Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Էլեկտրոնային փաստաթուղթ
  • Գլուխ 3. Էլեկտրոնային թվային ստորագրություն
  • Գլուխ 4. Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը
  • Գլուխ 5. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման ծառայությունները
  • Գլուխ 6. Եզրափակիչ դրույթ

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    1. Սույն օրենքը կարգավորում է էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները:

    2. Սույն օրենքը չի կարգավորում անձի ձեռագիր ստորագրության էլեկտրոնային փոխակերպումների եւ նմանօրինակների, ինչպես նաեւ դրանց միջոցով ստորագրված փաստաթղթերի օգտագործման հետ կապված հարաբերությունները։

    Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

    էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձեւով ներկայացված տեղեկություն կամ հաղորդագրություն.

    էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների եւ տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված եւ էլեկտրոնային թվային ձեւով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

    էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

    էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն ստորագրող անձն օգտագործում է իր էլեկտրոնային թվային ստորագրությունը յուրաքանչյուր անգամ կիրառելիս.

    էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

    էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներ՝ ապարատային եւ/կամ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են անձի էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման նպատակով՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները.

    էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային եւ/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

    էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների անվանում` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների առեւտրային անվանում.

    էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

    էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր՝ փաստաթուղթ՝ թղթի, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա, որը հաստատում է ստորագրող անձին էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելիությունը եւ ծառայում է էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման միջոց.

    հավաստագրման կենտրոն՝ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր տրամադրող եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն.

    հավատարմագրում՝ հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի ճանաչումը պետության կողմից.

    հավատարմագրված հավաստագրման կենտրոն՝ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով հավատարմագրում ստացած հավաստագրման կենտրոն.

    տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման համակարգ.

    էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային եւ այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման եւ պահպանման համար.

    շահագրգիռ անձ՝ անձ, որին հասցեագրված է էլեկտրոնային փաստաթուղթը կամ ցանկացած այլ անձ, որն անհրաժեշտություն ունի նույնականացնել ստորագրող անձին:

    ԳԼՈՒԽ 2

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

    Հոդված 3. Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ձեւերը

    Էլեկտրոնային փաստաթուղթն ունի ներկայացման ներքին եւ արտաքին ձեւ:

    Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ներքին ձեւը էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցման արդյունքն է:

    Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձեւը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որեւէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով եւ ընկալման համար հասկանալի ձեւով:

    Հոդված 4. էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի իրավական նշանակությունը

    Էլեկտրոնային փաստաթղթի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային փաստաթուղթը կարող է ներառել մեկ կամ մի քանի էլեկտրոնային թվային ստորագրություններ:

    Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը եւ չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել եւ (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ եւ անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման եւ (կամ) պահպանման համար:

    Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

    Հոդված 5. Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը

    Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: Էլեկտրոնային կրիչի վրա գրանցված եւ նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ եւ ունեն հավասար իրավական նշանակություն:

    Եթե պահանջվում է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը, ապա այդ պահանջը համարվում է բավարարված, եթե՝

    ա) հնարավոր է ապացուցել, որ էլեկտրոնային փաստաթուղթը չի փոփոխվել այն պահից, երբ այն հաղորդվել է եւ (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ եւ անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման եւ (կամ) պահպանման համար.

    բ) էլեկտրոնային փաստաթուղթն առանց բովանդակային փոփոխությունների հնարավոր է ներկայացնել արտաքին ձեւով հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար մատչելի եւ հասկանալի ձեւով։

    Հոդված 6. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները

    1. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձեւով` թղթի վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին:

    2. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները թղթի վրա պետք է պարունակեն նշում այն մասին, որ նրանք համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճեններն են:

    Հոդված 7. Էլեկտրոնային փաստաթղթի պահպանումը

    Էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձեւով պահպանված, եթե այն չի ենթարկվել փոփոխությունների այն պահից, երբ այն տրվել է պահպանության, կամ փոփոխվել է` ելնելով նրա պահպանման անհրաժեշտությունից եւ հնարավոր է վերականգնել էլեկտրոնային փաստաթղթի պահպանման պահին ունեցած ձեւը:

    Էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձեւով պահպանված, եթե պահպանվել են նաեւ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները։

    Տեղեկատվական համակարգերի սեփականատերերն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը։

    ԳԼՈՒԽ 3

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Հոդված 8. Էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը

    Էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը սահմանում է էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներն արտադրողը։

    Հոդված 9. Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների ստեղծումը
    եւ տարածումը

    Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները ստեղծում են ստորագրող անձը կամ հավաստագրման կենտրոնը` օգտագործելով ապարատային եւ (կամ) ծրագրային միջոցներ:

    Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները, բոլոր շահագրգիռ անձանց կողմից օգտագործման համար, տարածում է`

    ա) ստորագրող անձը՝ անձամբ հանձնելով կամ հաղորդելով այդ տվյալները կամ տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

    բ) հավաստագրման կենտրոնը՝ ի պատասխան շահագրգիռ անձանց կողմից կատարված հարցման։

    ԳԼՈՒԽ 4

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    Հոդված 10. Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորող օրենսդրությունը

    Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են սույն օրենքով նախատեսվածից տարբերվող նորմեր, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը:

    Էլեկտրոնային փաստաթղթի կիրառումը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ:

    Հոդված 11. Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման կարգը

    Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ նրա լիցենզավորած անձինք կիրառում են էլեկտրոնային փաստաթղթերը եւ էլեկտրոնային թվային ստորագրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

    Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգերում կիրառում է էլեկտրոնային փաստաթղթերը եւ էլեկտրոնային թվային ստորագրությունները «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի սահմանած կարգով:

    Սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները փոխարինում են իրենց թղթային տարբերակներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կամ եթե պահպանվել են դրանց թղթային տարբերակները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

    ԳԼՈՒԽ 5

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 12. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները

    Հավաստագրման կենտրոնները պարտավոր են՝

    ա) իրենց ծառայությունների մատուցման համար ստորագրող անձի հետ կնքել համապատասխան պայմանագիր` հավաստագրեր տրամադրելու, ինչպես նաեւ էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ մատուցելու վերաբերյալ.

