Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(փոփոխություններով)


Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունվել է 05.07.1995


Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1.

Սահմանադրական կարգի հիմունքները

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 4. Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը: Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:

Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո: Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:

Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է բազմակուսակցությունը: Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

Կուսակցությունները ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Հոդված 8 . Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 10. Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը:

Հոդված 11. Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` հորիզոնական հավասար շերտերով:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր Հայրենիքն» է:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:

ԳԼՈՒԽ 2.

Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի:

Հոդված 15. Քաղաքացիները անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները:

Հոդված 16. Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

Հոդված 17 . Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Մահապատիժը` մինչեւ դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով` առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Հոդված 18 . Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19 . Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի:

Հոդված 20 . Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

Արգելվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը եւ տարածելը:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 21 . Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22 . Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Հոդված 23 . Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Կրոնի եւ համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` Սահմանադրության 45 հոդվածում նախատեսված հիմքերով:

Հոդված 24 . Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել՝ հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Հոդված 25. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում եւ իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել՝ անդամագրվել որեւէ կուսակցության կամ միավորման:

Հոդված 26. Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք:

Հոդված 27. Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիները ունեն անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:

Հոդված 28 . Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Հոդված 29. Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Քաղաքացիներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլի իրավունք ունեն: Այս իրավունքի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Հոդված 30. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 31. Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այս իրավունքի իրականացման համար:

Հոդված 32. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Կանայք եւ տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Հոդված 33. Յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով:

Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 35. Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 36. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 37. Ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիները ունեն իրենց ավանդույթների պահպանման, լեզվի եւ մշակույթի զարգացման իրավունք:

Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք: Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ նրա մի մասում կարող է արգելվել օրենքով:

Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասի հատուցումը ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 41. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Հոդված 42. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության պահին գործող օրենքով:
Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Հոդված 43. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում:

Հոդված 44. Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 45. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ եւ ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 17, 19, 20, 39, 41-43 հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական դրության ժամանակ կամ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված դեպքերում:

Հոդված 46. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 47. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հոդված 48. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:
 

ԳԼՈՒԽ 3.

Հանրապետության Նախագահը

Հոդված 49. Հայաստանի Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:

Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 51. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ` Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն:

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո` տասնօրյա ժամկետում:

Հոդված 52. Հարապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն:

Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո քառասուներորդ օրը:

Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո քառասուներորդ օրը անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ:

Հոդված 55. Հանրապետության Նախագահը`

1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

3) Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող է արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը.

4) նշանակում եւ ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ եւ կազմավորում կառավարություն.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում.

6) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, ստորագրում է Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերը, վավերացնում միջկառավարական պայմանագրերը.

8) նշանակում եւ ետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.

9) վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին.

10) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ եւ նախագահ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրան.

11) Սահմանադրության 95 հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահներին ու դատավորներին, գլխավոր դատախազի տեղակալներին եւ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին, կարող է դադարեցնել դատավորի լիազորությունները, համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին, ազատում է իր կողմից նշանակված դատախազներին.

12) զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ.

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին.

15) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը.

16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ.

17) ներում է շնորհում դատապարտյալներին:

Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին:

Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 58. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Ազգային ժողովը կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հոդված 60. Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին:

Հոդված 61. Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

ԳԼՈՒԽ 4.

Ազգային Ժողովը

Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

Սահմանադրության 59, 66, 73, 74, 78, 81, 83, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Հոդված 63. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նրա ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները:

Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրությամբ նախատեսված կարգով:

Նորընտիր Ազգային ժողովը չի կարող արձակվել ընտրությունից հետո մեկ տարվա ընթացքում:

Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական դրության ժամանակ կամ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:

Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորի վարձատրությունը, գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Պատգամավորը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:

Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 65 հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:

Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո` երկրորդ հինգշաբթի օրը:

Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

Հոդված 69. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչեւ դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին եւ փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչեւ հունիսի երկրորդ չորեքշաբթին:

Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Հանրապետության Նախագահը`

պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Արտահերթ նստաշրջանը չի կարող տեւել վեց օրից ավելի:

Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` կառավարության կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Հոդված 71. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրության 57, 58, 59, 72, 74, 84, 111 հոդվածներով, 75 հոդվածի չորրորդ, 79 հոդվածի առաջին մասերով, 83 հոդվածի 3 կետով նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 72. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:

Հանրապետության Նախագահի առարկությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 73. Ազգային ժողովում ստեղծվում են վեց մշտական հանձնաժողով, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր հանձնաժողովներ:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:

Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հոդված 74. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի կամ իր կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետըՀանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը:

Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում եւ քվեարկում է եկամսյա ժամկետում:

Պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացությամբ եւ ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված:

Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 76. Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 77. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ:

Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում եւ հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:

Հոդված 78 . Կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Ազգային ժողովը կարող է լիազորել կառավարությանը՝ ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Ազգային Ժողովի կողմից սահմանված ժամկետում եւ չեն կարող հակասել օրենքներին: Այդ որոշումներն ստորագրում է Հանրապետության Նախագահը:

Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է Ազգային ժողովի նախագահ:

Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական, ֆինանսական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովն ընտրում է Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալ:

Հոդված 80. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել կառավարությանը: Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.

3) հայտարարում է պատերազմ:

Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հոդված 82. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ՝ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

Հոդված 83. Ազգային ժողովը`

1) Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է կենտրոնական բանկի նախագահ եւ նրա տեղակալ.

2) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ, սահմանադրական դատարանի անդամներ եւ սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.

3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրան:

Հոդված 84. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնում կառավարությանը: Այդ իրավունքից չի կարող օգտվել ռազմական դրության ժամանակ կամ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված դեպքերում:

ԳԼՈՒԽ 5.

Կառավարությունը

Հոդված 85. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` վարչապետը:

Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը, վավերացնում՝ Հանրապետության Նախագահը:

Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքերում կառավարության անդամների մեծամասնության պահանջով վարչապետը հրավիրում է կառավարության նիստ եւ նախագահում այն:

Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը:

Վարչապետն ընդունում է որոշումներ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումներն ստորագրում են նաեւ դրանք իրագործող նախարարները:

Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող լինել որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք:

Հոդված 89. Կառավարությունը`

1) Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը.

5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

7) միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման, սեփականության եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ:

Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն վաթսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված:

Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը Ազգային ժողովին բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 6.

Դատական իշխանություն

Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ:

Հոդված 92. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են. առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը:Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ տնտեսական, զինվորական, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 93. Օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարանում վերանայվում են գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա:

Հոդված 94. Դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը:

Արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:

Խորհրդի կազմի մեջ մտնում են նաեւ Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ:

Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի դատավորներից: Դատավորների ընդհանուր ժողովները յուրաքանչյուր տեղի համար գաղտնի քվեարկությամբ առաջադրում են երեքական թեկնածու:

Խորհրդի դատախազ անդամների թեկնածությունները առաջադրում է գլխավոր դատախազը:

Հոդված 95. Արդարադատության խորհուրդը`

1) արդարադատության նախարարի առաջարկով կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) գլխավոր դատախազի առաջարկով կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահների թեկնածությունները, եզրակացություն է տալիս արդարադատության նախարարի ներկայացրած մյուս դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

4) եզրակացություն է տալիս գլխավոր դատախազի կողմից ներկայացված գլխավոր դատախազի տեղակալների եւ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունների վերաբերյալ.

5) առաջարկ է ներկայացնում դատավորներին եւ դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին.

6) առաջարկ է ներկայացնում դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին.

7) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության: Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս՝ արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում.

8) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:

Արդարադատության խորհրդի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը անփոփոխելի են: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին, իսկ սահմանադրական դատարանի անդամը` 70 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին:

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը:

Հոդված 100. Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով`

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների, Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով նախատեսված միջոցառումների մասին.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչականկամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Հոդված 101. Սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը.

3) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով.

4) կառավարությունը` Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքում:

Սահմանադրական դատարանը գործեր քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 102. Սահմանադրական դատարանը ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ` դիմում ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օր հետո:

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-4 կետերով նախատեսված հարցերը լուծում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ 5-9 կետերով նախատեսված հարցերը` առնվազն երկու երրորդով:

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Դատախազությունը`

1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, դատախազության մասին օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 7.

Տարածքային կառավարումը եւ տեղական ինքնակառավարումը

Հոդված 104. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը եւ համայնքները:

Մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից:

Հոդված 105. Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում:

Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու համար երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ. համայնքի ավագանի` հինգից տասնհինգ անդամով, համայնքի ղեկավար` քաղաքապետ, գյուղապետ:

Համայնքի ղեկավարը ձեւավորում է իր աշխատակազմը:

Հոդված 106. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական տուրքեր եւ վճարներ:

Հոդված 107. Մարզերում իրականացվում է պետական կառավարում:

Կառավարությունը մարզերում նշանակում եւ ազատում է մարզպետներ, որոնք իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Հոդված 108. Երեւան քաղաքն ունի մարզի կարգավիճակ:

Երեւանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության Նախագահը:

Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրականացվում է թաղային համայնքներում:

Հոդված 109. Մարզպետի ներկայացմամբ կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու դեպքում կառավարության որոշմամբ երեսնօրյա ժամկետում անցկացվում է արտահերթ ընտրություն: Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հոդված 110. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

ԳԼՈՒԽ 8.

Սահմանադրության ընդունումը, փոփոխումը եւ հանրաքվեն

Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով`

Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության առաջարկով կամ համաձայնությամբ:

Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով` Սահմանադրության 111 հոդվածով սահմանված կարգով:

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

Հոդված 114. Սահմանադրության 1, 2 եւ 114 հոդվածները փոփոխման ենթակա չեն:
 

ԳԼՈՒԽ 9.

Անցումային դրույթներ

Հոդված 115. Սույն Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա` պաշտոնական հրապարակման պահից:

Հոդված 116. Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից`

1) դադարում է 1978 թվականի Սահմանադրության, հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ, ինչպես նաեւ սահմանադրական օրենքների գործողությունը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը.

3) Հանրապետության Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Հանրապետության փոխնախագահը մինչեւ իր լիազորությունների ավարտը կատարում է Հանրապետության Նախագահի հանձնարարականները.

4) Ազգային ժողովն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Սահմանադրության 63 հոդվածի առաջին մասի, 64 հոդվածի եւ 65 հոդվածի առաջին մասի դրույթները կիրառվում են Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար: Մինչ այդ գործում են 1995 թվականի մարտի 27-ի Սահմանադրական օրենքի 4 եւ 5 հոդվածները.

5) մինչեւ սահմանադրական դատարանի կազմավորումը միջազգային պայմանագրերը վավերացվում են առանց նրա եզրակացության.

6) պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները մինչեւ Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:

Մինչեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդունումը պատգամավորների քաղաքային եւ շրջանային խորհուրդների նախագահներին անվստահություն հայտնելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին.

7) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները եւ գերագույն դատարանը մինչեւ Սահմանադրությանը համապատասխան դատարանակազմության եւ դատավարական օրենսդրության ընդունումը եւ դատական նոր համակարգի կազմավորումը շարունակում են գործել իրենց նախկին լիազորությունների շրջանակում.

8) պետական արբիտրաժը մինչեւ տնտեսական դատարանի ձեւավորումը շարունակում է գործել իր նախկին լիազորությունների շրջանակում.

9) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորների լիազորությունները երկարաձգվում են մինչեւ վեց ամիս ժամկետով, որի ընթացքում Հանրապետության Նախագահը արդարադատության խորհրդի առաջարկով երեք տարի ժամկետով նշանակում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորներ.

10) գերագույն դատարանի անդամների լիազորությունները երկարաձգվում են մինչեւ վճռաբեկ դատարանի կազմավորումը, բայց ոչ ավելի, քան երեք տարով.

11) մինչեւ դատական նոր համակարգի կազմավորումը արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հանրապետության Նախագահի կողմից նշանակված տասնմեկ անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնականներ, վեցը` դատավորներ, երեքը` դատախազներ: Խորհրդի երեքական անդամ նշանակվում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների եւ գերագույն դատարանի դատավորներից` Սահմանադրության 94 հոդվածով նախատեսված կարգով:

Խորհուրդը գլխավորում է Հանրապետության Նախագահը: Արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:

Արդարադատության խորհուրդն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.

12) մինչեւ դատախազության մասին օրենքի ընդունումը դատախազությունը իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները` գործող օրենսդրությանը համապատասխան.

13) դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները գերագույն դատարանը վերանայում է գլխավոր դատախազի, նրա տեղակալների եւ հատուկ արտոնագիր ունեցող, գերագույն դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա.

4) մինչեւ քրեական դատավարական օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը խուզարկության եւ կալանավորման նախկին կարգը պահպանվում է:

Հոդված 117. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն` «Սահմանադրության օր»: