Օրենքը չի գործում:
Գործում է ««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2004
  • Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Համապատասխանության հավաստումը
  • Գլուխ 3. Հավատարմագրում
  • Գլուխ 4. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը
  • Գլուխ 5. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
  • Գլուխ 6. Անցումային դրույթներ
  • Գլուխ 7. Եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

    Սույն օրենքը կարգավորում է սահմանված պահանջներին արտադրանքի (ապրանքների), աշխատանքների եւ ծառայությունների (այսուհետ՝ ծառայություններ), որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, սահմանում է այդ բնագավառում համապատասխանության հավաստման գործընթացին մասնակից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման, սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրավական հիմքերն ու կարգը, գույքային շրջանառությունում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները:

    Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

    համապատասխանության գնահատում` սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանցհամապատասխանության գնահատում ուղղակի կամ անուղղակի ձեւով.

    համապատասխանության հավաստում՝ գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.

    համապատասխանության պարտադիր հավաստում ` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստում.

    համապատասխանության կամավոր հավաստում ՝ հայտատուի հայեցողությամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող անձանց համապատասխանության հավաստում.

    համապատասխանության նշան ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

    համապատասխանության հայտարարագիր ՝ սերտիֆիկացման մարմնի վավերացրած փաստաթուղթ, որով արտադրանք արտադրողը, ներմուծողը հավաստիացնում է իր արտադրած, ներմուծած արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

    սահմանված պահանջներ ՝ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով արտադրանքին, ծառայություններին, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերին, անձանց ներկայացվող պահանջներ.

    անվտանգություն ՝ անթույլատրելի ռիսկի բացակայություն՝ կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ պետական գույքին, կենդանիներին եւ բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ.

    համապատասխանության սերտիֆիկատ ՝ սերտիֆիկացման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.

    արտադրանքի նույնականացում ՝ ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը եւ էական հատկանիշներին.

    սերտիֆիկացման մարմին ՝ համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

    փորձարկման լաբորատորիա ՝ որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

    համապատասխանության հավաստման սխեմա ՝ գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց.

    հավատարմագրում ՝ ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար.

    հավատարմագրման ոլորտ ` սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվող համապատասխանության հավաստման աշխատանքների շրջանակ.

    պարբերական գնահատում ` սույն օրենքին եւ հավատարմագրման չափանիշներին սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի համապատասխանության գնահատում` ըստ դրա գտնվելու վայրի.

    հավատարմագրման խորհուրդ՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած խորհուրդ:

    Հոդված 3. Համապատասխանության գնահատման իրավական կարգավորումը

    Համապատասխանության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

    Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 5. Համապատասխանության գնահատման ձեւերը

    1. Համապատասխանության գնահատման ձեւերն են`

    1) համապատասխանության հավաստումը.

    2) հավատարմագրումը.

    3) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը:

    Հոդված 6. Համապատասխանության գնահատման ազգային մարմինը

    1. Համապատասխանության գնահատման ազգային մարմինը (այսուհետ՝ ազգային մարմին) համապատասխանության գնահատման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինն է։

    2. Ազգային մարմինը`

    1) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության գնահատման բնագավառում.

    2) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն.

    3) օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին.

    4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը համապատասխանության գնահատման բնագավառում՝ այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

    5) հրապարակում է տեղեկատվություն սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների եւ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ, այն տրամադրում է միջազգային եւ տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին.

    6) ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը եւ հավատարմագրման խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

    7) սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում եւ անցկացնում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի պարբերական գնահատում, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ.

    8) առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ.

    9) վարում է հավատարմագրված անձանց գրանցամատյանը.

    10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

    Հոդված 7. Համապատասխանության գնահատման նպատակները

    1. Համապատասխանության գնահատման նպատակներն են՝

    1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ պետական գույքի անվտանգության ապահովումը.

    2) կենդանիների եւ բույսերի կյանքի ու առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը՝ ձեռնարկատիրական եւ արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.

    3) արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը եւ թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը.

    4) հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը.

    5) ներքին եւ արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության եւ միջազգային առեւտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

    6) համապատասխանության հավաստման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը.

    7) սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը.

    8) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ներդաշնակումը միջազգային համապատասխանության գնահատման համակարգերի ընթացակարգերին, ինչպես նաեւ առեւտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը:

    ԳԼՈՒԽ 2.

    ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

    Հոդված 8. Համապատասխանության հավաստման ձեւերը եւ սխեմաները

    1. Համապատասխանության հավաստումը կարող է լինել կամավոր կամ պարտադիր:

    2. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձեւով:

    3. Համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է՝

    1) համապատասխանության հայտարարագրի ընդունման ձեւով.

    2) սերտիֆիկացման ձեւով:

    4. Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:

    5. Հայրենական եւ օտարերկրյա արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է միեւնույն ձեւերով եւ սխեմաներով:

    6. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները եւ դրանց նույնականացման նշագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    7. Համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաները որոշվում են արտադրանքի եւ ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով։ Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար տեխնիկական կանոնակարգերով կարող են որոշվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք, ըստ իրենց նշանակության, պետք է լինեն համարժեք։

    8. Համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ համապատասխանության հավաստման սխեմայի ընտրությունը պետք է կատարվի տվյալ արտադրանքի կամ ծառայությունների տեխնիկական կանոնակարգով որոշված սխեմաներից, համապատասխանության կամավոր հավաստման ժամանակ՝ համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտից։

    Հոդված 9. Համապատասխանության կամավոր հավաստումը

    1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ՝ նրա եւ սերտիֆիկացման մարմնի միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

    2. Համապատասխանության կամավոր հավաստման օբյեկտներն են արտադրանքը, ծառայությունները, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերը, համապատասխանության գնահատման բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց նկատմամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված են պահանջներ:

    3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստմանը:

    Հոդված 10. Համապատասխանության պարտադիր հավաստումը

    1. Համապատասխանության պարտադիր հավաստումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում՝ դրանց պահանջներին համապատասխան:

    2. Համապատասխանության պարտադիր հավաստման օբյեկտ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող արտադրանքը եւ մատուցվող ծառայությունները:

    3. Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի վավերացման համար հայտի ներկայացման իրավունք ունեն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

    Հոդված 11. Համապատասխանության սերտիֆիկատը, հայտարարագիրը եւ նշանը

    1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) եւ համապատասխանության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) ձեւերը եւ դրանց ներկայացվող պահանջները սահմանում է ազգային մարմինը:

    2. Հայտարարագիրը եւ սերտիֆիկատը, անկախ համապատասխանության պարտադիր հավաստման սխեմայից, ունեն հավասար իրավաբանական ուժ:

    3. Սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին եւ սահմանվում է՝

    1) տեխնիկական կանոնակարգերով՝ համապատասխանության պարտադիր հավաստման դեպքում.

    2) սերտիֆիկացման մարմնի կողմից՝ համապատասխանության կամավոր հավաստման դեպքում:

    4. Հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով՝ երեք տարուց ոչ ավելի։

    5. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    Հոդված 12. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը

    1. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկն ամիսը մեկ հրապարակում է ազգային մարմինը:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկում նշվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, արտադրանքի կամ ծառայությունների անվանումը եւ արտաքին տնտեսական գործունեության ծածկագիրը:

    Հոդված 13. Սերտիֆիկացման մարմինը

    1. Սերտիֆիկացման մարմինն իր հավատարմագրման ոլորտի սահմաններում՝

    1) քննարկում է համապատասխանության հավաստման հայտերը.

    2) իրականացնում է արտադրանքի նմուշառումը եւ նույնականացումը.

    3) կատարում է սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ.

    4) իրականացնում է ճանաչված օտարերկրյա սերտիֆիկատների վերաձեւակերպումը եւ հանձնում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձեւի սերտիֆիկատ.

    5) վավերացնում եւ գրանցում է հայտատուների ներկայացրած հայտարարագրերը.

    6) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով.

    7) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը՝ սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում.

