Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 25-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում «պատերազմի» բառը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:»:

Հոդված 3 . Օրենքի 32-րդ հոդվածում՝

ա) վերջին մասից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Զինծառայողը եւ նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գնի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

բ) վերջին մասի «երրորդ եւ վեցերորդ» բառերը փոխարինել «երրորդ, վեցերորդ եւ յոթերորդ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն:

Մինչեւ բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետում «վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում» բառերը փոխարինել «մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը «զինծառայողների» բառից հետո լրացնել «(ինչպես նաեւ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը)» բառերով:

Հոդված 7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-25