Russian    
Գույքահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2004
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են՝

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով՝

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)՝ մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)՝ մինչեւ 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,

գ) Երեւան քաղաքից եւ քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (առանձնացված ըստ համայնքների),

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին՝ մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին՝ մինչեւ 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,

գ) Երեւան քաղաքից եւ քաղաքային համայնքներից դուրս հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորության դադարեցման (համապատասխան հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմնի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները

1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ ֆիզիկական անձանց շինությունների եւ փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են համարվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները՝ 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը` Երեւան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում հարկային մարմինների հետ համատեղ:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-164