Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2005
« Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 30-րդ հոդվածում ութերորդ եւ իններորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն՝

1) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) oգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող եւ հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն եւ հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած բանկերի եւ նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ եւ ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,

է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն. դրամ եւ ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող եւ հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող եւ հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ.

2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, իսկ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

05.01.2006
ՀՕ-5