Russian    
Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2000
Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժթ» ենթակետով.

«ժթ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտ՝ միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող բոլոր նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը եւ (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը՝ 1000 տերաբեքերելը:»:

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի «դ» եւ «ե» ենթակետերը հանել:

Այդ կապակցությամբ՝ 7 հոդվածի «զ» - «ժե» ենթակետերը համապատաս-խանաբար համարել «դ» - «ժգ» ենթակետեր:

Հոդված 3. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» ենթակետով.

«ժդ) անվտանգության տեսակետից կարեւոր նշանակության օբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են օրենքով՝ կառավարության ներկայացմամբ:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 ապրիլի 2000թ.
ՀՕ-44