Russian    
Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.04.2001
Հոդված 1. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր:

Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձեւը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը:»:

Հոդված 2. «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

1) 1-ին հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զանգվածային լրատվության միջոց թողարկող կարող է լինել իրավաբանական անձը:».

2) 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած.

3) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ առաջին մասով.

«Մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցներ թողարկողներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք:»:

Այդ կապակցությամբ՝ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ , վեցերորդ եւ յոթերորդ մասեր:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 ապրիլի 2001թ.
ՀՕ-166