Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.06.2008

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած  իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրն է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրությունը`

ա) տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը.

բ) զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը.

գ) նման իրադարձությունների կրկնումը բացառող  քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ  առաջարկությունների ներկայացումը:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) հարցումներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին,  այդ   թվում`  ոստիկանությանը եւ մյուս իրավապահ մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց` նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.

գ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների, այդ թվում`  միջազգային:

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների  եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ`դրանց կազմում չընդգրկված  պատգամավորներից:

Ձեւավորվելուց հետո`  եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում Լ.Տեր-Պետրոսյանին եւ այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների  համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 25-ը զեկուցում է Ազգային      ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Տ. ԹՈՐՈՍՅԱՆ

16.06.2008
Ն-086-4
22.10.2008 «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
24.02.2009 «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին