Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2000
Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական եւ ներդրումային կազմակերպությունների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

Հոդված 2. ՓՄՁ սուբյեկտները

1.Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝

ա) գերփոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում հինգ մարդը.

բ) փոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում՝

- արդյունաբերության եւ նյութական արտադրության այլ ճյուղերում - 50,

- շինարարության եւ էներգետիկայի բնագավառում - 25,

- գիտության եւ կրթության բնագավառում - 25,

- տրանսպորտի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում - 15 մարդը.

գ) միջին՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում՝

- արդյունաբերության եւ նյութական արտադրության այլ ճյուղերում - 100,

- շինարարության եւ էներգետիկայի բնագավառում - 50,

- գիտության եւ կրթության բնագավառում - 50,

- տրանսպորտի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում - 30 մարդը:

2. Միաժամանակ մի քանի ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատկանելությունը ՓՄՁ սուբյեկտներին որոշվում է դրանց կողմից իրականացվող գործունեության գերակշիռ ոլորտի չափորոշիչներով:

3. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 3. ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղությունները

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

- իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը,

- ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,

- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,

- տեղեկատվական եւ խորհրդատվական օգնությունը,

- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,

- նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,

- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,

- կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը,

- վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի    ստեղծումը,

- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:

Հոդված 4. ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագիրը

ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:

Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան՝ ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ՝ ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-121  




05.10.2010 «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
22.12.2010 «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին