայության զորակոչը

    Այլընտրանքային ծառայության զորակոչը եւ պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ պահեստ արձակելու հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:

    Այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին, այլընտրանքային ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո, պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

    Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տեղական, մարզային (Երեւանի քաղաքային ) եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովները: Դրանց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 7. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

    Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս, սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ժամկետում, գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը եւ շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու նպատակները:

    Քաղաքացու դիմումը զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փոխանցվում է տեղական զորակոչային հանձնաժողովի քննարկմանը:

    Հոդված 8. Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը

    Տեղական զորակոչային հանձնաժողովն այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Դիմողը հանձնաժողովի նիստի ժամանակի եւ վայրի մասին նախապես տեղեկացվում է: Զորակոչային հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում:

    Հոդված 9. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը մերժելու հիմքերը

    Տեղական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը՝ պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին՝

    1) դիմում ներկայացրած քաղաքացին կրկին կանչվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստին եւ անհարգելի պատճառով չի ներկայանում.

    2) դիմումում կան կեղծ տեղեկություններ:

    Տեղական զորակոչային հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը մերժվելու դեպքում նրան 10 օրվա ընթացքում տրվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածք: Քաղվածքում նշվում է, թե ինչ պատճառներով է մերժվել նրա՝ այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումը:

    Հոդված 10. Այլընտրանքային ծառայության մասին դիմումն առանց քննարկման թողնելը

    Տեղական զորակոչային հանձնաժողովը դադարեցնում է այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկումը եւ ընդունում է համապատասխան որոշում, եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվում է, որ դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա չէ զորակոչի կամ ունի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

    Հոդված 11. Այլընտրանքային ծառայության զորակոչելու կապակցությամբ վեճեր լուծելը

    Եթե տեղական զորակոչային հանձնաժողովը մերժում է քաղաքացու դիմումը՝ պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին, ապա զորակոչիկը 10 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու հանրապետական զորակոչային հանձնաժողով:

    Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկն իրավունք ունի, որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 12. Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալը

    Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 13. Այլընտրանքային ծառայության սկիզբը

    Զինվորական կոմիսարիատը, զորակոչային հանձնաժողովի որոշման հիման վրա, զորակոչիկին հանձնում է կցագրման թերթիկ՝ այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:

    Հոդված 14. Այլընտրանքային ծառայություն իրականացնելն ապահովելը

    Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում եւ դրա իրականացումը վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

    Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Այլընտրանքային ծառայության կազմակերպման եւ իրականացման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվից:

    Հոդված 15. Այլընտրանքային զինվորական ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելը

    Այլընտրանքային զինվորական ծառայությունը փոխարինվում է պարտադիր զինվորական ծառայությամբ, եթե այլընտրանքային զինվորական ծառայողն այդ մասին դիմում է ներկայացնում զորամասի հրամանատարին՝ զորակոչվելուց 6 ամսվա ընթացքում:
     

    ԳԼՈՒԽ 3.

    ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

    Հոդված 16. Այլընտրանքային ծառայություն անցնելու կարգը

    1. Այլընտրանքային ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

    2. Այլընտրանքային զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիս է երդում եւ ստանձնում է համապատասխան պարտավորություններ:

    3. Այլընտրանքային ծառայողը կրում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    4. Այլընտրանքային ծառայողը չի կարող նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոնների:

    Հոդված 17. Այլընտրանքային ծառայողների իրավունքները եւ պարտականությունները

    Այլընտրանքային ծառայողները հավասարապես օգտվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների իրավունքներից եւ կրում են պարտականություններ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    Հոդված 18. Այլընտրանքային ծառայողների իրավունքների պաշտպանությունը

    Զինված ուժերի ստորաբաժանումների եւ զորամասերի հրամանատարներին ու անմիջական այլ ղեկավարներին արգելվում է այլընտրանքային ծառայողներին ծառայության ընդգրկել ռազմական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաեւ զենք եւ զինամթերք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:

    Սույն հոդվածում նշված ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ լիազորված այլ պաշտոնատար անձանցից սույն օրենքի պահանջներին հակասող կամ ակնհայտ այլ անօրինական հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ ստանալիս այլընտրանքային ծառայողը ղեկավարվում է միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

    Հոդված 19. Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակելը

    Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակելը եւ պահեստազորում հաշվառելն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 20. Այլընտրանքային զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը

    Այլընտրանքային զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 21. Այլընտրանքային զինվորական ծառայողների պատասխանատվությունը

    Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչիկներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներին եւ զինծառայողներին հավասարապես` օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 22. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելը

    1. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող օրենքով սահմանված կարգով զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու իրավունք ստանալ:

    2. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել այնպիսի պետական պաշտոնների, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ:
     


    ԳԼՈՒԽ 4.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

    Հոդված 24. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

    1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը սահմանող օրենքը ենթակա է ընդունման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

    2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների պատասխանատվությունը սահմանող օրենքը ենթակա է ընդունման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

    3. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: 
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    13.01.2004
    ՀՕ-6
    22.11.2004 «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    01.06.2006 «Այլընտրանքային ծառայության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    02.05.2013 «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    10.06.2014 «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին