Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.02.2006

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները

Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը  (աճյունը) հողին հանձնելու կամ դիակիզելու արարողություն.

գերեզմանատուն` քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու եւ գերեզմանները  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.

մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները եւ որտեղ կարող է հուղարկավորություն կատարվել միայն նախկինում հատկացված գերեզմանատեղում գերեզմանի համար ազատ տարածքի առկայության դեպքում.

փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.

պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության եւ պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.

բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ կան ազատ տարածքներ հուղարկավորություններ կազմակերպելու համար.

գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.

հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն).

վրահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իր անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն  կազմակերպելը.

վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.

դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).

մահացածի հարազատներ` պապը, տատը, ծնողները, զավակները , ամուսինը, քույրը, եղբայրը եւ թոռները:

Հոդված 3. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման  բնագավառում իրականացնում է  Սահմանադրությամբ եւ օրենքով  վերապահված լիազորություններ:

Հոդված 4. Պետական լիազոր մարմինը

Պետական լիազոր մարմինը  (այսուհետ` լիազոր մարմին) հուղարկավորությունների կազմակերպման  եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:

Հոդված 5. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների  ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող  օրենսդրությունը

Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող  օրենսդրությունը ներառում է սույն օրենքը եւ այլ իրավական ակտեր:

Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման սկզբունքները

Անձի  կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը հաշվի է առնվում` կապված հուղարկավորման տեղի եւ ձեւի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հետ:

Հոդված 7. Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը

Հուղարկավորությունների հետ կապված հարցերի պետական կարգավորումը ներառում է`

ա) գերեզմանատների տարածքների քաղաքաշինական եւ բնապահպանական մոնիթորինգի անցկացումը.

բ) գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը.

գ) գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողերի օգտագործման սխեմաների հաստատումը.

դ) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկա-վորությունները կազմակերպելու եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման գործընթացները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելը:

Հոդված 8. Հուղարկավորությունների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը  (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում  մահացածների մարմինները  2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:

Դիակիզումը կարող է իրականացվել նաեւ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:

2. Հաշվի առնելով հասարակության եւ պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:

3. Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր  նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:

Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:

Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կարգի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:

Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:

Հոդված 9. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը

Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած  քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Հուղարկավորումը եւ վերահուղարկավորումը

1. Քաղաքներում հուղարկավորումն իրականացվում է մահվան վայրի պաթոլոգիաանատոմիական կենտրոնի տված մահվան պատճառի եզրակացության հիման վրա` մահվան մասին քաղաքացիական կացության գրանցման ակտերի գրասենյակի տված, իսկ գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի  տված մահվան վկայականի հիման վրա:

2.Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի) թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:

Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված  գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:

Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձեւակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) հիման վրա:

Գերեզմանի վկայականի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5x1.0 մմ):

4.Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով,  որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով եւ չափով:

5.Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, եւ գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:

6.Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:

7.Ինքնասպանության,  անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետեւանքով տեղի ունեցած մահվան եւ մահը հանցագործության հետեւանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում  առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:

8. Հուղարկավորումը, առանց մահացածի մարմնի հերձման, կարող է իրականացվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:

9. Կայանալիք հուղակավորության մասին գերեզմանատան վարչակազմին պետք է ծանուցել մեկ օր առաջ:

10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:

Հոդված 11. Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման եւ սգո պարագաների վաճառքի կարգը

1.Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղով:

2.Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի) որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:

Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:

3.Դագաղների, սգո ծաղկեպսակների եւ սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առեւտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը:

Հոդված 12. Թաղման եւ դիակիզման կարգերը

Թաղման եւ դիակիզման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողները

1.Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:

2. Մահացածի հարազատների, ազգականների եւ այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության  մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց եւ նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:

3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում  Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:

4.Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:

5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման ստանձնման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համարվում են պատվիրակված լիազորություններ, եւ դրանց հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

6.Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաեւ այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:

Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը:

Հոդված 14. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը

1.Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանվել հուղարկավորության այլ արարողակարգ:

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` մահացածի հարազատների համաձայնությամբ:

Հոդված 15. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում  եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը

1.Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների մատուցած պարտադիր ծառայությունների ապահովումը

Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների մատուցած հետեւյալ ծառայությունները.

ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպում.

բ) դիահերձում.

գ) դագաղի հատկացում.

դ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն.

ե) հուղարկավորում.

զ) մետաղե ցուցատախտակի տեղադրում:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից վճարվում է գումար հուղարկավորման ծախսերի մասնակի փոխհատուցման համար:

Հոդված 18. Հուղարկավորության կազմակերպումն իրականացնող մարմինները

1.Հուղարկավորության կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, նրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը,  իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:

Երեւանում հուղարկավորության կազմակերպումն իրականացվում է Երեւանի քաղաքապետի կողմից` իր իրավասության սահմաններում:

2.Համայնքներում ավագանու որոշմամբ հուղարկավորության կազմակերպումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի կողմից:

Հոդված 19. Գերեզմանատների կազմավորումը եւ դրանց հողերի դասակարգումն ու պատկանելիությունը

1.Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի) որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների հիման վրա:

2.Գերեզմանատները, ըստ պատկանելիության, կարող են լինել պետական եւ համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական եւ զինվորական:

3.Գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական եւ մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:

4.Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի եւ հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:

5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման եւ այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների  (Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի)  բյուջեների հաշվին:

Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը

1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի  քաղաքապետարանի) կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետեւյալ տարածքներում.

ա) ջրամատակարարման աղբյուրների եւ հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին եւ երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.

բ) լճերի, գետերի եւ մյուս բաց ջրամբարների ափերին.

գ) ջրածածկվող, սողանքների եւ փլուզումների ենթակա եւ ճահճային գոտիներում.

դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.

ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում եւ այլ կանաչ տարածքներում:

3.Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:

4.Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար  իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

5. Գերեզմանատեղերը տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ եւ սույն օրենքով սահմանված չափերով` անվճար:

Հոդված 21. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը

1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժանելի եւ չեն կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:

2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում եւ ամրացվում են տեղանքում:

Հոդված 22. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները

1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային եւ գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:

2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում դրանց զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց եւ վերահուղարկավորում կատարելուց հետո:

Հոդված 23. Գերեզմանատների փակումը, տեղափոխումն ու վնասազերծումը

1.Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային  անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման եւ փակման:

Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն  արգելվում է:

2. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են  վնասազերծման եւ տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3.Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

4. Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:

Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:

Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները (Երեւանում` Երեւանի քաղաքապետը):

Հոդված 24. Գերեզմանատների պահպանումը եւ շահագործումը

1.Գերեզմանատների գործունեության եւ պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը (Երեւանում` Երեւանի քաղաքապետը), իսկ  շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) եւ դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

2.Գերեզմանատների զբաղեցրած տարածքների շրջակա բնական միջավայրի վատթարացումը կանխարգելելու նպատակով ստեղծվում է սանիտարական եւ բնապահպանական մոնիթորինգի համակարգ:

3.Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման եւ պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:

Հոդված 25. Գերեզմանատներից եւ դիակիզարաններից օգտվելու կանոնները

Գերեզմանատներից եւ դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 26. Oրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 27. Անցումային դրույթ

Մինչեւ սույն օրենքն  ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար համարվում է սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.03.2006
ՀՕ-40
24.10.2007 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրեն՟քում փոփոխություն կատարելու մասին
26.12.2008 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.02.2015 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
29.04.2015 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասի» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին