Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.02.2004

Հոդված 1. Հ այաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247, այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի՝

1) վերնագրից հանել «քաղաքացիական գործեր քննող դատարանին» բառերը.

2) 1- ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական բոլոր գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանի քննությանը, բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան տնտեսական դատարանին ընդդատյա գործերի:»։

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածի վերնագրում «գործերով» բառը փոխարինել «գործեր քննող» բառերով։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 551 -րդ հոդվածով.

«Հոդված 551 . Փաստաթղթերից օգտվելը

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաեւ վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:»։

Հոդված 4. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությունը «օրենքները» բառից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճռի` հրապարակման ենթակա եզրափակիչ մասը եւ վճռի բնագիրը կազմում ու ստորագրում է դատական նիստը նախագահողը:»։

Հոդված 6. Օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «օրենքները» բառից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-3-րդ ենթակետերում «օրենքը» բառից հետո լրացնել « կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը,» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «օրենքները» բառից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը» բառերը:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ1 եւ հինգերորդ2 բաժիններով.

«ՀԻՆԳԵՐՈՐԴ 1 ԲԱԺԻՆ

ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

Հոդված 2411 . Նոր հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման հիմքերը

1. Նոր հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման համար հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որը կիրառել է դատարանը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (իրավունքների) խախտման հանգամանքը։

2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, տնտեսական դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները եւ որոշումները։

Հոդված 2412 . Նոր հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման համար դիմելը

Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայվում են սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված անձանց, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա։

Հոդված 2413 . Դիմումը ներկայացնելու ժամկետը

1. Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու դիմումները ներկայացվում են համապատասխան հանգամանքներն առաջանալու օրվանից եռամսյա ժամկետում։

2. Սույն օրենսգրքի 2411 -րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Սույն օրենսգրքի 2411 -րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից։

Հոդված 2414 . Դիմումը ներկայացնելու կարգը

1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 2417 -րդ հոդվածով իրավասու դատարան։

2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաեւ լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Դիմումին կցվում է նաեւ վճռի կամ որոշման վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը։

3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենների հետ պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց։

Հոդված 2415 . Դիմումի բովանդակությունը

Նոր հանգամանքներով վճիռը կամ որոշումը վերանայելու դիմումը պետք է պարունակի՝

1) այն դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.

2) վճռի կամ որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, որը ենթակա է վերանայման.

3) վճռի կամ որոշման վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.

4) դիմումով ներկայացվող պահանջը՝ ըստ համապատասխան նոր հանգամանքի.

5) դիմողի անունը (անվանումը).

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։

Հոդված 2416 . Վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելը

1. Դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, համապատասխան դատարանը որոշում է կայացնում վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց։

2. Վճռի կամ որոշման վերանայման վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե՝

1) դիմումում նշված վճիռը կամ որոշումը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը.

2) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, եւ դիմողը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

3) վճիռը կամ որոշումը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, եւ դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիսի հանգամանք չկա։

Հոդված 2417 . Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու իրավասություն ունի համապատասխան վճիռը կամ որոշումը կայացրած դատարանը։

Վերոնշյալ դրույթին համապատասխան՝

1) առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է վճիռը կամ որոշումը կայացրած առաջին ատյանի դատարանը.

2) վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է վերաքննիչ դատարանը.

3) տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է տնտեսական դատարանը.

4) վճռաբեկ դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման վերաբերյալ, նոր հանգամանքներով վերանայում է վճռաբեկ դատարանը։

Հոդված 2418 . Վճռի կամ որոշման վերանայման ժամկետը

Նոր հանգամանքներով վճիռը կամ որոշումը ենթակա է վերանայման` համապատասխան դատարանի կողմից վերանայման վարույթ հարուցելու օրվանից մեկամսյա ժամկետում։

Հոդված 2419 . Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

Նոր հանգամանքներով վճիռը, որոշումը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է՝

1) նախորդ վճիռը կամ որոշումը թողնել ուժի մեջ, դիմումը՝ առանց բավարարման.

2) փոփոխել վճիռը կամ որոշումն ամբողջությամբ կամ մի մասով եւ գործը կարճել ամբողջությամբ կամ մի մասով.

3) բեկանել վճիռը կամ որոշումը եւ կայացնել նոր վճիռ կամ որոշում։

Հոդված 24110 . Վերանայման կանոնները

Նոր հանգամանքների հետեւանքով վճիռը կամ որոշումը վերանայելու համար գործը քննության նախապատրաստելու, վերանայելու, դրա արդյունքում վճիռ կամ որոշում կայացնելու, դրա պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու, նոր վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու եւ դա բողոքարկելու նկատմամբ գործում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։


ՀԻՆԳԵՐՈՐԴ2 ԲԱԺԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 24111 . Միջազգային դատարան դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող եւ քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի։

2. Սույն օրենսգրքի իմաստով՝ վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի կայացրած եւ սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգերով) սահմանված պահից։

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

Հոդված 24112 . Միջազգային դատարան դիմելու կարգը

1. Մ իջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։

2. Վճռաբեկ դատարանը եւ տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները։

Հոդված 24113 . Միջազգային դատարանին աջակցելու՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում եւ անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարան է ներկայացնում 15-օրյա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու եւ արդարադատության շահը մինչեւ վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից։

Հոդված 24114 . Միջազգային դատարանի որոշման հիման վրա գործը վերանայելը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, միջազգային դատարանի որոշման հիման վրա, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վերջնական դատական որոշման առնչությամբ, միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, տվյալ գործը վերանայում է սույն օրենսգրքի հինգերորդ1 բաժնի կանոններին համապատասխան:»։

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 247-րդ հոդվածը:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ1 բաժնով.
 


«ՎԵՑԵՐՈՐԴ1 ԲԱԺԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հոդված 2471 . Միջպետական հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաեւ դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների եւ այլ փաստաթղթերի հանձնումը եւ սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով։

3. Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե այդ նորմերի կիրառման հնարավորությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, կամ եթե այդ նորմերը չեն հակասում սույն օրենսգրքին եւ քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին։

4. Օտարերկրյա պետության դատարանի հարցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 2472 . Իրավական օգնության հարցերով հաղորդակցության կարգը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով քաղաքացիական գործերով դատարաններին առնչվող փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում՝ դիվանագիտական ուղիներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների եւ օտարերկրյա պետության դատարանների միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով։

2. Եթե հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, ապա վերջինս օտարերկրյա պետության դատարանից ստացված հարցումն անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության այն դատարան, որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու է իրականացնելու համապատասխան դատավարական գործողությունը, անկախ այն հանգամանքից, հարցման մեջ ճիշտ է նշված այդ դատարանը, թե ոչ։

3. Եթե իրավական օգնության մասին հարցումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատարանը օտարերկրյա պետություն ուղարկելու համար, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է հարցման համապատասխանությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգին եւ ներկայացվող պահանջներին, որից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմին։

Եթե պարզվի, որ հարցումը կազմված է թերություններով, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանին առաջարկում է վերացնել դրանք, որից հետո հարցումն ուղարկում է օտարերկրյա պետության իրավասու մարմին։

4. Եթե իրավական օգնությունն իրականացվում է դիվանագիտական ուղիներով կամ Հայաստանի Հանրապետության դատարանի եւ օտարերկրյա պետության դատարանի միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով, ապա օտարերկրյա պետության դատարանի հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, եթե հարցման կատարումը չի մտնում իր իրավասության մեջ, դա վերահասցեագրում է սույն օրենսգրքով իրավասու դատարան։

5. Դիվանագիտական ուղիներով կամ դատարանների միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության դատարանները յուրաքանչյուր հարցման կապակցությամբ ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` նշելով հարցումը կազմելու (ստանալու) տարին, ամիսը, ամսաթիվը, հարցումը կազմած դատարանի անվանումը, հարցման համառոտ բովանդակությունը, հարցումը կատարած դատարանի անվանումը եւ կատարման համառոտ բովանդակությունը։

Հոդված 2473 . Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

1. Եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետեւյալ կանոնները, եթե հարցման մեջ՝

1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել եւ ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.

2) նշված են տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին՝ միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ եւ արագ կատարելու հնարավորություն են ընձեռում.

3) նշում չկա տվյալ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող որեւէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցում կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաեւ տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որը լրացնում է այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է։

Հոդված 2474 . Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը

Հ այաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու դատարանի ներկայացրած հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով։

Եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու դատարանը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել, եթե՝ 1) մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով, անկախ նրանից՝ հարցումը կազմվել եւ ներկայացվել է մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե միջազգային այլ պայմանագրին համապատասխան.

2) հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը։

Հոդված 2475 . Անձանց ներկայանալը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող եւ օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարան կանչված եւ դատարան ներկայացած քաղաքացիական գործով վկան, փորձագետը կամ մասնագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում է վկայի, փորձագետի կամ մասնագետի համար` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներից։

Այդ անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրավախախտումներ թույլ տալու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այն ծավալով եւ չափով, ինչը թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով։

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները տարածվում են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ համարվող եւ Հայաստանի Հանրապետության դատարան ներկայացած եւ տվյալ քաղաքացիական գործով քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների կարգավիճակ ունեցող անձանց վրա։

Հոդված 2476 . Օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների միջնորդ դատարանների վճիռները եւ որոշումները (այսուհետ՝ դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այսուհետ՝ միջազգային արբիտրաժի) վճիռները կամ որոշումները (այսուհետ՝ որոշումները) նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ միջնորդ դատարանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտն առնչվում է տնտեսական վեճերի լուծմանը, եւ դա կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը կամ միջնորդ դատարանը։

Եթե միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը։

3. Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը՝ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավասությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարաններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

4. Եթե օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու նպատակով անմիջականորեն հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության որեւէ դատարան, ապա վերջինս պարտավոր է՝

1) դրա ճանաչման վերաբերյալ որոշում կայացնել, եթե սույն հոդվածի 2-րդ կետի կանոններին համապատասխան՝ ինքն այդ հարցում իրավասու է.

2) օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը վերահասցեագրել սույն հոդվածի 2-րդ կետով իրավասու դատարան։

5. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ ուղարկելով որոշման պատճենը։

Հոդված 2477 . Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու պայմանները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով։

Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու եւ ճանաչումը մերժելու՝ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին։

2. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»։

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.03.2004
ՀՕ-39