Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդունվել է 02.03.2008

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով`

- մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,

- ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,

- երկրի կայունությունը,  միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, կարեւորելով`

- մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,

- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,

- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,

- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,

- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման  հիմք,

անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին,

զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին` այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Տ. ԹՈՐՈՍՅԱՆ

02.03.2008
Հ-1