Armenian English      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական եւ անասնաբուծական արտադրանք,  արտադրողների  համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների  մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման եւ  օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2 . Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը

1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Գյուղատնտեսական հաշվառման նպատակները

1. Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`

1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական եւ դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային եւ համայնքային կտրվածքով.

2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման  ամբողջական համակարգի ձեւավորումը.

3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձեւավորումը.

4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

Հոդված 4. Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում  է տասը տարին մեկ:

2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ոչ ուշ,  քան  գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:

3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական եւ մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը եւ հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:

5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական եւ այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:

7. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը եւ անցկացումը  պատշաճ կարգով կազմակերպելու համար:

Հոդված 5. Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները եւ նրանց պարտականությունները

1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական եւ սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:

Հոդված 6. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները եւ նրանց պարտականությունները

1. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման եւ հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`

1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին եւ ստանդարտներին.

2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.

3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:

Հոդված 7. Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը

1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման եւ ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման  մասին օրենսդրությունը  խախտելու համար

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման  լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման  սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական եւ այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

3. Գյուղատնտեսական հաշվառման  հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2008
ՀՕ-208
18.05.2015 «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին