Օրենքը չի գործում:
Գործում է «Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Գործունեության տեսակները, որոնք ենթակա չեն կասեցման
  • Գլուխ 3. Գործունեության կասեցման հիմքերը , կասեցման մասին որոշուման ընդունումն ու կասեցման վերացումը
  • Գլուխ 4. Եզրափակիչ դրույթ

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի նպատակը

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, գրանցման եւ (կամ) շահագործման կանոնների խախտման դեպքերում առեւտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության կասեցման հիմքերը,  կարգը, ինչպես նաեւ գործունեության կասեցման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց,  դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի,  ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի,  ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ)  եւ  անհատ ձեռնարկատերերի վրա:

    Հոդված 3. Գործունեության կասեցման մասին օրենսդրությունը

    Գործունեության կասեցման մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ այլ իրավական ակտեր:

    Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքի հիմնական հասկացություններն են`

    գործունեության կասեցում` օրենքով լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ որոշակի տարածքում որոշակի ժամկետով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի առեւտրային գործունեության իրականացման ժամանակավորապես արգելում.

    լիազորված պետական կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ՝ լիազորված մարմին).

    գործունեության կասեցման օբյեկտ` գործունեության իրականացման վայր, որտեղ գործունեությունն օրենքով սահմանված դեպքում ենթակա է կասեցման.

    գործունեության կասեցման սուբյեկտ` կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացրել է այնպիսի գործողություն, որի համար օրենքով նախատեսվում է  գործունեության կասեցում.

    գործունեության կասեցման ժամկետ` օրենքով սահմանված ժամկետ, որի ընթացքում կասեցվում է գործունեությունը:
     

    ԳԼՈՒԽ 2

    ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ  ԿԱՍԵՑՄԱՆ

    Հոդված 5.  Գործունեության տեսակները, որոնք ենթակա չեն կասեցման

    Սույն օրենքին համապատասխան` կասեցման ենթակա չէ հիվանդանոցների եւ ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բուժօգնության եւ բուժսպասարկման ծառայությունների մատուցումը:

    ԳԼՈՒԽ 3

    ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը եւ կասեցման մասին որոշումների ընդունումը

    1. Սույն օրենքի կիրառման իմաստով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման հիմքերը սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը՝  կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում:

    3. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`

    ա) կասեցման սուբյեկտը եւ օբյեկտը.

    բ) կասեցման ենթակա գործունեության տեսակը.

    գ) կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ կասեցման ժամկետը (կասեցման առաջին եւ վերջին օրերը):

    4. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը  տրվում է կասեցման սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող  աշխատանքային օրվա  ընթացքում:

    5. Գործունեության կասեցման սուբյեկտի ղեկավարի կամ նրան  փոխարինող պաշտոնատար անձի գրավոր դիմումի դեպքում, մինչեւ գործունեության կասեցումը,  կասեցման տարածքում գտնվող՝ շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման եւ ապահովության մասին հոգալու համար լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է առավելագույնը եռօրյա ժամկետ: Այդ դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում նշված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը:

    6. Գործունեության կասեցումն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ այլ դրոշմավորման եղանակի կիրառման միջոցով: Այդ միջոցները պետք է բացառեն  գործունեության կասեցման օբյեկտ մուտք գործելը կամ  մուտք գործելու փորձ կատարելն առանց տեղադրված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն լիազորված մարմնի կողմից կամ նրա գրավոր թույլտվությամբ:

    7. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի որոշման պատճենը լիազորված մարմինը փակցնում է կասեցման օբյեկտի մուտքի մոտ՝ հաճախորդների եւ գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի  գործունեության կասեցման դեպքում լիազորված մարմնի որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

    8. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է գործունեության կասեցման սուբյեկտների կողմից գործունեության կասեցման օբյեկտում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի իններորդ մասում նշված դեպքերի:

    9. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման սուբյեկտները կասեցման օբյեկտում կարող են իրականացնել այնպիսի գործունեություն, գործառույթ կամ գործողություն,  որոնք ուղղված են կասեցման հիմքերը վերացնելուն, ինչպես նաեւ կասեցման մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելուն: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթը կամ գործողությունը կասեցման սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք կատարում են լիազորված մարմնի գրավոր թույլտվությամբ:

    10. Սույն օրենքով նախատեսված դրույթներից չբխող՝ գործունեության կասեցման մասին որոշումներն անվավեր են:

    Հոդված 7. Գործունեության կասեցման վերացումը

    1. Գործունեության կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման մասին որոշմամբ նախատեսված օրը:

    2. Եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ կասեցման համար խախտման հիմքի վերացումը, ապա կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման սուբյեկտի կողմից խախտման հիմքերը վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերը) լիազորված մարմին մուտքագրելու օրվան հաջորդող երրորդ օրը, եթե այդ ընթացքում լիազորված մարմինն այլ որոշում չի կայացնում կամ ավելի կարճ ժամկետ չի սահմանում:

    3. Գործունեության կասեցման սուբյեկտների գործունեության կասեցման ավարտի մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը:

    Հոդված 8.  Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

    1. Գործունեության կասեցման ընթացքում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն կասեցման օբյեկտում  իրականացնելու դեպքում գործունեության կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով:

    2. Տուգանքը նշանակվում է գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ:

    3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված տուգանքը,  նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարվելու դեպքում, կրկնապատկվում է:

    ԳԼՈՒԽ 4

    ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹ

    Հոդված 9.  Եզրափակիչ դրույթ

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    19.12.2006
    ՀՕ-220


    13.11.2007 «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    21.08.2008 «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
    27.11.2008 «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    08.12.2010 «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    24.11.2015 «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին