Armenian      
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.02.2007
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 93-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգը».

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը  սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:».

3) 4-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կամ չեղյալ հայտարարելու» բառերը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով.

«6. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու վրա:

7. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին եւ, համաձայն կառավարության տեղեկանքի (տեղեկանքների), համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք  ընդունելու մասին նախագիծը (նախագծերը):

8. Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որին միանալու որոշումն ընդունել է Ազգային ժողովը, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելը  հիմնավորող տեղեկանքով:

Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ կետի կանոնները:»։

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.03.2007
ՀՕ-124