Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդունվել է 29.04.2008

Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ,

Խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում միակ ընդունելի ուղին,

Խիստ վտանգավոր համարելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանման նպատակ հետապնդող` Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը եւ դրա կապակցությամբ միջազգային հանրության  արտահայտած մտահոգության անհասցեականությունը եւ անհետեւողականությունը,

Դատապարտելով ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները, մասնավորապես, մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փորձը,

Նկատի ունենալով Ադրբեջանի անթաքույց քայլերը` հակամարտության խաղաղ կարգավորման  բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու եւ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու ուղղությամբ,

Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացի տապալման ակնհայտ փորձ որակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ իրականացվող շանտաժը` անվստահություն արտահայտելու եւ խնդրի կարգավորման քննարկումներն այլ կազմակերպություններ տեղափոխելու վերաբերյալ սպառնալիքների ուղեկցությամբ,

Վտանգավոր համարելով Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման սկզբունքների հատվածական hրապարակումները` որպես տարատեսակ շահարկումների հնարավորություն,

Անսակարկելի եւ միջազգային իրավունքի սահմաններում անթերի համարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը եւ այդ սկզբունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը խնդրի կարգավորման ժամանակ`

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանն առաջարկում է`

- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել  ավելի նախաձեռնողական բնույթ.

- ակտիվացնել եւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերը` այդ նպատակով ներգրավելով համահայկական ներուժը, հնարավորություններն ու միջոցները.

- միջազգային իրավունքի շրջանակներում մշակել այն իրավական հիմքերը, որոնք կապահովեն առավել արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ  Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորի, հնարավորություն կտան ապահովելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը.

- բանակցությունների արդյունավետության ապահովման նպատակով ամեն ջանք գործադրել` վերականգնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը այդ գործընթացին` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ.

- նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն  Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Տ. ԹՈՐՈՍՅԱՆ

29.04.2008
Հ-2