Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2004
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 16-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի եւ դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետեւյալ դեպքերում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:

Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են եւ հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-173