Russian    
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 189-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի սանկցիայում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 3-րդ մասի սանկցիայում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն օրենսգրքի 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ եւ 206-րդ հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «մեկ» բառը` «երեք» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 194-րդ հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել  «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ սանկցիան լրացնել  «, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 205-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 205. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը

1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրա-պատիկից հազարապատիկի չափով, կամ  ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով,  կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից  վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը  գերազանցող գումարը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.07.2006
ՀՕ-145