Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող հողի հարկ  վճարող  ֆիզիկական  անձանց  վրա:

Հոդված 2. Մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի  31-ը համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարած  ֆիզիկական անձինք ազատվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:

Հոդված 3. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի նկատմամբ նախորդ երեք տարիներին հաշվարկված եւ վճարված տույժերի եւ տուգանքների գումարները հաշվանցվում են հարկատուների` հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 4. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնություններով նախատեսված գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.04.2009
ՀՕ-79
10.06.2010 «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին