Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.1996


ԲԱԺԻՆ I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի մեջ օգտագործված հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝

ա/ հյուպատոսական հիմնարկ- գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների հյուպատոսական բաժիններ.

բ/ հյուպատոսական հիմնարկի ղեկավար- անձ, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.

գ/ հյուպատոսական պաշտոնատար անձ- ցանկացած անձ, ներառյալ նաեւ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը.

դ/ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ- անձինք, որոնք հյուպատոսական հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ սպասարկման հետ կապված աշխատանքներ.

ե/ հյուպատոսական տարածաշրջան- շրջան, որը հատկացված հյուպատոսական հիմնարկին՝ հյուպատոսական պարտականությունների կատարման համար։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներն օտարերկրյա պետություններում պաշտպանում են Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

Հյուպատոսական հիմնարկները նպաստում են այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ազմակողմանի կապերի ընդլայնմանը։

Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն են օտարերկրյա պետություններում։

Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը եւ նստավայր պետությունը, միջազգային հանրաճանաչ նորմերով եւ սկզբունքներով, միջազգային սովորույթներով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով։

Հոդված 5. Հյուպատոսական հարաբերություններն առաջանում են դիվանագիտական հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքուո՝ միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով։

Դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնաբերաբար չի հանգեցնում հյուպատոսական հարաբերությունների դադարեցմանը։

Հոդված 6. Այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, նստավայր պետության համաձայնությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է կատարել նաեւ դիվանագիտական պարտականությունները։

Հոդված 7. Հյուպատոսական հիմնարկի դասը, գտնվելու վայրը եւ հյուպատոսական տարածաշրջանը համաձայնեցվում են նստավայր պետության հետ։

Հոդված 8. Հյուպատոսական հիմնարկն ունի կնիք՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ հիմնարկի անվանմամբ /հայերեն, նստավայր պետության եւ անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով/։

Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, վահանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ հիմնարկի անվանմամբ /հայերեն, նստավայր պետության եւ անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով/։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ամրացնել իր նստավայրի վրա, ինչպես նաեւ իր փոխադրամիջոցներին։
 
 

ԳԼՈՒԽ II

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10. Գլխավոր հյուպատոսությունները, հյուպատոսությունները, փոխհյուպատոսությունները եւ հյուպատոսական գործակալությունները գլխավորում են համապատասխանաբար գլխավոր հյուպատոսները, հյուպատոսները, փոխհյուպատոսները եւ հյուպատոսական գործակալությունների ղեկավարները։

Հոդված 11. Դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժինների վարիչները կարող են կատարել գլխավոր հյուպատոսի կամ հյուպատոսի պարտականությունները։

Հյուպատոսական բաժնի աշխատակիցները համարվում են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ եւ օգտվում են համապատասխան արտոնություններից։

Հյուպատոսական բաժնի վարիչն իր հյուպատոսական լիազորությունները ստանձնում է առանց արտոնագրի եւ համաձայնության /էկզեկվատուրայի/։

Հոդված 12. Հյուպատոսական հիմնարկները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը եւ գործում են նստավայր պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկաացուցչության ղեկավարի ընդհանուր քաղաքական ղեկավարության ներքո։

Հոդված 13. Հյուպատոսական պաշտոնատար անձինք եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները գտնվում են պետական ծառայությն մեջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։

Հոդված 14. Հյուպատոսական հիմնարկի ղեկավար կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Հոդված 15. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը համարվում է նշանակված արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ հյուպատոսական արտոնագիր ստանալուց հետո։ Հյուպատոսական արտոնագիրը ներկայացվում է նստավայր պետության կառավարության։

Հոդված 16. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն անցնում է պարտականությունների կատարմանը նստավայր պետության համաձայնությունը /էկզեկվատուրա/ ստանալուց հետո։

Հոդված 17. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ինչ-որ պատճառով չի կատարել իր պարտականությունները կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես թափուր է, ապա նրա պարտականությունների կատարումը դրվում է նույն կամ նստավայր պետությունում Հայաստանի Հանրապետության մեկ այլ հյուպատոսական հիմնարկի որեւէ պաշտոնատար անձի կամ այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներից որեւէ մեկի վրա։
 
 

ԳԼՈՒԽ III

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր վրա դրված հյուպատոսական պարտականությունները կատարում է անձամբ կամ հանձնարարում է հյուպատոսական մեկ այլ պաշտոնատար անձի։

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է հավատարմագրվել որեւէ երրորդ պետությունում՝ Հայաստանի Հանրապետության եւ այդ պետության փոխադարձ համաձայնությամբ։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը երրորդ պետության անունից կարող է հյուպատոսական պարտականությունները կատարել այդ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համապատասխան պայմանավորվածության առկայության եւ նստավայր պետության համաձայնության դեպքում։

Հոդված 20. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է առնչվել նստավայր պետության իրավասու մարմինների հետ հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում՝ հյուպատոսական հիմնարկի գործունեության հետ կապված բոլոր հարցերով։