    8) վարում է տրված սերտիֆիկատների եւ վավերացված հայտարարագրերի գրանցամատյանները։

    2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման կամ մերժման մասին որոշումն ընդունում է այն ստանալուց հետո՝ երկու օրվա ընթացքում։

    3. Սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում անհապաղ գրավոր ծանուցում է ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին։

    4. Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է՝

    1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել գործունեություն միայն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում.

    2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխան փորձագետներով, իրավական ակտերով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ընդունված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով.

    3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտում համապատասխան որակի կառավարման համակարգը.

    4) բացառել գնահատումն իրականացնող անձի կամ անձերի մասնակցությունը սերտիֆիկացման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին.

    5) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար.

    6) ապահովել ծառայողական եւ առեւտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը.

    7) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխանության հավաստման գործունեությունը, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը եւ ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը.

    8) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ազգային մարմնին.

    9) սահմանել համապատասխանության հավաստման հայտատուներից եւ այլ կողմերից սերտիֆիկացման գործընթացներին առնչվող բողոքների քննարկման կարգ:

    5. Սերտիֆիկացման մարմինը չի կարող զբաղվել իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ:

    Հոդված 14. Փորձարկման լաբորատորիան

    1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրված ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայությունների փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է փորձարկումների արձանագրություններ:

    2. Փորձարկման լաբորատորիան պարտավոր է՝

    1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել փորձարկումներ միայն հավատարմագրման ոլորտի շրջանակներում.

    2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով.

    3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգը.

    4) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար.

    5) ապահովել ծառայողական եւ առեւտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը.

    6) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել հավատարմագրման ոլորտի փորձարկումները, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը եւ ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը.

    7) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ազգային մարմնին.

    8) սահմանել փորձարկումներին առնչվող՝ պատվիրատուից եւ այլ կողմերից բողոքների քննարկման կարգ:

    Հոդված 15. Համապատասխանության հավաստման հայտատուն

    1. Համապատասխանության հավաստման հայտատուն՝
    1) համապատասխանության հավաստման նպատակով ընտրում է համապատասխանության հավաստման ձեւը, սխեման եւ հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմին՝ սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրի վավերացման եւ գրանցման համար.

    2) ապահովում է արտադրանքի, ծառայությունների հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված փաստաթղթերի պահանջների պահպանումը.

    3) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայությունների մատուցումը, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում տրված փաստաթղթերի պահանջներին.

    4) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին.

    5) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ՝ համաձայն սերտիֆիկացման մարմնի եւ հայտատուի միջեւ կնքված պայմանագրի.

    6) իրականացնում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով:

    2. Հայտատուն իրավունք ունի համապատասխանության հավաստման նպատակով հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին:

    Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման եւ ծառայությունների մատուցման պայմանները

    1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացումը եւ ծառայությունների մատուցումը՝ առանց դրանց համապատասխանության հավաստման:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա եւ շրջանառության մեջ գտնվող արտադրանքն ու ծառայությունները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով:

    Հոդված 17. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պայմանները

    1. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանք ներմուծելու դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվի դրա սերտիֆիկատը կամ գրանցված հայտարարագիրը:

    2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծումը, առանց դրանց համապատասխանության հավաստման, արգելվում է:

    Հոդված 18. Համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչումը

    Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված սերտիֆիկատները (օտարերկրյա սերտիֆիկատներ), համապատասխանության նշանները, փորձարկման արձանագրությունները կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում միջազգային պայմանագրերին համապատասխան։

    ԳԼՈՒԽ 3.

    ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

    Հոդված 19. Համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հավատարմագրումը

    1. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն կարող են իրականացնել միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Բացառիկ դեպքերում, երբ համապատասխանության հավաստման անհրաժեշտության պայմաններում բացակայում են համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմինները կամ փորձարկման լաբորատորիաները, ազգային մարմնի ներկայացմամբ հավատարմագրման խորհուրդը կարող է լիազորել սերտիֆիկացման մարմնին կամ փորձարկում իրականացնողն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը համապատասխան հավաստման որոշակի ոլորտում եւ ժամկետով համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար: Սույն մասով նախատեսված լիազորման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:

    2. Հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի, իրավական այլ ակտերի եւ միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտների պահանջներին (այսուհետ՝ հավատարմագրման չափանիշներ) համապատասխան։

    3. Հավատարմագրման հայտատուն կարող է հավատարմագրվել որպես սերտիֆիկացման մարմին կամ փորձարկման լաբորատորիա:

    Հոդված 20. Հավատարմագրման սկզբունքները

    Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են՝

    1) կամավորությունը.

    2) անկախությունը.

    3) հավատարմագրման գործընթացի թափանցիկությունը.

    4) հավատարմագրման հավակնորդների համար հավասար պայմանների ապահովումը.

    5) միջազգային ստանդարտներին ներդաշնակված հավատարմագրման պահանջների կիրառումը:

    Հոդված 21. Հավատարմագրման խորհուրդը

    1. Հավատարմագրման խորհրդի անհատական կազմը եւ գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Հավատարմագրման խորհուրդը կազմվում է տասնհինգ անդամներից եւ ընդգրկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, շահագրգիռ հասարակական միավորումների եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

    3. Հավատարմագրման խորհրդի իրավասություններն են՝

    1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու մասին որոշումների ընդունումը.

    2) հավատարմագրման գործընթացի հետ կապված բողոքների քննարկումը եւ դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը.

    3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ որոշումների ընդունումը:

    Հոդված 22. Հավատարմագրման հայտատուին ներկայացվող պահանջները

    1. Հայտատուն` որպես սերտիֆիկացման մարմին, հավատարմագրվելու համար պարտավոր է՝

    1) հավատարմագրված լինել որպես փորձարկման լաբորատորիա.

    2) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում եւ որակավորում ստացած փորձագետներով, իրավական ակտերով եւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով.

    3) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ.

    4) սահմանել պատվիրատուներից եւ այլ կողմերից համապատասխանության hավաստմանն առնչվող բողոքների քննարկման կարգ.

    5) չզբաղվել հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ:

    2. Հայտատուն` որպես փորձարկման լաբորատորիա, հավատարմագրվելու համար պարտավոր է՝

    1) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում եւ որակավորում ստացած, փորձարկում իրականացնող անձնակազմով, իրավական ակտերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով.

    2) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ.

    3) սահմանել պատվիրատուներից եւ այլ կողմերից փորձարկումների հետ առնչվող բողոքների քննարկման կարգ.

    4) ապահովել հավատարմագրման ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր արտադրանքի (արտադրանքի խմբի) կամ ծառայությունների փորձարկումը՝ դրանց բնութագրերի (ցուցանիշների) առնվազն յոթանասունհինգ տոկոս ծավալով:

    3. Սույն հոդվածով հայտատուին ներկայացվող պահանջները պարտադիր են նաեւ դրա հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում:

    Հոդված 23. Հավատարմագրման հայտի ներկայացումը

    1. Հավատարմագրման նպատակով հայտատուն հայտ է ներկայացնում ազգային մարմին։

    2. Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են՝

    1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.

    2) իր գործունեության մասին տվյալներ.

    3) որակի ձեռնարկը.

    4) հարցաթերթը.

    5) հայտատուի` որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրման վկայագրի պատճենը.

    6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) եւ պետական գրանցման վկայականի պատճենները:

    3. Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են՝

    1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.

    2) իր գործունեության մասին տվյալներ.

    3) լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը.

    4) որակի ձեռնարկը.

    5) հարցաթերթը.

    6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) եւ պետական գրանցման վկայականի պատճենները:

    4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հայտատուն ներկայացնում է ազգային մարմնի սահմանած ձեւերին համապատասխան:

    Հոդված 24. Հայտի ընդունումը կամ վերադարձնելը

    1. Ազգային մարմինը հայտն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է հավատարմագրման հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգումը:

    2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված փաստաթղթերից որեւէ մեկի բացակայության դեպքում ազգային մարմինը հայտը վերադարձնում է հայտատուին։

    Սահմանված ժամկետում հայտը չվերադարձվելու դեպքում այն համարվում է ընդունված:

    Ընդունված հայտը գրանցվում եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը ենթարկվում են փորձաքննության երեսուն օրվա ընթացքում։

    Հոդված 25. Փաստաթղթերի փորձաքննությունը

    1. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում ազգային մարմինը եզրակացնում է, որ դրանք համապատասխանում են հավատարմագրման չափանիշներին, ապա հավատարմագրման գործընթացը շարունակվում է:

    2. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հավատարմագրման չափանիշներին, ապա ազգային մարմինն այդ մասին եզրակացություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո հավատարմագրման խորհուրդն իր հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունում հավատարմագրումը մերժելու կամ հավատարմագրման գործընթացը շարունակելու մասին:

    Հոդված 26. Հայտատուի համապատասխանության գնահատումը

    1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ազգային մարմինն ստեղծում է համապատասխան փորձագետներից եւ մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հայտատուի համապատասխանության գնահատում` ըստ հայտատուի գտնվելու վայրի:

    Գնահատման հանձնաժողովի կազմում հայտատուի ցանկությամբ կարող են ընդգրկվել երկուսից ոչ ավելի հրավիրված մասնագետներ, որոնց վարձատրում է հայտատուն՝ պայմանագրի հիման վրա։

    2. Համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում գնահատման հաշվետվությունը:

    3. Գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո ազգային մարմինն ամփոփում է հավատարմագրման աշխատանքները եւ առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ` կցելով գնահատման հաշվետվությունը, հավատարմագրման հայտատուի ներկայացրած փաստաթղթերը եւ դրանց փորձաքննության եզրակացությունը:

    4. Ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո՝ հերթական նիստի ժամանակ, հավատարմագրման խորհուրդը որոշում է ընդունում հավատարմագրման հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:

    5. Ազգային մարմինը հավատարմագրման խորհրդի որոշման մասին ծանուցում է հայտատուին հավատարմագրման խորհրդի որոշումն ընդունվելուց հետո՝ երկու օրվա ընթացքում:

    Հոդված 27. Հավատարմագրման վկայագրի ձեւակերպումը, գրանցումը եւ հանձնումը

    1. Հավատարմագրման խորհրդի՝ հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունելուց եւ հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, ազգային մարմինը ձեւակերպում եւ գրանցում է հավատարմագրման վկայագիրը համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում եւ վկայագիրը հանձնում է հավատարմագրված անձին:

    2. Հայտատուն հավատարմագրված է համարվում համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:

    3. Պետական տուրքը չվճարելը կամ վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:

    4. Հավատարմագրման վկայագիրն անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է, որի ձեւը սահմանում է ազգային մարմինը:

    5. Հավատարմագրման վկայագրի հետ հավատարմագրված անձին (անձանց) է հանձնվում հավատարմագրման ոլորտը, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է:

    Հոդված 28. Հավատարմագրման ժամկետը

    Հավատարմագրման ժամկետը՝ հինգ տարուց ոչ ավելի, սահմանում է հավատարմագրման խորհուրդը:

    Հոդված 29. Պարբերական գնահատումը

    1. Հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված անձի գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում ազգային մարմինն ստեղծում է փորձագետներից եւ մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրված անձի պարբերական գնահատումը:

    Գնահատման հանձնաժողովի կազմում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կարող են ընդգրկվել հրավիրված մասնագետներ։

    2. Պարբերական գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում պարբերական գնահատման հաշվետվությունը:

    3. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ահազանգ է ստացվել իրենց կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված՝ հավատարմագրված անձի հավատարմագրման ոլորտում թույլ տված խախտումների մասին:

    Հոդված 30. Հավատարմագրման վկայագրի գործողության կասեցումը, վերականգնումը եւ դադարեցումը

    1. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է ազգային մարմնի առաջարկությամբ, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:

    2. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչեւ կասեցման հիմքերի վերացումը, բայց երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

    3. Կասեցման հիմքերը վերացնելուց հետո հավատարմագրված անձը կարող է դիմել ազգային մարմին՝ հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու համար:

    4. Հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու դիմումի հիման վրա ազգային մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան իրականացված գնահատման արդյունքում առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ՝ հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

    5. Հավատարմագրման խուրհուրդը՝ ազգային մարմնի առաջարկությամբ, դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե հավատարմագրված անձը՝

    1) չի վերացրել կասեցման հիմքերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում.

    2) հրաժարվել է պարբերական գնահատման գործընթաց իրականացնելուց.

    3) հավատարմագրման ոլորտից դուրս իրականացրել է համապատասխանության հավաստման գործունեություն.

    4) արտադրել կամ իրացրել է իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանք կամ մատուցել ծառայություններ.

    5) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:

    6. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշում է ընդունում ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

    Հոդված 31. Հավատարմագրման ոլորտի ընդլայնումը եւ կրճատումը

    1. Հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել հավատարմագրված անձի դիմումի հիման վրա` սույն օրենքով սահմանված հավատարմագրման կարգին համապատասխան:

    2. Հավատարմագրման ոլորտը կարող է կրճատվել՝

    1) հավատարմագրված անձի դիմումի հիման վրա.

    2) հավատարմագրված անձի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին։

    ԳԼՈՒԽ 4.

    ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 32. Պետական վերահսկողության խնդիրները

    1. Պետական վերահսկողության հիմնական խնդիրներն են՝

    1) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը եւ վերացումը.

    2) տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը:

    Հոդված 33. Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

    1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է ազգային մարմինը` իր կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ՝ գլխավոր պետական տեսուչ):

    Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձեւերը հաստատում է ազգային մարմինը:

    3. Պետական վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում:

    Հոդված 34. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների իրավասությունները

    1. Գլխավոր պետական տեսուչը՝

    1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների հետ կապված վարչական պատասխանատվության մասին գործերը եւ իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.

    2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքերում արձակում է կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու եւ սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին.

    3) օրենքով նախատեսված դեպքերում արձակում է ստուգումն իրականացնելու մասին հանձնարարագրեր.

    4) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դիմում դատարան՝ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.

    5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

    2. Պետական տեսուչը՝

    1) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր պետական տեսուչին` վերջինիս իրավասության հարցերով.

    2) արձակում է կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ.

    3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 35. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների պատասխանատվությունը

    1. Գլխավոր պետական տեսուչը եւ պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական եւ (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

    2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետեւանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

    3. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:

    4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:

    5. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

    Հոդված 36. Կարգադրագիրը

    1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

    1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման արգելմանը, արտադրանքը շրջանառությունից հանելուն, սպառողներին այդ մասին տեղեկացնելուն եւ սպառողներից արտադրանքի վերադարձմանը, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել.

    2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման կասեցմանը՝ մինչեւ հայտնաբերված խախտման վերացումը:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:

    3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:

    4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

    5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են գլխավոր պետական տեսուչի կողմից՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:


    ԳԼՈՒԽ 5.

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

    Հոդված 37. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

    Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք սույն օրենքի դրույթները խախտելու համար կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
     

    ԳԼՈՒԽ 6.

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 38. Անցումային դրույթներ

    1. Համապատասխանության գնահատման բնագավառում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչեւ դրանց ընդունումը, օրենքով տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը տարածվում են այն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վրա, որոնք ուղղված են հետեւյալ նպատակներից առնվազն մեկի ապահովմանը`

    1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ պետական գույքի անվտանգության ապահովմանը.

    2) կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը՝ ձեռնարկատիրական եւ արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.

    3) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանը:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան ստանդարտների հիման վրա:
     


    ԳԼՈՒԽ 7.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 39. Եզրափակիչ դրույթներ

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո, բացառությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ մասի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի դեկտեմբերի 3-ի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՕ-18 Հայաստանի Հանրապետության օրենքը: 
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    19.06.2004
    ՀՕ-82


    27.11.2006 «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    22.12.2010 «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    08.02.2012 «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին