Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 135.1-րդ  հոդվածով.

«Հոդված 135.1. Տրանսպորտում ծխելը

Հասարակական` ավտոմոբիլային, օդային, ջրային, էլեկտրական եւ երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  173.2-րդ  եւ 173.3-րդ հոդվածներով.

«Հոդված 173.2 . Ծխելն արգելող կանոնները խախտելը

Կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում,  օդակայաններում, ավտոբուսի եւ գնացքի կայարաններում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 173.3. Ծխախոտի օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների եւ (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «172,» թվից հետո լրացնել «173.2» թվով,  2- րդ կետը «133» թվից հետո` «, 135.1» թվով:

Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բառերով. «, ինչպես նաեւ  սույն օրենսգրքի 173.2 եւ 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով»:

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի «152-րդ հոդվածով» բառերը փոխարինել «152-րդ  եւ 173.3-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.04.2009
ՀՕ-89