    բ) տրամադրել էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման եւ ստուգման տվյալները.

    գ) հաշվառել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերը եւ ստուգման տվյալները.

    դ) հավաստել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի եւ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների պատկանելիությունն ստորագրող անձին.

    ե) նույնականացնել եւ հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ հավաստագրի համապատասխանությունը.

    զ) երաշխավորել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը.

    է) նախքան անձի հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը պատշաճ ձեւով տեղեկացնել նրան էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման պայմաններին, ներառյալ` դրա օգտագործման սահմանափակումները.

    ը) էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ տրամադրելիս ապահովել այդ ծառայության մատուցման գաղտնիությունը` իրենց մոտ չպահպանելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները:

    Հավաստագրման կենտրոնները կարող են`

    ա) կասեցնել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի գործողությունը (վավերությունը).

    բ) մատուցել էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ:

    Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպություններն իրավունք ունեն ընտրելու կամ ստեղծելու հավաստագրման կենտրոններ՝ իրենց տեղեկատվական համակարգերում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրելու եւ դրանց հետ կապված այլ ծառայություններ մատուցելու նպատակով:

    Հոդված 13. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը

    Էլեկտրոնային թվային ստորագրության եւ դրա ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին հաստատվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրով, որը տրամադրում է հավաստագրման կենտրոնը։

    Հավաստագիրը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

    ա) հավաստագրի եզակի գրանցման համարը` ըստ տվյալ կենտրոնի.

    բ) անձի անունը, ազգանունը կամ նրա կեղծանունը (մտացածին անունը).

    գ) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

    դ) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրն ունի գործողության ժամկետ, ապա նաեւ այդ ժամկետը.

    ե) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման հասցեն եւ իրավաբանական անձի գտնվելու վայրը։

    Համաձայն կողմերի միջեւ կնքված պայմանագրի` հավաստագիրը կարող է նաեւ պարունակել `

    ա) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ կատարվող գործարքների առավելագույն թույլատրելի արժեքը.

    բ) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կեղծման, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ոչ պատշաճ որակի կամ թերի մատուցված ծառայությունների հետեւանքով առաջացած վնասի չափը, որը կենտրոնի կողմից ենթակա է փոխհատուցման:

    Հոդված 14. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը

    Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է ունենալ գործողության ժամկետ։ Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը լրանալու պահից հետո տվյալ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված փաստաթղթերը չեն համարվում էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված։

    Հոդված 15. Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը

    Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

    Լիազոր մարմինը՝

    ա) իրականացնում է հավատարմագրման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

    բ) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

    գ) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

    դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

    Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում:

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

    Այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը հավասարեցվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների տրամադրած հավաստագրերին` այդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջպետական պայմանագրերի առկայության դեպքում։

    Հոդված 16. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների լիազորությունները

    Հավատարմագրված հավաստագրման կենտրոնները, բացի սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված պարտավորություններից եւ իրավունքներից`

    1) պարտավոր են՝

    - էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրամադրելուց նույնականացնել անձը՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ,

    - վարել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի ռեեստրը՝ ապահովելով վերջինիս պահպանությունը,

    - ապահովել ստորագրող անձի անհատական տվյալների գաղտնիությունը,

    - անմիջապես տեղեկացնել ստորագրող անձին ցանկացած տեխնիկական թերության առկայության մասին, որի հետեւանքով կարող է վտանգվել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը կամ անհնարին դառնալ դրա օգտագործումը.

    2) իրավունք ունեն`

    - ժամանակավոր կասեցնել կամ դադարեցնել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը՝ ստորագրող անձի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ, եթե առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ այն կարող է կեղծվել կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի,

    - դադարեցնել ծառայությունների մատուցումն ստորագրող անձին` էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը ժամանակավոր կամ վաղաժամկետ կասեցնելու դեպքում` կատարելով համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում:

    Հոդված 17. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցումը

    Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցման դեպքում վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը կարող են փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի` նախօրոք համաձայնեցնելով ստորագրող անձի հետ: Էլեկտրոնային թվային ստորագրությունների այն հավաստագրերը, որոնք չեն փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի, համարվում են անվավեր եւ փոխանցվում են ի պահ լիազոր մարմին:

    Հոդված 18. Էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման եւ դրա հետ կապված այլ ծառայությունների մատուցման ոլորտում իրավախախտման համար պատասխանատվությունը

    Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման եւ դրա հետ կապված այլ ծառայությունների մատուցման մասին օրենսդրության խախտման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 6

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ 



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    15.01.2005
    ՀՕ-40
    17.12.2014 «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորա•րության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    18.05.2015 «Էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    19.10.2016 «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    01.03.2017 «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին