Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.07.2005
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգը
  • Գլուխ 3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության կառավարումը
  • Գլուխ 4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի սուբյեկները, նրանց իրավունքներն ու պարտականությունները
  • Գլուխ 5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի տնտեսական հիմքերը
  • Գլուխ 6. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
     
  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

    Հոդված 2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Կրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    արհեստագործական կրթություն՝ առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ վարպետային ուսուցման.

    միջին մասնագիտական կրթություն` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.

    մասնագիտական ուսուցում՝ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց.

    լրացուցիչ մասնագիտական կրթություն` հիմնական մասնագիտական կրթական ծրագրերից դուրս անձի մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, որակավորումը բարձրացնող եւ լրացնող ուսումնական գործընթաց.

    ուսանող՝ համապատասխան ուսումնական հաստատությունում սահմանված կարգով ընդունված եւ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական հիմնական ծրագրով ուսումնառող անձ.

    ունկնդիր՝ սահմանված կարգով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական լրացուցիչ ծրագրով ուսումնառող եւ (կամ) որակավորման բարձրացման (վերապատրաստման, վերաորակավորման) դասընթացին մասնակցող անձ.

    դասախոս` ուսանողի (ունկնդրի) տեսական գիտելիքների յուրացումն ապահովող եւ գործնական կարողությունների զարգացմանը նպաստող, մասնագիտական կրթության եւ (կամ) ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.

    արտադրական ուսուցման վարպետ` անձի արհեստագործական հմտությունները ապահովող, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ (կամ) մասնագիտական ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.

    մասնագետ` միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

    արհեստավոր` արհեստագործական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է արհեստագործական կրթական ծրագրին եւ (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

    արհեստագործական ուսումնարան` արհեստագործական կրթություն եւ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

    քոլեջ` միջին մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

    ուսումնառության ժամկետ՝ տվյալ մասնագիտական կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տեւողություն.

    կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության եւ գիտելիքների յուրացման չափաքանակ.

    կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական եւ անհատական պարապմունքները,խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը, գնահատումը եւ այլն.

    հեռավար (դիստանցիոն) ուսուցում` համակարգված ուսուցման ձեւ, երբ անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը ուսանողի կամ ունկնդրի եւ դասախոսի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով.

    դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ եւ արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթության ձեւ.

    ուսանողական նպաստ` ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետական բյուջեի ֆինանսավորման, մասնագիտական ուսումնական հաստատության, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին.

    որակի գնահատում (ատեստավորում)` արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության գնահատում.

    սոցիալական գործընկեր` արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող եւ համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, ներառյալ` ցանկացած տիպի ուսումնական հաստատություն։

    Հոդված 4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները

    Պետությունը պայմաններ է ստեղծում արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի բնականոն գործունեության եւ զարգացման համար:

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

    1) քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.

    2) ժամանակակից անձի ու քաղաքացու ձեւավորման, հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրության ու զարգացման, աշխատանքային շուկայում մրցունակության եւ սոցիալական գործընկերության ապահովումը.

    3) ուսանողի եւ ունկնդրի մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների համապատասխանության ապահովումը տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին.

    4) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը եւ շարունակականությունը.

    5) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի կառավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը.

    6) մրցութայնությունը եւ հրապարակայնությունը.

    7) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը.

    8) արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ վերահսկելիությունը.

    9) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մատչելիությունը .

    10) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.

    11) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

    12) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն եւ ուսուցում ստանալու ապահովումը:

    2. Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`

    1) մրցութային կարգով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.

    2) սոցիալական գործընկերների պատվերով եւ ֆինանսավորմամբ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն եւ մասնագիտական ուսուցում.

    3) պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում` համապատասխան բյուջետային հատկացումների հաշվին։

    Պետությունն աջակցում է նախնական մասնագիտական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպմանը:

    3. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:

    Հոդված 5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

    1. Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

    1) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

    2) առաջնային եւ կարեւոր բնագավառների համար մասնագետների պատրաստմանը եւ վերապատրաստմանը աջակցելը.

    3) կրթական գործընթացի անընդհատության, շարունակականության, թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը.

    4) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի զարգացումը եւ մրցունակության բարձրացումը.

    5) ուսանողի` ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը:

    2. Պետությունն ապահովում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում հետեւյալ ձեւերով.

    1) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի կատարելագործում եւ արդիականացում.

    2) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման պետական ծրագրերի մշակում եւ իրականացում.

    3) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.

    4) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ֆինանսավորում` պետության պահանջներից ելնելով.

    5) սահմանված կարգով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ուսանողներին եւ ունկնդիրներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսանողական նպաստներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).

    6) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման, ուսուցման կազմակերպման նոր ձեւերի, ներառյալ` կրեդիտային համակարգի ներդրում.

    7) կրթական նոր հայեցակարգերի եւ տեխնոլոգիաների ներդրում:

    ԳԼՈՒԽ 2

    ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Հոդված 6. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգը

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝

    1) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.

    2) հիմնական եւ լրացուցիչ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները եւ համապատասխան այլ կազմակերպություններ.

    3) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կառավարման լիազորված մարմինները (այսուհետ` լիազոր մարմիններ).

    4) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի սոցիալական գործընկերները:

    Հոդված 7. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական
    կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը

    1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝

    1) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակը եւ նրա գնահատման հիմքերը.

    2) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը.

    3) օտարերկրյա պետությունների հետ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակավորումների եւ ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հիմքերի համեմատելիությունն ու համարժեքությունը։

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են`

    1) ընդհանուր պահանջներ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի նկատմամբ.

    2) պահանջներ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.

    3) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը.

    4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալը:

    3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման ու հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ կրթական ծրագրերով.

    1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով` արհեստավորի.

    2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` մասնագետի.

    3) արհեստագործական եւ միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով` վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման:

    5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել նաեւ փորձնական մասնագիտական կրթական ծրագրեր` լիազորված մարմնի սահմանած կարգով:

    6. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները համապատասխան գործատուների առաջարկությունների հիման վրա մշակում եւ հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների եւ մասնագիտացումների ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը, որոնք երաշխավորում են կրթական տարբեր փուլերում ուսանողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր եւ ելքը ծրագրից)` ապահովելով կրեդիտների կուտակումը, փոխանցումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

    7. Կրեդիտների կուտակման եւ փոխանցման միջոցով ապահովվում է ուսանողների շարժունությունը միջին մասնագիտական կրթական համակարգի ներսում, միջին մասնագիտական համակարգից` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգ եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգից` միջին մասնագիտական կրթական համակարգ:

    Հոդված 8. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները եւ ձեւերը

    1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական կրթության «արհեստավոր» եւ միջին մասնագիտական կրթության «մասնագետ» որակավորման աստիճանները:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներով` կախված մասնագիտության ուսուցման առանձնահատկությունից եւ ուսանողի մինչ այդ ստացած կրթությունից կամ կրեդիտների քանակից:

    3. Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 6 ամսից մինչեւ 3 տարի է:

    Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել արհեստագործական կրթական ծրագրով իրականացվող կրթության այլ հիմք եւ ուսուցման տեւողություն։

    Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 2 տարուց մինչեւ 5 տարի է:

    4. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում երկրորդ մասնագիտական կրթության ստացում:

    5. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:

    6. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձեւերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն (էքստեռնատ), անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում): Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու առկա եւ այլ ձեւերի զուգակցումը չի արգելվում:

    Հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) եւ անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձեւերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը եւ կարգերը հաստատում է կառավարությունը:

    Հոդված 9. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության
    մասնագիտությունները

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատում է կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:

    2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:

    3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում նոր մասնագիտություն կարող է ընդգրկվել միայն տվյալ մասնագիտության չափորոշիչի առկայության դեպքում:

    Հոդված 10. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական
    հաստատությունները,նրանց խնդիրներն ու տեսակները

    1. Պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է:

    Ոչ պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

    2. Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետեւյալ տեսակը` արհեստագործական ուսումնարան:

    Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետեւյալ տեսակը` քոլեջ:

    3. Պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են`

    1) ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր եւ հոգեւոր զարգացման պահանջմունքների բավարարումը.

    2) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.

    3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը.

    4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը.

    5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.

    6) ուսանողների մեջ հմտությունների եւ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

    Հոդված 11. Ընդունելությունը արհեստագործական եւ միջին մասնագիտական
    ուսումնական հաստատություններում

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով:

    2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:

    3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է դիմորդին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը եւ ներքին կանոնակարգերին, ինչպես նաեւ պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

    4. Պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ըստ կրթական ծրագրերի սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

    5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը կատարվում է կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին համապատասխան մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:

    Հոդված 12. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության
    կազմակերպումը

    1. Արհեստագործական կրթությունը եւ ուսուցումը իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող եւ անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող վարպետների մոտ։

    2. Միջին մասնագիտական կրթությունը եւ ուսուցումն իրականացվում է քոլեջներում, համապատասխան մասնագիտությունների գծով կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում)` լիցենզիայի առկայությամբ:

    3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությունը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչների, գործատուների առաջարկությունների հիման վրա համապատասխան ուսումնական հաստատության մշակած ու հաստատած ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի միջոցով։

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով եւ կրթական ծրագրերով նախատեսված եւ հիմնարկներում ու կազմակերպություններում իրականացվող պրակտիկաները (ուսումնական, արտադրական, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային, այլն) իրագործվում են այդ հիմնարկների եւ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:

    5. Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 13. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ավարտական
    փաստաթղթերը

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ՝ տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կամ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ավարտական փաստաթղթերն են`

    1) արհեստագործական կրթության դիպլոմը եւ դրա ներդիրը.

    2) միջին մասնագիտական կրթության դիպլոմը եւ դրա ներդիրը.

    3) մասնագիտական ուսուցման, ներառյալ` վարպետային ուսուցման որակավորման վկայականը:

    3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագիրը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք` ուսումնասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի եւ արդյունքների նշումով:

    ԳԼՈՒԽ 3

    ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 14. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության կառավարման համակարգը

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են՝

    1) կառավարությունը.

    2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը (մարմինները).

    3) Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման մարմինները, որոնց ենթակայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ.

    4) արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմինը:

    Հոդված 15. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում
    կառավարության իրավասությունները

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը`

    1) հավանություն է տալիս արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ռազմավարությանը.

    2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները.

    3) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.

    4) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.

    5) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձեւի եւ տեւողության, ինչպես նաեւ այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռակա, հեռավար, դրսեկության կարգով ուսուցումը.

    6) հաստատում է ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերը.

    7) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները եւ տեւողությունը.

    8) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող կազմակերպությունների, դրանցում ուսուցանվող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը.

    9) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (ներառյալ` ուսումնառությունը չավարտած անձանց) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգը.

    10) հաստատում է ֆինանսական միջոցների տրամադրման կարգը, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսանողական նպաստ եւ ուսումնական վարկ հատկացնելու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

    11) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության իրականացման առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատի) եւ անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձեւերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը եւ կարգերը.

    12) ապահովում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը.

    13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ։

    Հոդված 16. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում
    կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

    1) մշակում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ռազմավարությունը.

    2) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները.

    3) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը.

    4) իր իրավասությունների շրջանակում մշակում եւ հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր.

    5) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը.

    6) հաստատում է ուսանողների (ունկնդիրների)` մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը.

    7) իր իրավասության շրջանակներումիրականացնում է վերահսկողություն արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ.

    8) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատման եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը.

    9) իրականացնում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի, մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրումը.

    10) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը.

    11) հաստատում է մեկից ավելի արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը.

    12) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձեւավորմանը.

    13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

    Հոդված 17. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարման այլ մարմինների իրավասությունները

    Կառավարության լիազորած կառավարման այլ մարմինները արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում ՝

    1) իրենց իրավասության սահմաններում մասնակցում են հետեւյալ գործընթացների իրականացմանը.

    - արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակում, մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձեւավորում, մեծահասակների կրթության եւ ուսուցման կազմակերպում,

    - շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման եւ որակավորման աստիճանների շնորհում,

    - բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման կազմակերպում.

    2) ապահովում են ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների եւ գործնական աշխատանքների իրականացումը.

    3) ուսումնասիրում են աշխատանքային շուկայի պահանջարկը եւ առաջարկություններ են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին մասնագետների եւ նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.

    4) հաստատում են իրենց ենթակայության արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները.

    5) արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների հիմնական գործատուները կարող են մշակել մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության հիմքերը (մեխանիզմները) եւ դրանք առաջարկել համապատասխան լիազոր մարմնին եւ կազմակերպությանը:

    Հոդված 18. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության լիազորությունները եւ կառավարումը

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ իր կանոնադրությանը համապատասխան՝

    1) ըստ կրթական ծրագրերի եւ ուսուցման ձեւերի իրականացնում է ուսանողների եւ ունկնդիրների ընդունելությունը, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ եւ պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը` պետական կրթական չափորոշիչների պահանջներով.

    2) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

    3) իրականացնում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր.

    4) աջակցում է ուսանողական ինքնակառավարմանը, ուսանողների մասնակցությանը ուսումնական հաստատության կողմից իրականացվող ծրագրերում.

    5) իրականացնում է մեծահասակների կրթության եւ ուսուցման ծրագրեր:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազոր պետական մարմինը, հաստատության գործադիր մարմինը (տնօրեն) եւ ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

    3. Խորհուրդը տվյալ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով: Խորհուրդը ձեւավորվում է մանկավարժական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաեւ հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

    Խորհրդի ձեւավորման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ, սակայն ոչ ավելի, քան 20 հոգի:

    Խորհրդի լիազորությունների մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի, ուսման վարձի հաստատումը, տնօրենի ընտրությունը, ինչպես նաեւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    Հիմնադրի որոշմամբ կամ տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ ձեւավորվում են գիտական խորհուրդներ եւ կարող են ձեւավորվել խորհրդակցական եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ:

    Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի նշանակման (ընտրության) եւ ազատման, ինչպես նաեւ նրա գործունեության կարգը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

    4. Պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է լիազորված մարմնի ղեկավարը:

    Հոդված 19. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման որակի ապահովումը եւ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման որակի ապահովման կազմակերպումը իրականացնում է տվյալ ուսումնական հաստատությունը կամ մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող կազմակերպությունը:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը նպատակաուղղված է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ֆինասավորման համար հատկացված պետական բյուջեի եւ այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:

    3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, լիազոր մարմինները` լիցենզավորման եւ հավատարմագրման, ինչպես նաեւ որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ` որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը, միասնականությունը եւ հրապարակայնությունը:

    Հոդված 20. Մասնագիտական կրթական գործունեության (կրթական ծրագրերի) լիցենզավորումը եւ արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական գործունեություն (կրթական ծրագրեր) կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

    2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ուսումնական հաստատությունը լիցենզավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

    3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է տվյալ կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին:

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում՝ ըստ ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների:

    5. Հայաստանի Հանրապետության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգում պետական հավատարմագրման են ենթակա արհեստավորի եւ մասնագետի կրթական ծրագրերը:

    6. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը պետական հավատարմագրման վկայականը տրվում է տվյալ ուսումնական հաստատության առանձին մասնագիտությունների գծով երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների եզրակացության, ինչպես նաեւ այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում:

    7. Պետական հավատարմագրման վկայականը հավաստում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության եւ շրջանավարտների կրթության որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

    8. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:

    9. Հայաստանի Հանրապետության եւ(կամ) օտարերկրյա այլ պետությունների արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, այլ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին եւ լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    10. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:

    11. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաեւ հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին եւ պահանջներին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության որակական չափանիշների համապատասխանության ճանաչումն է:

    ԳԼՈՒԽ 4

    ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 21. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ուսանողները եւ ունկնդիրները

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողն իրավունք ունի`

    1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) եւ տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են ուսումնական հաստատությունները.

    2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.

    3) մասնակցելու արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.

    4) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, անցնելու ուսումնական այլ դասընթաց` հաստատության սահմանած կարգով.

    5) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.

    6) օգտվելու ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձեւով)` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

    7) օգտվելու սահմանված չափի, ներառյալ` անվանական, ինչպես նաեւ իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից եւ վարկերից, նվիրատվություններից եւ դրամաշնորհներից.

    8) ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի ադյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:

    Առաջնահերթ եւ կարեւոր ոլորտների մասնագիտությունների ցանկը եւ քանակը հաստատում է կառավարությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:

    Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար: Պետական կրթաթոշակի տրման կարգը եւ չափը սահմանում է կառավարությունը.

    9) ուսանողները կարող են օգտվել օրենքներով եւ տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

    2. Առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ուսանողին կարող է տրամադրվել ակադեմիական արձակուրդ, որի ընթացքում նա պահպանում է ուսանողի իր իրավունքը: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

    3. Ուսումնառությունը որեւէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    4. Ուսանողի տեղափոխությունը պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է իրականացվել մեկ այլ պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունից:

    5. Ունկնդիրները մասնագիտական կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում են ուսանողների իրավունքից:

    6. Ուսանողը կամ ունկնդիրը կրում է պարտականություններ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կանոնակարգերով սահմանված կարգով:

    Հոդված 22. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի աշխատողները

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմեր:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:

    3. Մանկավարժական աշխատողների տարակարգերին եւ պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման եւ անցկացման, վերապատրաստման եւ ատեստավորման կարգերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

    4. Մասնագիտական կրթության համակարգի աշխատողները իրավունք ունեն օգտվելու օրենքներով եւ տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

    ԳԼՈՒԽ 5

    ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

    Հոդված 23. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի սեփականության հարաբերությունները

    1. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:

    Պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով:

    2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանականության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

    Հոդված 24. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը

    1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով:

    2. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական համակարգը ըստ կառավարության սահմանած չափի եւ հատկացումների ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

    3. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են՝

    1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ եւ օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.

    2) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.

    3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:

    4. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական եւ ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը։

    5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազորված մարմինները:

    6. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով:

    ԳԼՈՒԽ 6

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 25. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի սեպտեմբերի 1-ից:

    2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասը արհեստագործական կրթական ծրագրերի մասով ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

    3. Սույն օրենքի 20-րդ հոդվածի չորրորդ մասը արհեստագործական կրթական ծրագրերի մասով ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

    4. Սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

    5. Սույն օրենքի 21-րդ հոդվածի չորրորդ մասը ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից:

    6. Մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները վերանվանվում են քոլեջներ:

    7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    13.08.2005
    ՀՕ-164
    30.04.2008 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    04.02.2010 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    23.06.2010 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    08.02.2011 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    11.05.2011 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    30.04.2013 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    19.05.2014 «Նախնական մասնա•իտական (արհեստա•ործական) եւ միջին մասնա•իտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին