Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 99-103-րդ, 104.1-րդ, 104.2-րդ, 104.3-րդ եւ 106-րդ հոդվածները:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ եւ 105-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 104. Նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը

Նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 105. Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը

Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 232.1. Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինը

Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը վարչական վարույթ է հարուցում սույն օրենսգրքի 104-րդ եւ 105-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2005
ՀՕ-37