Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Գլուխ I Ընդհանուր դրույթներ
Գլուխ II Պետական պարտքի կազմը, ձեւավորման գործիքակազմը եւ ներգրավման նպատակները
Գլուխ III Պետական պարտքի կառավարումը
Գլուխ IV Պետական պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը
Գլուխ V Ներքին պետական պարտք
Գլուխ VI Արտաքին պետական պարտք
Գլուխ VII Երաշխիքներ
Գլուխ VIII Եզրափակիչ դրույթներ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) պարտքային պարտավորություն` փոխառության (այդ թվում` ներքին եւ արտաքին շուկաներում տեղաբաշխվող արժեթղթերի) կամ վարկային պայմանագրով  ստացված եւ որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ` ժամկետում չմարված տոկոսագումարը, ինչպես նաեւ տրամադրված պետական երաշխիքների գումարը.

2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

3) կառավարության պարտք` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

4) Կենտրոնական բանկի պարտք` ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների առջեւ Կենտրոնական բանկի ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

5) ներքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հանդեպ փոխառության կամ վարկային պայմանագրերի հիման վրա ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

6) արտաքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից եւ Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ  առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

7) պետական երաշխիք` որոշակի պահի դրությամբ կառավարության պարտավորությունը (բյուջետային երաշխիքը) փոխատուների եւ վարկատուների առջեւ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի պարտավորությունը ոչ ռեզիդենտ փոխատուների եւ վարկատուների առջեւ ամբողջությամբ կամ մասնակի մարելու` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ փոխառուների եւ վարկառուների կողմից վճարման ենթակա գումարները` սահմանված ժամկետներում նրանց կողմից չվճարվելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտք` Հայաստանի Հանրապետության անունից, Կենտրոնական բանկի անունից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ  առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

9) պարտքի մարում` փոխառության կամ վարկային պայմանագրի հիման վրա պարտքային պարտավորության կատարում.

10) պարտքի սպասարկում` փոխառության կամ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարի, կոմիսիոն վճարի, տուժանքի եւ այլ վճարի կատարում.

11) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների անունից.

12) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

13) ռեզիդենտ` ֆիզիկական անձինք, որոնք տվյալ տարում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել եւ պետական գրանցում են ստացել Հայաստանի Հանրապետությունում.

14) ոչ ռեզիդենտ` սույն օրենքի իմաստով ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները.

15) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկվող պարտատոմսը.

16) արտարժույթով թողարկվող պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

17) պայմանագիր` Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների կողմից կնքված փոխառության, վարկային եւ պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը եւ Կենտրոնական բանկի կողմից կնքված արտաքին փոխառության, վարկային եւ պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը.

18) ընթացիկ պարտավորություն` որոշակի պահի դրությամբ փոխառության եւ վարկային պայմանագրերով առաջիկա 365 օրվա համար նախատեսված պարտքի մարումների եւ սպասարկման հանրագումարը.

19) առաջնային տեղաբաշխում` թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից որոշակի մեխանիզմով թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.

20) առաջնային շուկա` շուկա, որտեղ իրականացվում է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը:

Հոդված 3. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակը պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ եւ հրապարակային կազմակերպման ապահովումն է:

Հոդված 4. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը  բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր,  քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 5. Պետական պարտքը

1. Պետական պարտքը կառավարության պարտքի եւ Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:

2. Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների եւ պետական հիմնարկների կողմից եւ Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից:

3. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով:

4. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաեւ այլ արժույթներով:

5. Պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա գումարները  վճարվում են ամբողջությամբ եւ ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ:

6. Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60 տոկոսը:

7. Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի  վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի  3 տոկոսը:

8.  Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:

ԳԼՈՒԽ II

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 6. Պետական պարտքի կազմը

1. Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը եւ պետական երաշխիքները: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:

2. Պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչեւ 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) եւ երկարաժամկետ (5-ից ավելի տարով):

Հոդված 7. Պետական պարտքի ձեւավորման գործիքակազմը

1. Պետական պարտքի ձեւավորման գործիքներն են`

1) ֆինանսական, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային  կազմակերպությունների հետ կնքված վարկային պայմանագրերը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը.

3) պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետեւանքով որպես պետական պարտք վերաձեւակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

5) պետական պարտքի վերաձեւակերպման պայմանագրերը.

6) պետական երաշխիքները:

Հոդված 8. Պետական պարտքի ներգրավման նպատակները

1. Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`

1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը եւ ընթացիկ իրացվելիության ապահովումը.

2) վճարային հաշվեկշռի աջակցությունը եւ պահուստների համալրումը.

3) ներքին պետական պարտքի շուկայի պահպանումը եւ զարգացումը:

ԳԼՈԻԽ  III

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Պետական պարտքի կառավարման նպատակները

1. Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձեւակերպման, մարման եւ սպասարկման ծրագրերի մշակման եւ իրականացման միջոցով` սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում:

2. Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն է  կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը:

3. Կառավարության պարտքի կառավարման նպատակներն են`

1) կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձեւավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.

2) պետական պարտքի կառավարման եւ դրամավարկային քաղաքականությունների համակարգումը:

4. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակները սահմանվում են Կենտրոնական բանկի մասին օրենքով:

5. Կառավարության պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը կիրառում է ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձեւակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ եւ այլն:

Հոդված 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները

1. Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության եւ հրապարակայնության սկզբունքներով:

Հոդված 11. Պետական պարտքը կառավարող մարմինները

1. Պետական պարտքի կառավարումն իրականացնում են լիազոր մարմինը  եւ Կենտրոնական բանկը` իր պարտքի  մասով:

2. Լիազոր մարմինը եւ Կենտրոնական բանկն իրականացնում են պետական պարտքի գրանցում, հաշվառում եւ պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար: Պետական պարտքի գրանցման եւ հաշվառման ձեւերը սահմանում են լիազոր մարմինը եւ Կենտրոնական բանկը համատեղ:

3. Լիազոր մարմինը  եւ Կենտրոնական բանկն իրավասու են վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, եթե համապատասխան պայմանագրով այն արգելված չէ:

Հոդված 12. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը

1. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական եռամյա ծրագիրը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում:

2. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները եւ հնարավոր ռիսկերի գնահատականը:

ԳԼՈԻԽ  IV

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Պետական պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացնում է տեղեկատվություն` պետական պարտքի եւ ընթացիկ պարտավորության վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈԻԽ V

ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Հոդված 14. Ներքին պետական պարտքի աղբյուրները

1. Ներքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

2) ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կառավարությանը տրամադրված  փոխառու՟թյունները եւ վարկերը.

3) ներքին պետական երաշխիքները:

Հոդված 15. Ներքին պետական պարտքի մարումը

1. Ներքին պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են պայմանագրերով նախատեսված բոլոր պայմանները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:

Հոդված 16. Ռեզիդենտների կողմից կառավարությանը տրվող փոխառու միջոցները

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից փոխառությունների եւ վարկերի ստացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

2. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:

3. Բացառությամբ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների, ռեզիդենտներից կարող են ներգրավվել փոխառու միջոցներ (փոխառություններ եւ վարկեր)` նույն ժամկետայնության պետական գանձապետական պարտատոմսերի նախորդ 3 ամիսների առաջնային տեղաբաշխումների ընթացքում ձեւավորված միջին կշռված եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:

Հոդված 17. Պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումը

1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին:

Հոդված 18. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը

1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշները եւ դրանց համապատասխան` ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Չափանիշները բնութագրում են վերջին մեկ տարում թեկնածուների ֆինանսական վիճակը եւ ֆինանսական շուկայում նրանց գործունեությունը: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հրապարակայնությունը:

2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնին  տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:

ԳԼՈՒԽ VI

ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Հոդված 19. Արտաքին պետական պարտքը

1. Արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը կնքվում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Լիազոր մարմնի համաձայնությունը տրվում է` հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

Հոդված 20. Արտաքին պետական պարտքի աղբյուրները

1. Արտաքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, վարկավորող բազմակողմ հաստատություններից փոխառությունները եւ վարկերը.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից փոխառություն՟ները եւ վարկերը.

3) ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) արտաքին պետական երաշխիքները:

Հոդված 21. Արտաքին պետական պարտքի մարումը

1. Արտաքին պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

ԳԼՈԻԽ VII

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Հոդված 22. Ներքին եւ արտաքին պետական երաշխիքները

1. Ներքին պետական երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին տրամադրված  բյուջետային երաշխիքներն են:

2. Արտաքին պետական երաշխիքները ոչ ռեզիդենտներին եւ օտարերկրյա պետություններին Հայաստանի Հանրապետության եւ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պետական երաշխիքներն են:

3. Եթե միեւնույն պարտավորության համար միաժամանակ երաշխիք են տրամադրել կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, ապա պետական պարտքի կազմում հաշվառվում է դրանցից մեկը (առավելագույնը):

Հոդված 23. Կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը

1. Պետական երաշխիքներ կարող են տրամադրվել լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

2. Համայնքների համար պետական երաշխիքների տրամադրման դեպքերը եւ կարգը սահմանում է կառավարությունը:

3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ եւ վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը եւ ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաեւ վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը եւ ծախսերը հիմնավորող հաշվարկները:

4. Պետական երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի  ակտիվների 20 տոկոսը:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է  վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

6. Լիազոր մարմինն իրավասու է մինչեւ վարկի մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:

7. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով եւ արտացոլվում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում:

8. Կառավարության կողմից Կենտրոնական բանկի համար տրամադրված արտաքին պետական երաշխիքը հաշվառվում է որպես Կենտրոնական բանկի պարտք:

9. Որոշակի պահի դրությամբ տրամադրված եւ չմարված պետական երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:

ԳԼՈՒԽ VIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող պայմանագրերի վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2008
ՀՕ-78
26.12.2008 «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.06.2015 «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
28.09.2016 «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին