Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.12.2005

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի երրորդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների եւ օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:

Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի հաշվարկման ճշտությունը, միեւնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների եւ թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների եւ տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունը իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության եւ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումները ընդունելու եւ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելուարդյունքում:

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին եւ կարող է դրանք օգտագործել միայն սույնօրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետեւանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում`

1) «1,0 մլրդ դրամ» բառերը փոխարինել «3,0 մլրդ դրամ» բառերով.

2) «եւ (կամ) 100,0 մլն դրամ եւ ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած» բառերը հանել.

3) «20» թիվը փոխարինել «75» թվով, իսկ «45» թիվը՝ «90» թվով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3.0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ 15 աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների եւ թարգմանիչների:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.01.2006
ՀՕ-28