Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2005

  

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական եւ կազմակերպական հիմքերը եւ կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը նպատակաուղղված է՝

1) ահաբեկչական գործունեության նախազգուշացմանը, բացահայտմանը, կանխմանը, խափանմանը եւ դրա հետեւանքների նվազեցմանը.

2) ահաբեկչությունից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը.

3) ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը եւ վերացմանը։

Հոդված 3. Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերը

Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության եւ քաղաքացիական օրենսգրքերը, սույն օրենքը, այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը։

Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները

Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներն են`

1) օրինականությունը.

2) նախազգուշացման միջոցառումների գերակայությունը.

3) հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս ներգրավվող ուժերի եւ միջոցների միանձնյա ղեկավարումը.

4) ահաբեկչական գործողության կատարման, ինչպես նաեւ նախապատրաստման եւ ֆինանսավորման համար պատժի անխուսափելիությունը.

5) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը.

6) ահաբեկչության դեմ պայքարի բացահայտ եւ գաղտնի մեթոդների զուգակցումը.

7) կանխարգելիչ, իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, քարոզչական միջոցների համալիր օգտագործումը.

8) ահաբեկչական գործողության հետեւանքով վտանգի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գերակայությունը.

9) հակաահաբեկչական գործողությունների անցկացման եղանակների, գործելակերպի (մարտավարության) եւ մասնակիցների կազմի նվազագույն հրապարակայնությունը։

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ահաբեկչական գործողություն` ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարում` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործողնյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդների վերցման, մարդու առեւանգման, տեխնոգեն բնույթի վթարների եւ աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու նպատակով վտանգ ստեղծելու կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցանկացած ձեւի եւ ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետեւանքներ առաջացնող այլ գործողությունների միջոցով.

2) ահաբեկչական գործունեություն` ահաբեկչական գործողության կազմակերպում, նախապատրաստում եւ իրականացում, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնության, ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացման հրահրում, ահաբեկչական գործողություն կատարելու համար անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբավորման կազմակերպում, ինչպես նաեւ մասնակցություն այդպիսի գործողությանը, ահաբեկիչների հավաքագրում, զինում, ուսուցանում, ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչական խմբի ֆինանսավորում կամ այլ աջակցություն.

3) ահաբեկիչ՝ ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաստում կամ դրա կատարման փորձ կատարած անձ.

4) ահաբեկչության դեմ պայքար՝ ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետեւանքների նվազեցմանն ուղղված գործունեություն.

5) հակաահաբեկչական գործողություն՝ ահաբեկչական գործողության բացահայտմանը, կանխմանը, ինչպես նաեւ պետության շահերի եւ ֆիզիկական անձանց անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների վնասազերծմանը եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքների նվազեցմանն ուղղված հատուկ միջոցառումներ.

6) հակաահաբեկչական գործողության իրականացման գոտի՝ տեղանքի առանձին հատվածներ, տրանսպորտային միջոց, շենք, շինություն, կառույց եւ դրանց հարող տարածքներ, որոնց սահմաններում անցկացվում է նշված գործողությունը.

7) պատանդ՝ պետությանը, կազմակերպությանը կամ առանձին անձանց որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով առեւանգված կամ պահվող անձ։

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ։

ԳԼՈՒԽ 2

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները

Ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտներն են`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հանրապետական գործադիր մարմինը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմինը։

Ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաեւ գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինները։

Հոդված 8. Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը
 

Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների եւ գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է ձեւավորել հակաահաբեկչական գործողությանօպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական մարմինների ղեկավարները։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի կազմում կարող են ընդգրկվել նաեւ գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների ղեկավարներ։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը՝ շտաբի պետը։

Ելնելով ահաբեկչական գործողության կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների բնույթից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պետ է նշանակվում սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված հանրապետական գործադիր մարմիններից մեկի ղեկավարը։

Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինները օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում ՝

1) մշակում եւ իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետեւանքների նվազեցմանը, ինչպես նաեւ դրանց կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների բացահայտմանը եւ վերացմանը նպատակաուղղված կազմակերպական, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական եւ այլ միջոցառումներ.

2) ստեղծում են ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ.

3) մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը.

4) մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում առաջարկություններ` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին։

Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիներն ու կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից) պարտավոր են աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմիններին իրենց պարտականությունները կատարելիս։

ԳԼՈՒԽ 3

ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող ուժերն ու միջոցները

Հակաահաբեկչական գործողություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները՝ հատուկ ծառայությունների, ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների, այդ թվում՝ հակաահաբեկչական մարտական խմբերի ներգրավմամբ։

Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են անհրաժեշտ զենք եւ հատուկ միջոցներ, տրանսպորտային, կապի եւ այլ նյութատեխնիկական միջոցներ։

Հոդված 12. Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու իրավական ռեժիմը

Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն՝

1) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու փողոցներում եւ ճանապարհներին տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկությունըժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու, տեղանքի առանձին հատվածներ եւ օբյեկտներ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսական հաստատությունների տրանսպորտային միջոցների մուտքը չթույլատրելու, քաղաքացիներին տեղանքիառանձին հատվածներից եւ օբյեկտներից հեռացնելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները հեռացնելու.

2) ստուգելու քաղաքացիների (այդ թվում` պաշտոնատար անձանց) անձը հաստատող փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում նրանց ինքնությունը պարզելու նպատակով միջոցներ ձեռնարկելու՝ ընդհուպ բերման ենթարկելով.

3) ձերբակալելու եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետական մարմիններին կամ հատուկ ծառայություններին ներկայացնելու այն անձանց, ովքեր կատարել կամ փորձել են կատարել հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձանց օրինական պահանջների խոչընդոտմանն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ գործողություններ՝ կապված հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտի առանց թույլտվության ներթափանցելու կամ դրա փորձի հետ.

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անարգել մուտք գործելու (ներթափանցելու) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող բնակելի եւ այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպորտային միջոցներ (բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին պատկանող շինությունների, տարածքների եւ տրանսպորտային միջոցների)՝ ահաբեկչական գործողությունը կանխելու, ահաբեկչական գործողություն կատարած կամ ահաբեկչական գործողության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու համար.

5) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի մուտքի եւ ելքի պարագայում իրականացնելու քաղաքացիների անձնական զննում, տեխնիկական միջոցների կիրառմամբ նրանց մոտ գտնվող առարկաների, տրանսպորտային միջոցների եւ նրանցով տեղափոխվող ապրանքների ստուգում.

6) ծառայողական նպատակներով օգտագործելու կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կապի միջոցները.

7) անհետաձգելի դեպքերում ծառայողական նպատակներով օգտագործելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների։

Հոդված 13. Բանակցությունների վարումը ահաբեկիչների հետ

Քաղաքացիների կյանքի եւ առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաեւ առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:

Ահաբեկիչների հետ բանակցություններ վարում է (են) միայն ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավարի կամ հակաահաբեկչական գործողությունն անմիջականորեն ղեկավարող պաշտոնատար անձի հատուկ լիազորած անձը (անձինք):

Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չէ։

Հոդված 14. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը

Արգելվում է հակաահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարածումը, որը`

1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը.

2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը եւ վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի եւ առողջության համար.

3) ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը.

4) տեղեկատվություն է պարունակում հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական մարմինների, հատուկ ծառայությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։

Հոդված 15. Հակաահաբեկչական գործողության ավարտը

Հակաահաբեկչական գործողությունը համարվում է ավարտված, երբ ահաբեկչական գործողությունը կանխված (խափանված) է, եւ վերացված է հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը։

ԳԼՈՒԽ 4

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 16. Ահաբեկչական գործողության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված չափերով եւ կարգով։

Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծառայությունների մատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նշված անձանց իրավական, հոգեբանական, բժշկական եւ այլ տիպի օգնություն ցուցաբերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈՒԽ 5

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարել են ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող պետական մարմինների պաշտոնատար անձինք եւ աշխատակիցները, ինչպես նաեւ վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձինք իրենց ծառայողական պարտականությունները իրավաչափորեն կատարելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների կյանքի եւ առողջության, սահմանադրական իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հանցավոր ոտնձգություններից հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը։

Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանումով կատարված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործողությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հասարակական եւ պետական անվտանգությանը սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրականացման այլ հնարավորություններ չեն ընձեռվել։

Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով եւ սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը եւ գույքին, ինչպես նաեւ այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը։

Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից։

Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների եւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմիններին աջակցություն ցուցաբերող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
 


ԳԼՈՒԽ 6

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ


Հոդված 20. Վերահսկողությունն ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ

Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.04.2005
ՀՕ-79