Հոդված 21. Հյուպատոսական պաշտոնատար անձանց եւ հիմնարկի աշխատակիցների գործողությունները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։

ԲԱԺԻՆ II

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԳԼՈՒԽ IV

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ եւ այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի Հանրապետությունը եւ նստավայր պետությունը, ինչպես նաեւ միջազգային նորմերով եւ սովորույթներով։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ։

Հոդված 23. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար։

Հոդված 24. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրականացնում է իր հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող եւ ժամանակավորապես գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառում։

Հոդված 25. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում։

Հոդված 26. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում, ծանոթացնում է նստավայր պետության օրենսդրությանը եւ սովորույթներին։

Հոդված 27. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավասու է առանց հատուկ լիազորագրի, նստավայր պետության պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե վերջիններս բացակա են եւ իրենց գործերի վարումը չեն հանձնարարել որեւէ անձի կամ այլ պատճառներով ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները։

Հոդված 28. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր լիազորությունների շրջանակներում պարզել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում եւ տրանսպորտային այլ միջոցներում տեղի ունեցած պատահարների հանգամանքները եւ կարգավորել դրանց հետեւանքով առաջացած հարցերը եւ վեճերը։
 
 

ԳԼՈՒԽ V

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 29. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրեն փոխանցված Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազության եւ քննչական մարմինների՝ իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերվող հանձնարարությունները։ Նշված հանձնարարությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

ԳԼՈՒԽ VI

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 30. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ձեւակերտել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխաների որդեգրումը։ Որդեգրման համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։

Հոդված 31. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում իր հյուպատոսական տարծաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության անչափահաս ծնողազուրկ քաղաքացիների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն սահմանելու համար։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում խնամակալություն եւ հոգաբարձություն սահմանելու նաեւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք առողջական վիճակի բերումով չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները եւ կատարել պարտականությունները։

ԳԼՈՒԽ VII

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 32 . Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահից հետո մնացած գույքը։

Եթե գույքը բաղկացած է առարկաներից, որոնց պահպանումը աննպատակահարմար է /կապված է մեծ ծախսերի հետ, կարող է որակազրկվել եւ այլն/, ապա հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի վաճառել այն եւ ստացված գումարը փոխանցել ըստ պատկանելության։

Հոդված 33 . Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ընդունում է ժառանգական գույքը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ժառանգներին փոխանցելու համար։

Հոդված 34. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է պահպանության վերցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող դրամը, արժեքները, արժեթղթերը եւ փաստաթղթերը։

ԳԼՈՒԽ VIII

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 35. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետեւել, որպեսզի ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման դատապարտված կամ քաղաքացու ազատությունը սահմանափակող այլ միջոցների ենթարկված, ինչպես նաեւ դատական կամ վարչական ներգործության այլ ձեւերի ենթարկված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները, Հայաստանի Հանրապետության եւ տվյալ պետության միջեւ կնքված պայմանագրերի դրույթները։

Հոդված 36. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանվայրերում կամ հարկադրական պատժի կրման այլ վայրերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ պարզել նրանց կենսապայմանները։ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետեւել, որպեսզի այդ քաղաքացիները պահվեն սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում, չենթարկվեն դաժան եւ մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի։

ԳԼՈՒԽ IX

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ /ՎԻԶԱՆԵՐ/ ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 37. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, տալիս է անձնագրեր, երկարաձգում է դրանց վավերականության ժամկետները եւ փոփոխություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում։

Հոդված 38. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը տալիս է Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր, երկարաձգում եւ անվավեր է համարում դրանք, ինչպես նաեւ փոփոխություններ է մտցնում տրված արտոնագրերում։

ԳԼՈՒԽ X

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 39. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր հյուպատոսական տարածաշրջանում բնակվող անձանցից ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումներ։

ԳԼՈՒԽ XI

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 40. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

Հյուպատոական հիմնարկի ղեկավարն արտասահմանում մշտական բնակություն հաստատած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից դիմումներ է ընդունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ եւ լրացումներ կատարելու, ժամկետանց գրանցումները վերականգնելու վերաբերյալ եւ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։

Հոդված 41. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, տեղեկություն ստանալով հյուպատոսական տարածաշրջանում կամ Հայաստանի Հանրապետության օդային, ծովային եւ այլ փոխադրամիջոցներում որեւէ անձի ծննդյան կամ մահվան մասին, կատարում է ծննդյան կամ մահվան գրանցում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

Հոդված 42. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգին համապատասխան։

ԲԱԺԻՆ III

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

ԳԼՈՒԽ XII

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 43. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է հետեւյալ նոտարական գործողությունները՝

ա/ հաստատում է գործարքներ /պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր եւ այլն/, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման եւ գրավի պայմանագրերի.

բ/ միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանման համար.

գ/ տալիս է ժառանգական իրավունքի վկայագիր.

դ/ տալիս է վկայավիր ամուսինների ընդհանուր գույքի մասնաբաժնի սեփականության իրավունքի մասին.

ե/ վավերացնում է փաստաթղթերի պատճենների եւ դրանցից արված քաղվածքների ճշտությունը.

զ/ վավերացնում է փաստաթղթերում առկա ստորագրությունների իսկությունը.

է/ վավերացնում է փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.

ը/ հաստատում է փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.

թ/ հաստատում է քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.

ժ/ հաստատում է լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը.

ժա/ հաստատում է փաստաթղթերի ներկայացման ժամանակը.

ժբ/ ի պահ է ընդունում դրամական գումարներ, արժեթղթեր, արժեքներ եւ փաստաթղթեր։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հյուպատոսի կողմից նոտարական այլ գործողությունների կատարում։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից նոտարական գործողությունների կատարման կարգը սահմանվում է պետական նոտարական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգով եւ Հայստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով։

Հոդված 44. Նոտարական գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։ Առանձին դեպքերում նոտարական գործողությունները կարող են կատարվել հյուպատոսական հիմնարկներից դուրս։

Հոդված 45. Նոտարական գործողություններ կատարող հյուպատսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է պահպանել կատարվող նոտարական գործողությունների գաղտնիությունը։

Կատարված նոտարական գործողությունների մասին տեղեկանքներն ու փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության պետական նոտարական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 46. Նոտարական գործողությունները կատարվում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո։

Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել լրացուցիչ տեղեկությունների կամ փաստաթղթերի պահանջի կամ փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող այլ հիմունքներով։

Հոդված 47. Նոտարական կարգով հաստատվող գործարքները, ինչպես նաեւ հայտարարություններն ու մյուս փաստաթղթերը ստորագրվում են նոտարական գործողություններ կատարող անձի ներկայաությամբ, հակառակ դեպքում ստորագրողը պետք է անձամբ հաստատի, որ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը ստորագրել է ինքը։

Եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որեւէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ եւ նոտարական գործողություն կատարող անձի ներկայությությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետեւանքով նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացին անձամբ չէր կարող ստորագրել։

Նոտարական գործողություններ կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնել կատարվող նոտարական գործողությունների հետեւանքների եւ ծախսերի մասին։

Հոդված 48. Հյուպատոսական հիմնարկում նոտարական գործավարությունը վարվում է հայերեն լեզվով, անհրաժեշտության դեպքում հիմնարկի ղեկավարն ապահովում է համապատասխան թարգմանություն։

Հոդված 49. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը նոտարական գործողության կատարման համար չի ընդունում այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին, կամ պարունակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ։

Նոտարական գործողության կատարումը մերժելու դեպքում դիմող անձին բացատրվում են մերժման պատճառները եւ դրանց գանգատարկման կարգը։

ԳԼՈՒԽ XIII

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 50. Հյուպատոսական վափերացման նպատակն է պարզել եւ հաստատել այդ փաստաթղթերում եւ ակտերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաեւ նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանատությունը։

Հյուպատոսական վավերացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 51. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը եւ ակտերը։

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերն ու ակտերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը եւ նստավայր պետությունը։

Հոդված 52. Վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերն ու ակտերը, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին կամ պարունակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ։

ԳԼՈՒԽ XIV

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

Հոդված 53. Հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի ձեւով կատարվում են հյուպատոսական գանձումներ՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով։

Վճարման են ենթակա նաեւ նշված գործողությունների կատարման հետ կապված փաստացի ծախսերը։

Հոդված 54 . (հանված է 30.12.1997 թ.)։
 
 

ԲԱԺԻՆ IV

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԳԼՈՒԽ XV

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 55. Կարանտինայի հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով վարակված շրջանի անվանումը, դեպքերի թիվը եւ տեղական իշխանությունների կողմից ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները։

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ պատվաստման վերաբերյալ միջազգային հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին։

ԳԼՈՒԽ XVI

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 56. Հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում գյուղատնտեսական բույսերի վտանգավոր հիվանդությունների կամ վնասատուների ի հայտ գալու, ինչպես նաեւ անասունների եւ թռչունների զանգվածային հիվանդությունների կամ մարդկանց եւ կենդանիների համար նույնանման վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Հոդված 57. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ կենդանիների, հումքի եւ կենդանական ծագում ունեցող մթերքների վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեեւ սերմեր, կենդանի բույսեր, տնկիներ, մրգեր եւ բանջարեղեն Հայաստանի Հանրապետություն բերելու կանոնների մասին։
 
 

ԲԱԺԻՆ V

ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆԵՐ

Հոդված 58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, համաձայնեցնելով նստավայր պետության հետ, կարող է հյուպատոսական գործողություններ կատարելու համար նշանակել պատվավոր հյուպատոսներ։

Հոդված 59. Պատվավոր հյուպատոսները կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիները։

Հոդված 60. Պատվավոր հյուպատոսների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝  Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

7 հունիսի 1996 թ.
քաղ. Երեւան
ՀՕ-61
  
  
 


27.12.1997 «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
10.05.2011 «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
21.06.2014 «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
18.05.2015 «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին